Changes
/* Զրույց Ձերժինի հետ */
― Արդեն ուշ է, ― տխուր ասաց Ձերժինը։
===Հոբելյանը===
Ամենուրեք տիրում էր իսկական խառնաշփոթ։ Անցագրերը ստուգում էին, սկսած Զգոնության հրապարակից։ Մեծ թատրոնի մոտ կանգնած էին վնուբեղի հեծյալները, իսկ Միությունների տուն կարելի էր ընկնել միայն անցնելով երկու շարք ավտոմատավորներից կազմված միջանցքով։ Ինձ ուղեկցում էին ԲԵԶՈ֊ի երկու փոխգնդապետներ։ Նրանցից մեկը Մոսկորեպի կրկնակի հերոս էր։ Նա ինձ ասաց, որ իր մարտական շքանշանները ստացել է Բուրյատ֊Մոնղոլական պատերազմի ժամանակ պատնեշային ջոկատներ ստեղծելու համար։ (Ես նրան կտայի Հերոսի երրորդ աստղը, միայն նրա համար, որ նա գտավ և վերադարձրեց ինձ իմ կոշիկները, որոնք, ես ճիշտ էի կռահել, գողացել էր «Սոցիալիստական» հյուրանոցի հերթապահը)։
Երևում է շատ լուրջ ընդունելով իմ տարիքը, երկու փոխգնդապետները բռնել էին արմունկերս, որ վայր չընկնեմ։ Կրկնակի հերոսը հոգատարությամբ զգուշացնում էր, երբ առջևվում հանդիպում էր փոս կամ աստիճան։
Սյունավոր դահլիճը արդեն լեփ֊լեցուն էր։ Բազմաթիվ հանդիսատեսներ զբաղեցրել էին պարտերը և պատշգամբները։ Կողքի դռնից ինձ տարան կուլիսների ետևը և ես հայտնվեցի համընդհանուր նյարդային մթնոլորտում։ ԲԵԶՈ֊ի աշխատակիցների հսկողության տակ բեմի բանվորները տեղափոխում էին դեկորացիների մասերը։ Երևի հանդիսավոր մասից հետո նախատեսված էր համերգ, որովհետև ես տեսա բազմաթիվ ծանոթ դերասաններ։ Ձախ կուլիսի մոտ ելույթի էր պատրաստվում փոքրիկ կարապների երամը։ Ակրոբատներ Նեժդանովները անտարբեր դեմքերով նստած էին դեմ֊դիմաց աթոռների վրա, իսկ ճաքած հայելու առջև իրեն կարգի էր բերում և իրենով հիանում Զիրկա Նեչիպորենկոն։
― Զդորովենկի բուլի, ― ասացի ես նրան։
Նա ցնցվեց, շրջվեց և ճանաչելով ինձ շատ լուրջ ասաց․
― Սլագեն։
Այդ ժամանակ հայտնվեց մտահոգված Սմերչևը։
― Հենց նոր Հոբելյանական Հնգանկունի հասցեով եկել է հեռագիր, ― ասաց նա և մեկնեց ինձ դեղին թերթիկը, որի վրա գրված էր հետևյալը․
«Շարժվում եմ դեպի Մոսկվա։ Ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար առաջարկում են վայր դնել զենքերը և չդիմադրել։ Սիմ»։
― Տեսնո՞ւմ եք, ― տխուր ժպտաց Սմերչևը։ ― Իսկ դուք ասում էիք, որ այդ բոլորը հնարել եք։
Ես մի անգամ էլ կարդացի հեռագիրը։
― Սատանան գիտե, թե ինչ է, ― մրթմրթացի ես։ ― Մետաֆիզիկա, կանտիանություն և հեգելյանություն։ Հետո շրջվեցի Սմերչևի կողմը։ ― Ոչինչ, Կոմունիյ Իվանովիչ, ― փորձեցի ես հանգստացնել նրան։ Շատ մի հուզվեք և պահպանեք ձեր նյարդային համակարգը։ Հիմա մենք այդ Սիմին կվերացնենք։
