Changes
Հաջորդ առավոտյան լուսումութին ճամբարում փողեր հնչեցին։ Շուտով նեղ կածանի վրա երևացա բանբերը։ Պատից քիչ հեռու նա կանգ առավ, ձայն տվեց թզուկներին և հարցրեց՝ արյդոք Տորինը համաձա՞յն է լսել նոր դեսպաններին, քանի որ նորություններ կան և հանգամանքները փոխվել են։
― Հավանաբար Դեյնը մոտենում է,― ասաց Տորինն իր զինակիցներին։― Լսել են նար մոտենալու մասին։ Ես այդպես էլ կարծում էի, որ սրանցք տրամադրությունն արագ կփոխվի։ Թող գան փոքր խմբով, առանց զենքի, և ես կլսեմ նրանց․․․― ձայն տվեց բանբերին։
Կեսօրին մոտ նորից ծածանվեցին Անտառի և Լճի դրոշները։ Եկան քսան մարդ։ Նեղ արահետի ծայրին նրանք ցածր դրեցին թրերն ու նիզակները և մոտեցան դարպասին։ Թզուկները զարմանքով տեսան Բերդին և էլֆերի արքային, որոնց առջևից գալի էր մի ծերունի, թիկնոցով ու կգնուղով, ձեռքին երկաթով օղակված փայտե մի զարդատուփ։
― Ողջունում եմ քեզ, Տորին,― ասաց Բերդը։― Դու դեռ կարծիքդ չե՞ս փոխել։
― Իմ կարծիքը չի փոխվում այն բանից, որ մի քանի անամ արևը ծագում ու մայր է մտնում,― պատասխանեց Տորինը։― Դու եկել ես ինձ դատարկ հարցեր տալո՞ւ։ Ես տեսնում եմ, էլֆերի զորքը տուն չի ուղարկված, ինչպես կարգադրել էի։ Իզուր ես եկել։ Քանի նրանք այստեղ են, ես հրաժարվում եմ բանակցություններ վարել։
― Այդպես, ուրեմն, գոյություն չունի՞ ոչ մի բան, որի համար դու տայիր քո ոսկու մի մասը։
― Ոչ մի այնպիսի բան, որ կարող ես ինքդ առաջարկել։
― Իսկ ի՞նչ կասես Տրեյնի Արկենստոնի մասին,― հարցրեց Բերդը, և նույն վայրկյանին էլ ծերունին բացեց զարդատուփն ու թանկարժեք քարը բարձրացրեց վեր։ Քարը փայլատակեց վառ սպիտակ փայլով։ Զարմանքից Տորինի լեզուն բռնկվեց։ Երկար ժամանակ բոլորը լուռ էին։
Վերջապես Տորինը խոսեց, և նրա ձայնը զսպված չարությունից խռպոտ հնչեց․
― Այդ քարը պատկանել է իմ հորը։ Դա իմն է։ Ինչո՞ւ պետք է ես ետ գնեմ իմ սեփականությունը․․․― Հետաքրքրասիրությունը գերազանցեց ամեն ինչին, և նա, իրեն չզսպելով, հարցրեց․― Ինչպե՞ս է ձեր ձեռքն ընկել մեր թագավորական տոհմի մասունքը։ Ճիշտ է, գողերին այդպիսի հարցեր չեն տալիս։
― Մենք գողեր չենք,― առարկեց Բերդը։― Այն, ինչ քեզ է պատկանում, կտանք քեզ, փոխարենը կստանանք մերը։
― Ինչպե՞ս է ձեզ մոտ հայտնվել, հարցնում եմ,― սաստկացող ցասումով գոռաց Տորինը։
― Ես եմ տվել,― ծղրտաց մահու չափ վախեցած Բիլբոն՝ պատի ետևից գլուխը դուրս հանելով։
