Changes
Հյուրերը հրաժեշտ տվեցին Սուլթանին եւ Դիկկերիին, խնդրեցին, որ Սուլթանը ջերմ բարեւներ հաղորդի Բարվոգնաքին Տաքի ու Սառի կողմից եւ ճամփա ընկան։ Շուտով նրանք բարեհաջող հասան իրենց նավակին։
==Տասնյոթերորդ գլուխ==
<b>որտեղ հափշտակում են Ճենապակե Շնիկին</b>
— Հը՞, ուրախ էին երեկվա արկածները,— առավոտյան նրանց հարցրեց մորեղբայր Թիկ֊Թակը։
— Հաֆ,— պատասխանեց Ճենապակե Շնիկը։
— Այո, շատ,— հաստատեց Ռռռռը։— Հանդիպեցինք Սուլթանին ու Դիկկերիին։ Դիկկերին հիմա Սուլթանի մոտ է ապրում։ Հետո տեսանք մեր բարեկամ Ճռճռան Կոշիկին, շրջված թաղարի մեջ ապրող Որդին եւ… Սպասեք, իսկ այդ ո՞ւմ է դաշտում լվանում Պստիկ֊Ամպիկը։
Մյուս ափին ինչ֊որ մեկը, որ նման էր խոշոր, սեւ ագռավի, օդապարուկ էր թռցնում։ Մինչ ճանապարհորդները նայում էին, ագռավը ձգեց թելը, եւ օդապարուկը ընկավ գետին։
Գնանք տեսնենք, թե ով է,— առաջարկեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Խնդրենք, որ շատ վեր բարձրանա ու տեսնի՝ արդյո՞ք չի երեւում ծիածանի վերջը։
Նա սկսեց թիավարել, կտրեց֊անցավ գետն ու նավակը պահեց դիմացի ափի մոտ։ Այստեղ նա Ռռռռի հետ միասին դուրս եկավ նավակից։
Որքան մոտենում էին խոշոր, սեւ ագռավին, այնքան սաստկանում էին մորեղբայր Թիկ֊Թակի կասկածները։
— Հեռվից թվում էր, թե նա հաստատ ագռավ է։ Իսկ հիմա պարզ տեսնում եմ, որ ավելի շուտ՝ չարամիտներից մեկն է։
Նրանք ավելի մոտեցան։
— Այդ է որ կար… Ամաչիրն է։
Այո, Ամաչիրն էր։ Նա շատ զարմացավ, տեսնելով մորեղբայր Թիկ֊Թակին ու Ռռռռին։
— Ես օդապարուկ էի խաղում,— ասաց Ամաչիրը, քանի դեռ անձրեւը չէր սկսվել։
— Խաղո՞ւմ էիր… Դո՞ւ…— զարմացավ մորեղբայր Թիկ֊Թակը։— Երբեք մտքովս չէր անցնի, թե չարամիտները խաղալ գիտեն։ Կարծում էի, թե նրանք խաղալը Ա Մ Ո Թ են համարում։
— Իհարկե, իհարկե,— ասաց Ամաչիրը։— Բայց ես սիրում եմ խաղալ։ Չիկարելին ասաց․ «Մի՛ արա», Միարան ասաաց․ «Չի՛ կարելի»։ Բայց ես միեւնույն է, խաղում եմ։
— Հապա չե՞ս ամաչում,— ասաց Պստիկ֊Ամպիկը։
— Հաա՜…— ուրեմն դո՞ւ էիր անձրեւ տեղում վրաս։
— Ես էի,— պատասխանեց Պստիկ֊Ամպիկը։
— Ամաչիր,— ասաց Ամաչիրը։— Ահ, ներեցեք, այդ ես եմ Ամաչիրը, իսկ դու Պստիկ֊Ամպիկն ես։ Ես՝ ես եմ, իսկ դու՝ դու ես։ Ինձ դուր է գալիս, երբ ինձ ասում են․ «Ամաչիր»։
— Բնական է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ինձ էլ են երբեմն ասում․ «Ամաչիր»։
Ամաչիրը հաճույքից փայլեց։
— Ես շատ եմ ամաչում,— խոստովանեց նա,— երբ այն ժամանակ քաղցր հյութ էի լցնում գետը մյուսների հետ, բայց որպես գաղտնիք կասեմ, որ փախել եմ Չիկարելիից եւ Միարայից։ Հիմա ես լավ ընկեր ունեմ, այ, այնտեղ է։
