Changes
Այս ամենը տեղի ունեցավ վեց տարի առաջ։ Այդ ընթացքում, ինչ խոսք, նրանց այնպես էլ չհաջողվեց գտնել գոյություն չունեցող դինամիտը, թեև հազար֊հազար անգամ նրանք քչփորեցին ամբողջ բանտը դինամիտ գտնելու հույսով։ Բայց և այնպես, բանտապետի իր պաշտոնն զբաղեցնելու ընթացքում մինչև վերջին րոպեն Ազերթոնը հավատում էր դինամիտի գոյությանը։ Կապիտան Ջեմին, որն հիմա էլ աշխատում է որպես ավագ վերակացու, մինչև այսօր էլ համոզված է, որ դինամիտը գտնվում է բանտի ծակուծուկերից մեկնումեկում։ Հենց երեկ էլ նա կտրել անցել էր Սեն֊Քվենտինից մինչև Ֆոլսեմ ընկած ճանապարհը, մեկ անգամ ևս ինձ խոստովանեցնելու համար, որպեսզի իմանա այդ գաղտնարանի տեղը։ Ես գիտեմ. նա հոգեպես չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ ինձ չեն կախել։
== Գլուխ III ==
Ամբողջ օրը մենախցում նստած գլուխ էի կոտրում՝ ջանալով հասկանալ, թե ինչի՞ համար եմ արժանացել այդ նոր ու անիրավ պատժին։ Ի վերջո, ես հանգեցի միակ հավանական եզրակացության. որևէ մատնիչ, բանտի տնօրինության հովանավորությունը ձեռք բերելու նպատակով, ինձ վերագրել է բանտային կարգուկանոնի խախտում։
Մինչ այդ, կապիտան Ջեմին, սպասելով գիշերվան, գտնվում էր սաստիկ անհանգիստ վիճակում, իսկ Ուինվուդը քառասուն ցմահ բանտարկյալներին հայտնեց, որ նրանք կազմ ու պատրաստ լինեն փախուստի համար։ Գիշերվա ժամը երկուսին բանտի ողջ պահակախումբն արդեն ոտքի վրա էր և պատրաստ՝ հետագա գործողությունների համար։ Բոլոր վերակացուները, նույնիսկ ցերեկային հերթափոխը, որը սովորաբար այդ ժամին քնած էր լինում։ Երբ խփեց ժամը երկուսը, նրանք խուժեցին քառասուն ցմահ բանտարկյալների խցերը։ Նրանք ներխուժեցին միաժամանակ։ Դռներն հանկարծ բացվեցին կրնկի վրա, և բոլոր քառասուն հոգին էլ, որոնց անունները տվել էր Ուինվուդը, բոլորը, առանց բացառության, պարզվեց, որ հագնված են. ոչ ոք իր մահճին պառկած չէր, բոլորն էլ սպասման մեջ թաքնվել էին դռների հետևում։ Բնականաբար, այսքանն էլ բավական էր անհերքելի կերպով հաստատելու այն նենգահյուս ստի ցանցը, որի մեջ դրամանենգ բանաստեղծը խճողել էր կապիտան Ջեմիին։ Քառասուն բանտարկյալներն էլ բռնվել էին հանցանքի վայրում, փախուստի համար կազմ ու պատրաստ վիճակում։ Հետագայում ի՞նչ նշանակություն կարող էին ունենալ նրանց միաբերան պնդումները, որ փախուստի ծրագիրը հղացել է Ուինվուդը։ Բանտային ողջ ղեկավարությունր վստահ էր, որ քառասուն բանտարկյալներն էլ ստում են, որպեսզի կարողանան փրկել իրենց մաշկը։ Ներումներ շնորհող հանձնախումբը ևս վստահ էր դրանում, և երեք ամիս էլ չանցած, դրամանենգ ու բանաստեղծ, մարդկանց մեջ ամենանողկալի Սեսիլ Ուինվուդին ներումն շնորհվեց։
