― Երկու ուղղությամբ տոմսը, ― կարդաց ֆրոյլայնը, ― արժե ուղիղ չորս միլիոն հինգ հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր քառասուներեք մարկ։
― Բայց եթե դուք մուծումը կատարեք կանխիկ, մենք ձեզ կտրամադրենք տասը տոկոս զեղչ, և այն ժամանակ ձեր ամբողջ ուղևորությունը կարժենա միայն․․․ Նա շարժեց մատները, թվերը նորից թռչկոտեցին և ստացվեց այսպիսի պատկեր․
― Չորս միլիոն հարյուր քսան հազար իննը հարյուր հիսունութ մարկ և յոթանասուն պֆեննինգ։
― Հազար իննը հարյուր քառասուներկու, ― ասացի ես։
― Հազար ինը հարյուր․․․ ― սկսեց գրի առնել նա և հանկարծ պայթեց։ ― Ձեզ հիմարի տե՞ղ եք դրել։ Դուք կարծում եք մենք այստեղ էլ բան ու գործ չունե՞նք։ Ես ձեր պատճառով մի ամբողջ թուղթ փչացրի։ Ես կբողոքեմ ձեր ծառայության վայրը, որ այս թղթի համար տուգանքի ենթարկվեք։
Նա արդեն պատրաստվում էր աղբամանի մեջ նետել թուղթը, երբ Սմերչևը կանգնեցրեց նրան և ինչ֊որ բան շշնջաց ականջին։