Changes
/* Գաղտնի հավաքույթ */
― Ուրեմն այսպես, ― ասաց Ձերժինը։ ― Սա պրովոկացիա չէ։ Հավատում ես, թե ոչ, բայց վախենալու պատճառ չունես։ Միևնույն է Գլխավոր Հնգանկյունին դատապարտել է քեզ մոռացության։ Եթե մենք նույնիսկ սադրիչներ դուրս գանք, ավելի վատ բան չենք կարող անել։ Այնպես որ, վստահիր մեզ, արի խմենք, հետո կխոսենք։
===Զրույց Ձերժինի հետ===
Մենք զրուցեցինք նկուղի կաբեսոտում։ Ճիշտն ասած, այդ խոսակցությունը ես համարյա չեմ հիշում։ Բայց ահա թե ինչ ասաց Ձերժինը։ Մոտենում են շատ լուրջ իրադարձություններ։ Ամբողջ Մոսկորեպում և Առաջին օղակի մեծ տարածքում հասունանում է բնակիչների դժգոհությունը կոմունիստական և սոցիալիստական կարգերով։ Սիմիտների շարժումը այնքան է ծավալվել, որ կարող է անկառավարելի դառնալ։ Միևնույն ժամանակ ԲԵԶՈ֊ի աշխատակիցները («Կամ այլ կերպ ասած․ ՑՌՈՒ֊ի, ― ասաց Ձերժինը։ Հասկացիր ուզածիդ պես») ստացել է ճշգրիտ տեղեկություններ, որ շվեյցարական բժիշկները սկսել են Սիմիչին հալեցնել։ Հավանական է, որ դրանից հետո նա գա այստեղ։ Նրա գալուստը անխուսափելի է, բայց իշխանությունները պատրաստվում են դիմադրել։ Դա պետք է կանխել։ Անհրաժեշտ է նրանց ուշադրությունը շեղել։
― Բայց ինչպե՞ս, ― հարցրի ես։
― Դու պետք է զիջումների գնաս, որպեսզի նրանք կենտրոնանան քո հոբելյանի վրա։ Դա նրանց այնքան է պետք, որ նրանք վերջին ուժերը կգործադրեն, իսկ մենք դրանից կօգտվենք։
― Ովքե՞ր դուք, ― հարցրի ես։ ― Անձամբ դու՝ ո՞վ ես։ ԲԵԶՈ֊ի գենելալ, ՑՌՈՒ֊ի գործակալ, թե՞ սիմիտ։
― Դա կարևոր չէ, ― թափ տվեց նա ձեռքը։ Այս երկրում ոչ ոք չգիտի, թե իրականում ով է ինքը։ Համենայն դեպս, դու պետք է այնպիսի զիջումների գնաս, որպեսզի նրանք հավատան։ Բայց լավ կլինի, եթե Սիմը մնա թեկուզև ուրիշ անունով։
― Բայց դու հասկանո՞ւմ ես, որ անձամբ ես Սիմի հայացքները չեմ կիսում և չեմ ուզում օգնել նրա վերադարձին։ Ավելի լավ է, ես նրան ջնջեմ։
― Արդեն ուշ է, ― տխուր ասաց Ձերժինը։