― Դո՞ւ․․․ Դո՞ւ․․․― ոռնաց Տորինը, շուռ եկավ դեպի հոբիտը և երկու ձեռքով ճանկեց նրան։― Ողորմելի հոբիտ․․․ Ախ դու․․․ զզվելի Գո՜ղ․․․― Վրդովմունքից Տորինը բառեր չէր գտնում և խեղճ Բիլբոյին թափահարում էր շան լակոտի պես։― Երդվում եմ Դյուրինի մորուքով․․․― Կուզեի հիմա տեսնել Հենդալֆին․․․ Անիծյալ լինի նա, որ քեզ խցկեց մեր շարքերը․․․ Թող չորանա նրա մորուքը․․․ Իսկ քեզ ժայռից ցած կնետեմ։― Եվ Տորինը Բիլբոյին վեր բարձրացրեց։
― Կաց, քո ցանկությունը կատարված է․․․― լսվեց ինչ֊որ մեկի ձայնը։ Զարդատուփով ծերունին թիկնոցն ու կգնուղը վրայից դեն նետեց։― Հենդալֆն այստեղ է։ Եվ, կարծես, ճիշտ ժամանակին։ Ձեզ դու չի՞ գալիս իմ Գողը, ինչ արած, բայց, բարի եղեք, մի տանջեք նրան․․․ Դրեք ցած և նախ լսեք, թե ինչ կասի։
― Դե բոլորդ այստեղ դավադրություն եք կազմակերպել․․․― մռնչաց Տորինը և դժկամորեն Բիլբոյին դրեց պատի վրա։― Այլևս երբեք գործ չեմ ունենա հրաշագործների և նրանց բարեկամների հետ։ Ի՞նչ կարող ես ասել որպես արդարացում, դու, առնետի ծնունդ։
― Ա՛յ֊ա՛յ֊այ՛, ի՜նչ տհաճ է այս բոլորը,― ասաց Բիլբոն։― Գուցե դուք հիշո՞ւմ եք, որ թույլատրեցիք ինքս ընտրեմ իմ տասնչորսերորդ մասը․․․ Հնարավոր է, ես ձեր թույլտվությունը չափազանց տառացիորեն հասկացա։ Ինձ ասել էին, որ թզուկները երբեմն ավելի սիրալիր են խոսքով, քան թե գործով։ Ճիշտ է, ժամանակ կար, երբ դուք, կներեք համարձակությանս, գտնում էիք, որ ես ձեզ որոշ օգուտ եմ տվել։ Առնետի ծնունդ․․․ Լսեցիք, չէ՞։ Ուրեմն դա է շնորհակալությունը ծառայություններիս համար, որ խոստացել էիք ինձ, Տորին, ձեր և ձեր ընտանիքի կողմից։ Ընդունեք, որ ես տնօրինել եմ իմ բաժինը, ինչպես ինքս եմ կամեցել, և վերջացնենք այս ամենը։
― Այդպես էլ կանեմ,― մռայլ ասաց Տորինը։― Ես քեզ հետ բոլոր հարաբերություններին վերջ կտամ։ Տե՜ս հա՜, էլ իմ ձեռքը չընկնես։― Նա շրջվեց և գոռաց պատի վրայով,― Ինձ դավաճանել են․․․ Հաշվարկը ճիշտ է եղել․ ես չեմ կարող ետ չգնել Արկենստոնը, մեր տոհմի գանձը։ Դրա համար ես տալիս եմ հարստությանս տասնչորսերորդ մասը՝ արծաթով ու ոսկով։ Դրա վրա կգնա դավաճանի բաժինը, թող նա չքվի այդ պարգևի հետ, իսկ դուք էնտեղ բաժանեք, ինչպես կուզեք։ Նրան մի քիչ կհասնի, կասկած չունեմ։ Վերցրեք նրան, եթե ուզում եք, որ կենդանի մնա։ Ես առանց ափսոսանքի եմ բաժանվում նրանից։
― Իջիր քո բարեկամենրի մոտ,― մռթմռթաց նա՝ դիմելով Բիլբոյին,― թե չէ ինքս ցած կգցեմ։
― Իսկ արծաթն ու ոսկի՞ն,― հարցրեց Բիլբոն։
― Կտանք իմ կարգով, երբ վերջացնենք գործերը։ Իջիր։
― Մինչև փրկագին տալը քարը կմնա մեզ մոտ․․․― բացականչեց Բերդը։
― Որպես Սարատակի թագավոր այնքան էլ լավ չեք պահում ձեզ,― ասաց Հենդալֆը Տորինին։― Բայց դեռ ամեն ինչ կարող է փոխվել։
