Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3 բայտ, 18:04, 12 Օգոստոսի 2015
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
Մշուշապատ Լեռների ստորոտում գտնվող ամրոցը, որը մարդիկ անվանել էին Իզենգարդ, արդեն հազարավոր տարիներ վեր էր խոյանում Կախարդական հովտում: Այն հայտնվել էր այն նույն ժամանակ, երբ առաջացել էին լեռները, բայց նումենորցի վարպետները ջանք չէին խնայել ամրոցը կատարելության հասցնելու համար, և Սարումանն էլ, որ բնակություն էր հաստատել այստեղ անհիշելի ժամանակներից, ձեռքերը ծալած չէր նստել:
Ահա թե ինչ տեսք ուներ Իզենգարդը, երբ այնտեղ, իր հզորության գագաթնակետին, բնակություն հաստատեց Սարումանը՝ դառնալով բոլոր հրաշագործների և կախարդների գերագույնը: Վիթխարի պատը, նման ուղղաձիգ ժայռերի շղթայի, հեռանում էր լեռնաշղթայից, պտտվում ամրոցի շուրջը և նորից խրվում լեռան կողը: Պատի մեջ՝ հարավային կողմում, փորված էր միակ մուտքը՝ մեծ, կիսաշրջանաձև դարպասը: Սև ժայռի միջով ձգվում էր երկար թունելը՝ երկու կողմերից փակված հզոր, երկաթակուռ դռներով: Պողպատյա ծխնիները մեծ սեպերով ամրացված էին հենց ժայռից, և դարպասի դռները այնքան սահուն էին գնում-գալիս, որ ձեռքի թեթև հպումովհրումով, և ամենակարևորը՝ անաղմուկ, կարելի էր առանց դժվարության բացել դարպասը: Արձագանքող թունելի մյուս կողմում հսկայական շրջանաձև տարածություն էր բացվում, նման թավայի կամ կաթսայի, որի մի ծայրից մյուսը կլիներ մոտ մեկ լիգ: Մի ժամանակ այդ թավան ծածկված էր կանաչ այգիներով, իսկ դրանց միջով ձգվում էին գեղեցիկ ծառուղիները, և ամեն տեղ լսվում էր սարերից իջնող առվակների քչքչոցըը, որոնք թափվում էին կապուտակ լիճը: Բայց Սարումանի տիրակալության վերջին տարիներին կանաչն առհասարակ վերացել էր: Ծառուղիները վեր էին ածվել մեծ, մուգ քարերով սալարկված ուղիների, որոնց երկայնքով ծառերի փոխարեն շարքերով ձգվում էին մարմարե, պղնձե և երկաթե սյուները՝ կապված միմյանց ծանր շղթաներով:
Իզենգարդի պատերը վեր էին ածվել բնակելի տների: Ներսի կողմից պատերի մեջ բազմաթիվ սենյակներ, սրահներ և միջանցքներ էին փորված, և այժմ մերկացած թավայի ներսում պատերի վրա սևին էին տալիս անթիվ-անհամար դռների և լուսամուտների բացվածքները: Ժայռի մեջ փորված այդ քաղաքում հազարավոր բնակիչներ էին ապրում՝ աշխատավորներ, ստրուկներ, մարտիկներ, իսկ ստորգետնյա նկուղներում բազմանում էին գայլերը: Այնտեղ էին գտնվում նաև տրաքվելու աստիճան լցված զինանոցները: Թավայի հատակը նույնպես ամբողջովին փորված էր: Ստերգետնյա հորերն ու անցումները՝ ծածկված ցածր գմբեթներով, բավականին խորն էին իջնում գետնի տակ, և լուսնի շողերի ներքո Իզենգարդը