Մենք բեմ դուրս եկանք և դահլիճը դիմավորեց մեզ բուռն ծափահարություններով։ Ինձ բնականաբար, նստեցրեցին պրեզիդիումում Սմերչևի և Ձերժինի միջև։ Դահլիճի մթնորոտը լարված էր, բայց ամեն ինչ գնում է նախորոք որոշված ծրագրով։
Ձերժինը հայտարարեց Մոսկորեպի աշխատավորների հանդիսավոր նիստը բացված և խոսքը տվեց Սմերչևին։
Սմերչևը դուրս եկավ ամբիոնի մոտ։ Համառոտ, բայց շատ գունագեղ նկարագրեց կյանքիս ուղին, թվարկեց գրական նվաճումներս, նշեց ներդրումս Գենիալիսիմուսիանայի մեջ, որի հետ կապեց իմ այս վեպը։
Բայց այս վեպը, ― ասաց նա, Երրորդ Օղակի քարոզչական մարմինները և էլի մի քանի մարմին, օգգագործում են զրպարտություններ տարածելու համար։ Պնդում են, որ գլխավոր հերոսը մի ոմն Սիմ է, չնայած հայտնի է, որ ոչ մի Սիմ գոյություն չունի։ Սակայն այդ ամենի մասին ավելի լավ կպատմի ինքը հեղինակը։
Ես դուրս եկա ամբիոնի մոտ։ Ես հուզվում էի։ Ես զգում էի, որ ստացվում է ոչ թե տոն, այլ հարցազրույցի նման մի բան։ Այդպիսի հարցազրույցներ մեր ժամանակ կազմակերպվում էին զղջացող դիսիդենտների և լրտեսների համար։
― Հարգելի ընկերներ, ― սկսեցի ես դողացող ձայնով։ ― Թանկագին կոմսորներ, պարոնայք և տիկնայք։ Նախ ես ուզում եմ իմ խորին շնորհակակությունը հայտնել այս հիասքանչ երեկոյի կազմակերպիչներին։ Առաջին հերթին մեր պարտիային, նրա Գերագույն Հնգանկյունուն, ԲԵԶՈ֊ին, ― ես խոնարհվեցի Ձերժինին, ― կրոնական մարմիններին՝ խոնարհվեցի Զվեզդոնիին, բայց միաժամանակ ամբիոնի ետևից նրան երեք մատներիս համակցությունը ցույց տվեցի և, բնականաբար, մեր փառապանծ, թանկագին, սիրելի և անկրկնելի Գենիալիսիմուսին։ ― Ես բարձրացրի աչքերս դեպի ջահը և աստղակնքվեցի։ ― Ես ապրել եմ շատ երկար կյանք, որի մեծ մասը սակայն անգիտակից էի։ Պետք է ընդունեմ, որ կյանքիս ընթացքում թույլ եմ տվել շատ աններելի, համարյա թե աննուղղելի սխալներ։ Օրինակ, իմ գրքերը ես գրում էի հարբած վիճակում, հաշվի չառնելով պարտիայի, ժողովրդի և ազգային անվտանգության օրգանների սպասումները։ Հետամնաց հայացքների տեր լինելով, հաճախ չէի նկատում մեր կյանքի լավ կողմերը, հեղափոխական առաջնթացը և աղավաղում էի իրականությունը իմ անդրօվկյանոսյան տերերին հաճույք պատճառելու համար։ Վերջին գրքում ես մեծ տեղ էի տվել մի ոմն Սիմի, որը իբր թե թագաժառնգ է։ Իսկ իրականում, ոչ մի Սիմ էլ երբեք գոյություն չի ունեցել։ Ես նրան ուղղակի հնարել եմ, կամ այլ կերպ ասած, մատիցս եմ ծծել։ Այ այսպես։ Ես խցկեցի բերանս մեծ մատս և սկեցի բարձր չփչփացնել միկրոֆոնի մեջ։