Ինչ արած. փիլիսոփայի համար բանտը լավ փորձություն է և լավ դպրոց։ Ով մի քանի տարի նստել է, նա անպայման տեսած կլինի, թե ինչպես են փոշիանում իր ամենանվիրական պատրանքները և ինչպես են պայթում մետաֆիզիկայի գեղատեսիլ իմաստական օճառապղպջակները։ Ճշմարտությունն անմահ է, սովորեցնում են մեզ. վաղ թե ուշ հանցագործությունը ջրի երես դուրս կգա։ Ուրեմն, ահավասիկ մի ապացույց, որ հանցագործությունը ոչ միշտ է ջրի երես դուրս գալիս։ Ավագ վերակացուն, բանտապետ Ազերթոնն ու բանտային մյուս բարձրաստիճան իշխանություններն առանց բացառության, մինչև այսօր էլ հավատում են դինամիտի գոյությանը, որն իրականում գոյություն է ունեցել միայն ոմն այլասերվածի, դրամանենգի ու բանաստեղծի՝ Սեսիլ Ուինվուդի արգելակ չունեցող երևակայության մեջ։ Եվ Սեսիլ Ուինվուդը դեռևս ողջ է այն դեպքում, երբ ես՝ ամենաանմեղ, այդ գործին ամենից քիչ առընչված մարդս, հատկապես ես, մի քանի շաբաթ հետո գնալու եմ կառափնարան։
{{ԵրեքԱստղ}}
Իսկ հիմա ձեզ կպատմեմ, թե ինչպես քառասուն ցմահ բանտարկյալները անսպասելի կերպով խզեցին իմ մենախցում տիրող մեռյալ լռությունը։ Քնած էի։ Ինձ արթնացրեցդռան բախոցը. դուռը բացվում էր այն միջանցքի վրա, ուր գտնվում էին մենախցերը։ Նորից մի թշվառի են բերում, անցավ մտքովս։ Հախիցը լավ են գալու, մտածեցի ես՝ ականջ դնելով աղմկոտ ոտնաձայներին, խուլ հարվածներին, ցավատանջ ճիչերին, ընտիր հայհոյանքներին և հատակով քարշ եկող մարմինների քսքսոցին. քառասուն ցմահ բանտարկյալներին մենախցերը բերելու ճանապարհին գազանաբար ծեծել էին։
Մենախցերի դռները բացվում էին մեկը մյուսի հետևից. որին ներս էին բերում, որին դուրս էին հանում, որին էլ նետում էին զնդանը։ Եվ դարձյալ ու դարձյալ հայտնվում էին բանտապանները՝ ծեծված ու ջարդված բանտարկյալների նոր խմբերի հետ, որոնց շարունակում էին թակել, և դարձյալ ու դարձյալ բացվում էին զնդանների դռները և կլանում էին մարդկանց արյունաշաղախ մարմինները, մարդկանց, որոնց մեղքը ազատություն երազելն էր։
Ետ նայելով՝ տեսնում եմ, որ անհրաժեշտ է իսկապես փիլիսոփա լինել, երկար տարիներ շարունակ դիմանալու համար այդ հրեշավոր տեսարաններին, երբեմն էլ դառնալով դրանց մասնակիցը։ Այդպիսի փիլիսոփա եմ ես։ Ութ տարի շարունակ տոկացել եմ այդ տառապանքին, և հիմա էլ, ի վերջո, հուսահատված, որ ինձնից կկարողանան ազատվել նման միջոցներով, իմ բանտապանները որոշեցին օգտագործել պետական մեքենան, որպեսզի պարանոցիս օղակ նետեն և խեղդեն ինձ սեփական մարմնիս ծանրության օժանդակությամբ։ Օ՜հ, ես գիտեմ, էքսպերտ գիտնականները կհայտնեն իրենց հույժ ծանրակշիռ դատողություններն այն մասին, որ փոսի մեջ ընկած զոհի պարանոցային ողները սովորաբար կոտրվում են։ Իսկ այդ զոհերն էլ, շեքսպիրյան ճամփորդի նման, այլևս չեն վերադառնում այս աշխարհը, որպեսզի կարողանան ապացուցել, թե բնավ էլ բանն այդպես չի եղել։ Սակայն մենք՝ բանտում ապրողներս, դիտենք այնպիսի գաղտնիքներ, որոնք երբեք դուրս չեն գալիս բանտի դիասրահի սահմաններից. գիտենք այն կախվածների մասին, որոնց պարանոցային ողները բոլորովին անվնաս են մնացել։