Ծառերի ետեւում մորեղբայր Թիկ֊Թակը մի խոշոր ու մուգ բան տեսավ։
— Իմ Գետաձին է,— ասաց Ամաչիրը։— Հիմա ես կկծկեմ այս թոկը ու նրա հետ կգնամ մանկական խաղադաշտ։
— Իսկ որտե՞ղ է մանկական խաղադաշտը,— հարցրեց մորեղբայր Թիկ֊Թակը։
— Ցույց կտամ,— ասաց Ամաչիրը։
Նա արագ֊արագ կծկեց օդապարուկի թոկը եւ բոլորը միասին գնացին դեպի մանկական խաղադաշտ։
Մորեղբայր Թիկ֊Թակն ու Ամաչիրը քայլում էին առջեւից։
— Իսկ մենք քիչ էր մնում քեզ ագռավի տեղ դնեինք,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Սեւ թիկնոցի պատճառով։ Նույնիսկ ուզում էինք խնդրել, որ շատ վեր թռչես ու տեսնես՝ չի՞ երեւում արդյոք ծիածանի վերջը։
Ձին ետ մնաց՝ խոտ ուտելու։ Իսկ Ռռռռն ու Գետաձին անշտապ գալիս էին։ Գետաձին փայլում էր երջանկությունից, որովհետեւ Պստիկ֊Ամպիկը սահում էր ճիշտ նրա գլխավերեւում ու անձրեւ էր տեղում։ Ոչ թե պատահական մեկի, այլ հենց նրա՝ Գետաձիու վրա։ Իսկ ո՞ւմ հայտնի չէ, որ գետաձիները սիրում են անձրեւը բադերից ու վագրերից ոչ պակաս։
Մանկական խաղադաշտում բազմաթիվ ճոճեր կային ու մի բլրակ՝ ցած սահելու համար։ Խաղադաշտի մի կողմում բարձր պատ կար։ Այնքան բարձր, որ այն կողմ նայելն անհնարին էր։
— Իսկ ես կարող եմ պատից այն կողմ նայել,— պարծեցավ Ամաչիրը։— Ես ու Գետաձին մի խաղ ենք հորինել։ Տեսե՛ք։
Նա վրայից հանեց սեւ թիկնոցը, փաթաթեց ու դրեց տախտակի մի ծայրին՝ բարձի փոխարեն, ու նստեց վրան։ Գետաձին մոտեցավ տախտակի մյուս ծայրին եւ թափով ընկավ վրան։
Ամաչիրը շատ բարձր թռավ օդ, այնքան բարձր, որ հաջողվեց նայել պատի մյուս կողմը։
— Ի՜նչ բարձր է,— գոչեց նա։— Ես մի Ձի եմ տեսնում։ Նա գալիս է այս կողմ։
Նրանք երկար ժամանակ խաղացին այդ խաղը, հետո Ռռռռն ուզեցի մի քիչ ճոճվել։
Վերեւ֊ներքեւ։ Վերեւ֊ներքեւ։
— Կանգնի՛ր,— հանկարծ գոչեց Ռռռռը։— Չիկարելին ու Միարան այստեղ են գալիս։ Ձեռքներին էլ ինչ֊որ բան կայ֊ բայց լավ չեմ տեսնում, թե ինչ։
— Որ այդպես է, ես փախչեմ ու թաքնվեմ,— վախեցավ Ամաչիրը։— Փախչենք, Գետաձի։
— Գետաձի, միայն թե մի անգամ էլ նստիր տախտակի ծայրին, շատ եմ խնդրում,— ասաց Ռռռռը։— Ուզում եմ տեսնել, թե ի՞նչ կա նրանց ձեռքին։
Գետաձին ընկավ ճոճի վրա եւ Ռռռռը թռավ դեպի օդ։
— Ի՞նչ կա դրանց ձեռքին,— հարցրեց մորեղբայր Թիկ֊Թակը։
Բայց այդ պահին վախեցած Ամաչիրը նստեց Գետաձիու մեջքին եւ փախավ գնաց։
— Ի՞նչ է, Ռռռռ,— հարցրեց մորեղբայր Թիկ֊Թակը։
— Ճենապակե Շնիկը,— գոչեց Ռռռռը։— Նրանք հափշտակել են Ճենապակե Շնիկին։