Ինձ թվաց, որ մատուցման այս ձևը հանդիսատեսին դուր եկավ։ Դահլիճը ծիծաղեց, ոմանք նույնիսկ ծափահարեցին։
Ես նայեցի այն կողմը, որտեղից ծափեր էին լսվում և ասացի․
― Չեմ հասկանում, որտեղի՞ց այս անլուրջ վերաբերմունքը իմ խոսքերին։ Ես գիտեմ, որ ձեր մեջ կան մարդիկ, այսպես կոչված սիմիտներ, որոնք հույս ունեն երկրորդ հայտնության նման մի բանի, բայց․․․ այստեղ ես ավելի բարձր սկսեցի խոսել և բարձրացրեցի մատս՝ ձեր հույսերը իզուր են, պարոնայք։ Բանն այն է, որ ոչ մի Սիմ այլևս չկա։
Ես լսեցի ծափահարություններ։ Այդ ծափահարում էր պրեզիդիումը։ Սմերչևը, Սիրոմախինը, Պրոպագանդա Պարամոնովնան և հայր Զվեզդոնին։
Բայց հանդիսականները լարված ու անբայրացակամ լռում էին։ Հետո լսվեց ինչ֊որ անհասկանալի աղմուկ։ ԲԵԶՈ֊ի աշխատակիցները, որոնք տեղավորված էին պատերի տակ, սկսեցին ուշադիր նայել հանդիսականներին։
― Այո, թանկագին կոմունյաններ և կոմունյաննկաներ, ― ասացի ես, որոշ դադրից հետո։ ― Վերանայելով իմ վեպը, ես որոշեցի արմատապես վերամշակել այն և առաջին հերթին ոչնչացնել Սիմին և ուղարկել նրան գրողի ծոցը։
Պրեզիդիումը ծափահարում էր ոտքի վրա կանգնած։ Դահլիճում մարդիկ լռում էին։ Մի քիչ ջուր խմելով բաժակից, ես լռեցի և հետո կամաց ասացի․
― Բայց ցավոք սրտի, այժմ էլ ինձ չհերիքեց սկուզբունքայնությունն ու վճռականությունը, և ես չկարողացա ամբողջովին նրան ոչնչացնել։ Ես փոխեցի նրա անունը և հիմա նա կկոչվի ոչ թե Սիմ, այլ Սեռաֆիմ։
Երբ արտասանում էի այս բառերը, չէի կարող պատկերացնել, որ նրանք այդքան կազդեն լսարանի վրա։ Նույնիսկ պրեզիդիումի անդամները, դա չէին կանխատեսում։ Բայց հանդիսատեսը հանկարծ հուզվեց, առաջին շարքից մինչև վերջին՝ աղմկեց։ Ես լսեցի, որ մարդիկ հարցնում էին։
― Ի՞նչ։ Վի՞մ։ Խերուվի՞մ։
Հանկարծ մեկը դահլիճի կենտրոնից բղավեց․
― Կեցցե՜ Սեռաֆիմը։
Եվ միանգամից բարձրացավ անասելի աղմուկ։ Բեզո֊ի գործակալները, անջատվելով պատերից, նետվեցին դահլիճի կենտրոնը, որպեսզի բռնեն բղավողին։ Բայց արդեն բղավում էր ոչ թե մի մարդ, այլ համարյա ամբողջ դահլիճը։ Հանկարծ, հետևի շարքերից բարձրացավ երկու փուչիկներին ամրացված մի մեծ պաստառ, որի վրա գրված էր «Սեռաֆիմ»։