Տարօրինակ բան է կախաղանը։ Երբեք չեմ տեսել, թե ինչպես են կախում, բայց այդ մահապատիժը դիտողները տասնյակ անգամներ բոլոր մանրամասնություններով նկարագրել են, այնպես որ ես շատ լավ գիտեմ, թե ինչ է տեղի ունենալու ինձ հետ։ Ես կկանգնեմ լյուկի կափարիչին. ոտքերս ու ձեռքերս շղթայված, աչքերս ծածկած սև վեղարով, օղակի հանգույցն էլ աջ ականջիս մոտ. ոտքերիս տակ մի անցք կբացվի ու ես կընկնեմ հորը, իմ անկումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մարմնիս ծանրության տակ անդադար բացվող պարանը ձգվելով, հանկարծ կընդհատի իմ անկումը։ Հետո շուրջս կխռնվեն բժիշկները, որպեսզի կանգնեցնեն համաչափ ճոճքը, ականջները կհպեն կրծքիս ու կհամրեն սրտիս մարող զարկերը։ Պատահում է, որ քսան րոպե է անցնում այն պահից, երբ բացվում է կափարիչը, մինչև այն պահը, երբ սիրտը կատարում է իր վերջին կծկումը։ Բայց կարող եք չկասկածել խոսքերիս, որ նրանք ջանում են ամենագիտական եղանակով համոզվել, որ օղակը վզին գցելուց հետո մարդն իսկապես զրկվում է կյանքից։
Ես մտադիր եմ մի փոքր շեղվել իմ այս պատմությունից և մի երկու հարց տալ հասարակությանը։ Ես իրավունք ունեմ թե՛ շեղվելու, թե՛ հարց տալու, քանզի շատ կարճ ժամանակ է մնացել, որ ինձ տանեն այս զնդանից ու անեն այն, ինչ քիչ առաջ նկարագրեցի։ Այսպես ուրեմն, եթե զոհի պարանոցի ողները անպայման պետք է փշրվեն օղակի և հանգույցի վերոհիշյալ սրամիտ դիրքի շնորհիվ, ինչպես նաև շնորհիվ զոհի քաշի և պարանի երկարության, ապա, հարց է ծագում, էլ ինչո՞ւ են շղթայակապ անում դատապարտյալին։ Ամբողջ հասարակությունը միացյալ ուժերով նույնիսկ ի վիճակի չէ պատասխանելու այս հարցին։ Բայց ես գիտեմ, թե ինչու են այդպես վարվում։ Եվ դա գիտե ամեն մի ինքնուս դահիճ, որը թեկուզև մեկ անգամ մասնակցել է լինչի դատաստանին և տեսել, թե ինչպես զոհը ձեռքերով կառչում պարանից՝ թուլացնելու համար կոկորդը սեղմող օղակը, որը խեղդում է նրան։
Եվս մի հարց կտամ ժամանակակից հասարակության ինքնագոհ, բարեկեցության բամբակով շրջապատված անդամին, որի հոգին երբեք չի իջել սանդարամենտ. ինչո՞ւ են նրանք ոտքերի տակի կափարիչը բացելուց առաջ զոհի գլուխն ու դեմքը քողարկում սև վեղարով։ Եվ մի՛ մոռացեք, որ ժամանակի ամենակարճ հատվածի ընթացքում այդ սև վեղարը կլինի նաև իմ գլխին։ Այնպես, որ ես հարցնելու իրավունք ունեմ։ Գուցե նրանք, այդ շները, քո այդ հավաաարիմ շղթայակապ շները, օ՜, ինքնագոհ քաղքենի, վախենո՞ւմ են նայել զոհի դեմքին, որտեղ, ինչպես հայելու մեջ, կարտահայտվի ամբողջ սարսափը այն հանցագործության, որ նրանք իրագործում են մեզ վրա հանուն ձեզ, և ձեր հրամանով։
