Changes

Պահապանները

Ավելացվել է 2839 բայտ, 13:10, 22 Ապրիլի 2016
/* Գլուխ առաջին․ Երկար սպասված հյուրասիրություն */
― Ցտեսությո՛ւն, Բիլբո՜, իմ թանկագին հոբի՜թ․․․ ― ցածրաձայն ասաց նա և վերադարձավ տուն։
 
Ֆրոդոն իրեն շատ սպասել չտվեց, հայտնվեց ու տեսավ, որ Գենդալֆը մտքերի մեջ խորասուզված նստած է կիսախավար սենյակում։
― Այնտեղ պետք է կտակը լինի և այդ կարգի այլ թղթեր, ― ասաց հրաշագործը։ ― Դու այժմ Պարկուտի տերն ես։ Հա, այնտեղ է նաև ոսկե Մատանին։
― Ինչպե՞ս, Մատանի՞ն էլ, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Նա դա էլ է թողել ինձ։ Ինչի՞ համար։ Ոչի՛նչՉնայած, պետք կգա։
― Գուցե պետք կգա, իսկ գուցե և՝ ոչ, ― ասաց Գենդալֆը։ ― Ես քո փոխարեն Մատանուն առայժմ ձեռք չէի տա։ Պահպանիր այն և բացբերանություն մի արա։ Իսկ ես գնամ քնեմ։
 
Այժմ Ֆրոդոն Պարկուտի տերն էր և ստիպված էր իր վրա վերցնել հյուրերին ճանապարհելու ծանր գործը: Արտառոց պատահարի լուրն արդեն տարածվել էր մարգագետնով մեկ, բայց Ֆրոդոն բոլորին պատասխանում էր նույն բանը. «Լույսը բացվի՝ ամեն ինչ իր պարզ կլինի»: Կեսգիշերին առավել կարևոր հյուրերին տանելու համար սայլեր ժամանեցին ու մյուսի հետևից հեռացան՝ լցված կուշտ կերած, բայց դժգոհ հոբիթներով: Հետո եկան նախօրոք վարձված այգեպանները և տարան նրանց, ում ոտքերը հասկանալի պատճառով չէին ենթարկվում:
 
Գիշերը դանդաղ էր անցնում: Առավոտյան արևն ավելի շուտ դուրս եկավ, քան հոբիթները: Օրն սկսվեց: Եկան աշխատավորները և սկսեցին քանդել վրանները, տանել սեղաններն ու աթոռները, գդալներն ու դանակները, շշերն ու ափսեները, ծաղիկները, հավաքեցին փշրանքները, մոռացված տոպրակները, թաշկինակները, ձեռնոցները և չկերված ուտեսները (պատկերացրեք, կային նաև այդպիսիք): Այնուհետև ժամանեցին այցելուներ (թեև նրանց ոչ ոք չէր հրավիրել). Պարկինսներ, Բոքոնակներ, Կուղբնոցներ, Տուկեր և այլ ընտանիքների ներկայացուցիչներ, մի խոսքով բոլոր նրանք, ովքեր ապրում կամ հյուրընկալված էին մոտակայքում: Կեսօրին նույնիսկ ամենանախաճաշասեր հոբիթները վերջապես դուրս եկան փողոց՝ իմանալու, թե ինչ նոր բան կա, և Պարկուտի մոտ բավական մեծ ամբոխ հավաքվեց՝ անկոչ, բայց ոչ չսպասված:
 
Ֆրոդոն դուրս եկավ քաղաքավարի ժպտալով, բայց հոգնած ու անհանգիստ տեսք ուներ: Նա ընդունեց բոլորին, բայց երեկվա իր ասածին ոչ մի նոր բան չկարողացավ ավելացնել: Բոլոր հարցերի պատասխանը նույնն էր. «Պարոն Բիլբո Պարկինսը լքել է այս վայրերը: Ոչ, որքանով ինձ հայտնի է, չի վերադառնալու:» Որոշ այցելուներ ներս մտնելու հրավեր ստացան. Բիլբոն նրանց համար «լուրեր» էր թողել:
Նոր օրը հոգսերով լի էր։ Հրդեհի արագությամբ լուր տարածվեց, իբրև թե Բիլբոյի ողջ ունեցվածքը վաճառքի է հանվելու կամ, ավելին՝ ձրի է բաժանվելու՝ արի ու վերցրու։ Հոբիթները խառնիխուռն ներս էին խուժում, իսկ տնից դուրս էին գալիս առանձին-առանձին։ Սայլերն ու սայլակները բակը լցրել էին առմուտքից մինչև դարպաս։ Իրարանցման թեժ պահին հայտնվեցին Քսակ-Պարկինսները։ Ֆրոդոն հենց այդ ժամանակ գնացել էր մի քիչ հանգստանալու և իր փոխարեն թողել էր բարեկամի՝ Մերի Բրենդիզայքին։ Երբ Օթհոն բարձրագոչ պահանջեց Բիլբոյի «այդ զարմիկ կոչեցյալին», Մերին խոնարհվեց և ձեռքերը տարածեց։
Վստահելի
1342
edits