Գործակալները գժվել էին։ Բղավող մարդկանց բռնելու փոխարեն, նետվեցին պաստառի կողմը։ Նրանք բարձրանում էին նստարանների մեջքին, հանդիսատեսների ուսերին, ոմանք այնքան բարձր էին ցատկում, որ կարող էին ռեկորդ հաստատել ցատկերի մեջ փակ տարածություններում։ Պետք է նշել այն փոխգնդապետի սառնարյունությունը, որը Մոսկորեպի կրկնակի հերոս էր։ Նա չկորցրեց իրեն ընդհանուր խառնաշփոթի մեջ։ Միանգամից հանեց ատրճանակը և երկու ճշգրիտ կրակոցով ծակեց փուչիկները։ Պաստառը սկսեց դանդաղ իջնել, ճոճվելով և հանդիսատեսին ներկայացնելով պայթուցիկ բառի տարբեր վանկերը․ մեկ «ՍԵ», մեկ «ՌԱ», մեկ «ՖԻՄ»։ Այդ նույն ժամանակ մյուս փոխգնդապետը (որը հերոս չէր) ինչ֊որ թուղթ ձեռքին մոտեցավ Կոմունիյ Իվանովիչին․
― Հեռագիր Ժնևից։
Ես աննկատ մոտեցա Սմերչևին և նայեցի ուսի վրայից։ «Գալիս եմ Մոսկվա։ Ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար, առաջարկում եմ վայր դնել զենքը և դիմադրություն ցույց չտալ։ Սեռաֆիմ»։
«Տես դու, ― մտածեցի ես։ Նրան եթե նույնիսկ գիշերային սափոր անվանես, նա միևնույն է իր ուզածին կհասնի»։
Հիմա արդեն լավ չեմ հիշում, թե ինչ հերթականությամբ ամեն ինչ տեղի ունեցավ։ Հետո իմացա, որ լուրերը Սեռաֆիմի մոտալուտ ժամանումի մասին անհապաղ տարածվեցին ողջ Մոսկորեպում։ Սկսվեցին խռովություններ։ Ինչպես հաճախ է լինում այդպիսի դեպքերում, քաղաքացիները սկսեցին դժգոհություն ցուցաբերել առանց որևէ լուրջ պատճառի։ Օրինակ, ձեռնարկություններից մեկում իմ հոբելյանի արթիվ բանվորներին բաժանում էին մի֊մի կիլոգրամ երշիկ, որը կոչվում էր «Երշիկ դելիկատեսային ձկան ալյուրից»։ Մի կոմունյանկա, համը տեսավ և ասաց․ «Քաղաքացիներ, սա կեղտ է»։ Մյուս կոմունյանները նույնպես ուշադրություն դարձրին, որ այդ առաջնային դելիկատեսը նման է երկրորդականի։ Կարծես նախկինում դա չէին նկատել և բազմաթիվ անեկդոտներ չէին հնարել։ Ես մտածում եմ, որ նրանք այնպիսի վիճակում էին, որ եթե նույնիսկ նրանց տային իսկական հունգարական սալյամի, նրանք այդ առաջնային դելիկատեսը նույնպես կընդունեին երկրորդական մթերքի տեղ։ Ապստամբությունը տարածվեց նաև այլ ձեռնարկություններում։ Այն իհարկե կարելի էր ճնշել, բայց ինչ֊որ տեղ Նովո Կալուգյան պահակակետի շրջանում քաղաք ներխուժեցին Առաջին օղակի սիմիտները։ Նրանք նետվեցին պրեկոմպիտներ, և կարիքների բավարարման այլ կետեր, բայց նրանց սպասում էր մեծ հիասթափություն։ Նրանք կարծում էին, որ մոսկորեպցիները սնվում եմ բացառապես մրգով և պլոմբիրով։ Բայց նրանց հիասթափությունը այնքան մեծ էր, որ առաջին օղակային և մոսկորեպյան սիմիտները միավորվեցին և սկսեցին ջարդուփշուր անել ամեն ինչ։