Մի՛ մոռացեք, որ այս հարցը տալիս եմ ո՛չ թե Քրիստոսի ծննդից հետո հազար երկուհարյուրերորդ տարում, ո՛չ թե Քրիստոսի ծննդյան տարին և ո՛չ էլ Քրիստոսի ծննդից հազար երկու հարյուր տարի առաջ։ Ես, որին կկախեն այս տարի, Քրիստոսի ծննդից հետո հազար ինը հարյուր տասներեք թվականին, այս հարցերը տալիս եմ ձեզ, բոլոր նրանց, ովքեր ընդունված կարծիքի համաձայն հանդիսանում են Քրիստոսի հետևորդները, ձեզ, որոնց շղթայակապ շները, որոնց նողկալի դահիճ-սպասավորները ինձ կտանեն զնդանից և դեմքս կծածկեն սև կտավի մի կտորով, քանզի նրանք, քանի ողջ եմ, չեն համարձակվի նայել այն զարհուրելի չարագործությանը, որի զոհը կլինեմ ես։
Բայց դառնանք նրան, թե ինչ էր տեղի ունենում մեր մենախցերում։ Երբ վերջին վերակացուն հեռացավ, և միջանցքի դուռը փակվեց նրա հետևից, բոլոր քառասուն ծեծված, գլուխները կորցրած մարդիկ սկսեցին զրուցել ու հարցեր տալ միմյանց։ Բայց ցմահ բանտարկյալներից մեկը, Ջեկ Բրամսել մականվամբ մի հսկա նավաստի, ցլի պես մռնչաց, պահանջելով, որ բոլորը լռեն, որպեսզի հնարավոր լինի ներկա-բացակա անել։ Բոլոր զնդաններն էլ լեփ-լեցուն էին, և չուրաքանչյուր զնդանից հերթով սկսեցին տեղեկություններ տալ, թե քանի հոգի են այնտեղ փակված ու ինչ է նրանց անունները։ Այսպիսով հնարավոր եղավ պարզել, որ մենախցերում միայն ստուգված մարդիկ են գտնվում և կարելի է չվախենալ, թե հանկարծ որևէ մատնիչ ականջ կդնի։
Այդ բոլորի մեջ միակը ես էի, որ բանտարկյալների կասկածն էի հարուցում, որովհետև միայն ես մասնակցություն չէի ունեցել փախուստի նախապատրաստման գործին։ Եվ ես ենթարկվեցի ամենաբծախնդիր հարցաքննության։ Իսկ ի՞նչ կարող էի նրանց հաղորդել։ Այս առավոտ հենց նոր էին վրայիցս հանել զսպաշապիկը և դուրս բերել մենախցից, երբ անմիջապես, որքան կարծում եմ, առանց ամենաչնչին իսկ առիթի դարձյալ զնդան նետեցին։ Բայց «անուղղելիի» իմ համբավն այս անգամ ինձ լավ ծառայություն մատուցեց, և քիչ անց նրանք սկսեցին խոսել գործի մասին։
Ես պառկած լսում էի նրանց և նոր միայն իմացա, որ փախուստ էր նախապատրաստված։
«Իսկ ո՞վ է մատնել արդյոք»։— Այս միակ հարցը բոլորի շրթերին էր և ամբողջ գիշեր մինչև լուսաբաց այս հարցը դարձյալ ու դարձյալ կրկնվեց բազմաթիվ անգամներ։ Զնդան նետվածների մեջ բացակայում էր Սեսիլ Ուինվուդը, և հենց նրան էլ կասկածեցին մատնության մեջ։