նմանվում էր վիթխարի գերեզմանոցի, որտեղ ասես արթնացել էին մեռյալները, քանզի թավայի հատակը անընդհատ բզզում ու ցնցվում էր: Պարուրաձև աստիճանները իջնում էին խորը ընդերքը, որտեղ գտնվում էին գանձարանները, պահեստները, զինանոցները, դարբնոցները և հսկայական վառարանները: Այնտեղ անդադար պտտվում էին երկաթյա անիվները և որոտում էին մուրճերը: Գիշերները հատակի անցքերը թանձր քուլաներով ծուխ էին ժայթքում՝ լուսարձակելով կարմիր, կապույտ, կամ թունավոր-կանաչ գույներով: Շղթայակապ ուղիները տանում էին թավայի կենտրոնը, որտեղ անսովոր տեսքով մի աշտարակ էր վեր խոյանում: Այդ աշտարակը կառուցել էին այն նույն հնագույն շինարարները, որոնք կտրել-փորել էին Իզենգարդը շրջապատող ժայռերի պարիսպը, բայց, ամեն դեպքում, դժվար էր հավատալ, որ այն մարդու ձեռքով է ստեղծված: Թվում էր, թե հին ժամանակներում այն ստեղծել են լեռները՝ իրենց մարմնից ու ոսկորից: Սև, փայլուն աշտարակը բաղկացած էր չորս հզոր, բազմանիստ սյուներից, որոնք ամենավերևում բաժանվում էին չորս սրածայր գագաթների, նման դաշույնների շեղբերի: Այդ գագաթների մեջտեղում, գետնից հինգ հարյուր ֆուտ բարձրության վրա, մի փոքրիկ դիտահարթակ կար, որի հատակը ծածկված էր տարօրինակ նշաններով: Օրթհանք՝ այդպես էր կոչվում Սարումանի մռայլ աշտարակը, որը, կա՛մ պատահականորեն, կա՛մ ճակատագրի բերումով, էլֆերեն նշանակում էր Սար-Ժանիք, իսկ ռոհաներեն՝ Խորամանկ Միտք:
— Ոչ, հարգարժան սըր, տիրակալ Սարումանը չափազանց զբաղված է նման մանրուքների համար,— լուրջ դեմքը պահպանելով պատասխանեց Մերին: — Վերջին ժամանակներս նա նույնիսկ կարճ հանգստի ժամանակ չունի: Մենք այստեղ կանգնած ենք ոմն Ծառմորուսի կարգադրությամբ, ով Իզենգարդի այժմյան կառավարիչն է: Նա կարգադրել է մեզ դիմավորել Ռոհանի տիրակալին պատշաճ խոսքերով: Հուսով եմ համեստ ունակություններս թույլ տվեցին կատարել ինձ վստահված պարտականությունը:
-Իսկ ընկերները հեչ հա՞, ես ու Լեգոլասը, ոնց հասկացա,— այլևս չկարողանալով իրեն զսպել բացականչեց Ջիմլին: — Ա՜խ դուք անպիտաննե՛ր, ա՜խ դուք փրչոտ ոտքերով ծույլիկնե՛ր: Ա՛յ թե վազեցինք մենք ձեր պատճառով երկու հարյուր լիգ անտառներով, դաշտերով ու ճահիճներով: Մենք անցանք պատերազմի ու մահվան միջով, որ փրկենք ձեզ, իսկ դուք, պարզվում է, այստեղ փռված քեֆ եք անում ձեզ համար, ասես ոչինչ չի եղել, ու դեռ մի բան էլ ծխու՜մ եք: Եվ որտեղի՞ց եք ծխելու խոտ հայթայթել, անպիտաննե՛ր: Այ քեզ, մուրճ ու աքցան: Եթե բարկությունից և ուրախությունից չպայթեմ, դա կլինի իսկական հրա՛շք:
— Լավ ես ասում, Ջիմլի,— ծիծաղեց Լեգոլասը: — Միայն թե սկզբում ես կհետաքրքրվեի, թե որտեղի՞ց նրանց գինին:
Վստահելի
1342
edits