- Մի բան է մնում միայն, տղաներ,— ի վերջո ասաց Ջեկ Բրամսելը։— Շուտով լույսը կբացվի և, նշանակում է, շուտով մեզ այստեղից կտանեն կաշիներս քերթելու։ Մեզ հանցանքի վայրում բռնեցին գիշերը, ու հագնված վիճակում։ Ուինվուդը խաբեց մեզ և մատնեց։ Մեկը մյուսի հետևից նրանք մեզ կտանեն այստեղից և կոտլետ կսարքեն։ Մենք քառասուն հոգի ենք։ Ուրեմն, կեղծիքն անպայման ջրի երես դուրս կգա։ Ուրեմն, հենց որ ջարդն սկսեն, ամեն ոք պետք է ասի միայն ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, և ուրիշ ոչինչ, բացի ճշմարտությունից, ինչպես արվում է երդվելուց հետո։
Եվ այնտեղ, մարդկանց անմարդկայնությունից ստեղծված այդ մութ վիրապում չորս տասնյակ ցմահ բանտարկյալ հանցագործներ, դեմքով դռների թուջե վանդակին հպված, մեկ մյուսի հետևից երդվեցին ասել միայն ճշմարտությունը։
Սակայն այդ ուղղամտությունը նրանց բնավ էլ օգուտ չբերեց։ Առավոտյան ժամը տասին մեր բանտապանները,— պետություն ներկայացնող ինքնագոհ քաղքենիների մոտ ծառայության մտած այդ վարձկան մարդասպանները,— կուշտուկուռ, գիշերը շատ լավ քնած բանտապանները հարձակվեցին մեզ վրա։ Մենք ոչ միայն ոչինչ չէինք կերել, այլև, մեզ զրկել էին նույնիսկ ջրից։ Իսկ ծեծված մարդը սովորաբար դողացնում է։ Շատ կուզենայի իմանալ, ընթերցող, դու ամենաչնչին պատկերացումն ունե՞ս արդյոք այն մասին, թե ինչ է նշանակում ծեծված բանտարկյալ։ «Մշակել են»,— այսպես է կոչվում դա մեր լեզվով։ Ի դեպ, ոչ, ես այդ մասին չեմ պատմի։ Բավական է և այնքանը, որ դաժանորեն ծեծված, ծարավից տանջվող մարդկանց յոթ ժամ շարունակ առանց ջրի թողեցին։
Ժամը իննին հայտնվեցին մեր բանտապանները։ Նրանց թիվն այնքան էլ մեծ չէր։ Դե ասենք, հարկ էլ չկար, որ շատվոր լինեին. չէ որ նրանք յուրաքանչյուր զնդանում մեկական բանտարկյալ էին փակել։ Բոլորն էլ զինված էին բրիչների կոթերով։ Դա շատ հարմար գործիք է անպաշտպան մարդուն «դաստիարակելու» համար։ Մենախցերի դռները հաջորդաբար բացվում էին և զնդան առ զնդան, ցմահ բանտարկության դատապարտված մարդկանց ծեծում էին, կոտլետ սարքում։ Ի դեպ, նրանք ցուցաբերեցին լիակատար անկողմնակալություն. ինձ ևս ծեծեցին մյուսների չափ։ Եվ դա միայն սկիզբն էր, այսպես ասած, այն հարցաքննության նախերգանքը, որին պետք է հերթով ենթարկվեին բոլոր կալանավորները նահանգի վարձու դահիճների ներկայությամբ։ Եվ դա միայն նախազգուշացումն էր, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը կաշվի վրա զգար, թե ինչ է սպասվում հարցաքննության ժամանակ։
Ես անցել եմ բանտի բոլոր տառապանքների, անմարդկային տանջանքների բովով, բայց ամենից զարհուրելին, առավել զարհուրելի, քան այն, ինչ մոտ ապագայում նախապատրաստվում է ինձ համար, այն դժոխքն էր, որ տիրում էր մենախցերում հետագա օրերին։
Առաջինը հարցաքննության տարան Լողլող Բիլլ Հոջին, այդ կոփված լեռնցուն։ Նա վերադարձավ երկու ժամ հետո, ավելի ճիշտ, քարշ տալով ետ բերին ու նետեցին զնդանի քարե հատակին։ Հետո տարան սան-ֆրանցիսկոցի ելուզակ Լուիջի Պոլաձոյին, որի ծնողները Ամերիկա էին տեղափոխվել իր լույս աշխարհ գալուց առաջ. Լուիջին ծաղրեց բանտապաններին, ծանակեց նրանց՝ առաջարկելով, որ ցույց տան, թե ինչի են ընդունակ։
Ահագին ժամանակ անց միայն Լողլող Բիլլ Հոջը ուժ գտավ իր մեջ խեղդելու ցավերն ու հասկանալի մի բան ասել։
— Այդ ի՞նչ դինամիտի մասին է խոսքը,— վերջապես հարցրեց նա։— Դինամիտի մասին մեկնումեկը որևէ բան գիտե՞ արդյոք։
Բնականաբար, ոչ ոք ոչինչ չգիտեր, թեև հարցաքննում էին միայն դինամիտի մասին։
Լուիջի Պոլաձոն վերադարձավ երկու ժամից էլ շուտ, բայց դա արդեն մարդակերպ մի զանգված էր. ասես զառանցանքի մեջ ինչ-որ բան էր քրթմնջում, և ոչ մի հարցի չկարողացավ պատասխանել, իսկ հարցերը նրա վրա թափվում էին կարկուտի պես ամբողջ միջանցքից, քանի որ մյուսներն էլ դեռևս պետք է անցնեին այն փորձությունը, որ նա արդեն ապրել էր, և բոլորն էլ կամենում էին իմանալ, թե ինչ են արել և ինչի մասին են հարցրել։
Երկու օրվա ընթացքում Լուիջիին երկու անգամ ևս տարան հարցաքննության, իսկ երբ նա դարձավ խելքը թռցրած մի ապուշ, խեղճին ընդմիշտ ուղարկեցին խելագարվածների բաժանմունք։ Լուիջին հազվագյուտ առողջություն ունեցող մարդ էր։ Լայն ուսերով, հզոր կրծքավանդակով, խոշոր քթանցքներով, լավ ու մաքուր արյուն ունեցող մի մարդ. նա դեռ երկար ժամանակ ինչ-որ բաներ կթոթովի խելագարների խցում, մինչ ես կախված կլինեմ օղակից և ընդմիշտ ազատված՝ Կալիֆորնիայի տաժանակիր բանտերում տանջանքների ենթարկվելուց։
Մեկը մյուսի հետևից, և ամեն անգամ մեկական բանտարկյալի, տանում էին, և մեկը մյուսի հետևից, խավարի մեջ ոռնալով ու հառաչելով, վերադառնում էին մարմնով ու հոգով փշրված մարդիկ։ Իսկ ես իմ զնդանում պառկած լսում էի այդ հեծեծանքն ու ողբը, լսում էի ցավից խենթացած այդ էակների անիմաստ մրմունջը, և աղոտ հիշողություններ էին զարթնում իմ հոգում. ինձ թվաց, թե ժամանակին անտարբեր ու ամբարտավան նստած եմ եղել բարձր տախտակամածին, և ինձ են հասել ճիչեր ու հառաչանքներ։ Հետագայում, ինչպես դուք կտեսնեք, ես հայտնագործեցի այդ հիշողությունների սկզբնաղբյուրը. իմացա, որ այդ ճիչերն ու հառաչանքները լսվել են այն նստարաններից, որոնց շղթայված են եղել թիավարող-ստրուկները, իսկ ես՝ հռոմեացի զորապետս, լսել եմ այդ ողբը Հին Հռոմի թիանավերից մեկի ցռուկին նստած։ Դա այն ժամանակ էր, երբ ես Երուսաղեմ գնալիս նավարկում էի դեպի Ալեքսանդրիա.... Բայց այդ մասին հետո կպատմեմ։ Իսկ առայժմ...
----
<references/>