― Հենց այդ է որ կա,― սպառնալից հաստատեց Տորինը․ և այնքան մեծ էր հարստության իշխանությունը նրա հոգու վրա, որ նա արդեն մտմտում էր, թե ինչպես Դեյնի օգնությամբ հափշտակի Արկենստոնը և խոստացած փրկագինը չվճարի։
Բիլբոն պարանով իջավ պատից, և այդքան չարչարանքների դիմաց, որպես պարգը, նրան մնաց միայն Տորինի նվիրած օղազրահը։ Թզուկներից շատերը ամոթից չէին կարողանում նայել նրա աչքերին և անկեղծորեն ափսոսում էին, որ Բիլբոն խայտառակ կերպով վտարվեց։
― Ցտեսությո՜ւն,― գոռաց Բիլբոն։― Գուցե դեռ կհանդիպենք որպես բարեկամներ։
― Կորի՛․․․― մռնչաց Տորինը։― Քո հագին թզուկների ձեռքով պատրաստված օղազրահ է, այն չափազանց լավն է քեզ նմանի համար։ Նետով այն չի ծակվի, բայց եթե դու հենց հիմա փասափուսադ չքաշես էստեղից, ես քո ոտքերը կնետահարեմ, ողորմելի արարած․․․ Շո՜ւտ․․․
― Մի՛ շտապիր,― ասաց Բերդը։― Մենք ձեզ մինչև վաղը առավոտ ժամանակ ենք տալիս։ Կեսօրին կգանք և կստուգենք՝ արդյոք պատրա՞ստ է փրկագինը։ Եթե ամեն ինչ առանց խաբերության լինի, մենք էլ կգնանք, էլֆերի զորքն էլ կգնա։ Իսկ հիմա՝ ցտեսությո՛ւն։
Նրանք վերադարձան իրենց ճամբարը, իսկ Տորինն անհապաղ Ռոակի սուրհանդակին ուղարկեց Դեյնի մոտ, կարգադրեց պատմել, ինչ֊որ այստեղ տեղի էր ունեցել, և շտապեցնել նրան։
Անցավ ցերեկը, անցավ գիշերը։ Առավոտյան քամին փոխվեց, ամպամած էր ու մռայլ։ Լուսաբացին մարդկանց ու էլֆերի ճամբարում իրարանցում սկսվեց․ դետքերը հայտնեցին, որ լեռան արևելյան թևից զորք է երևացել։ Դա Դեյնն էր։ Նա ամբողջ գիշեր առանց դադարի քայլել էր, դրա համար էլ ավելի շուտ հասել, քան սպասում էին։ Նրա յուրաքանչյուր ռազմիկ մինչև ծնկները հասնող պողպատե երկար օղազրահ էր հագած, իսկ ոտքերին նուրբ ու ճկուն մետաղալարերից հյուսված զանգապաններ էին, որի գաղտնիքը Դեյնի հպատակների սեփականությունն էր։ Թզուկներն առհասարակ արտասովոր ուժեղ ու դիմացկուն էին իրենց հասակի համեմատ, իսկ Դեյնի ռամիկներն աչքի էին ընկնում առանձնահատուկ ուժով։ Նրանք ձեռքներում բռնել էին երկածյր ծանր մարտական բրիչներ, բացի դրանից ամեն մեկի կողքին կախված էր կարճ ու լայն թուրը, իսկ թիկունքին՝ կլոր վահանը։ Նրանց մորուքները սանրված էին երկճյուղ, հյուսված ու մտցրած գոտու տակ։ Սաղավարտները երկաթից էին, ոտնամանները՝ նույնպես երկաթից, իսկ դեմքերը՝ դաժան։
Փողերը փչեցին՝ մարդկանց ու էլֆերին զենքի կոչելով։ Թզուկների բանակը մոտենում էր շշմեցնող արագությամբ․ նրանք կանգ առան գետի ու լեռան արևելյան թևի միջև, որից հետո մի քանի ռազմիկ անցան գետը, ճամբարին չհասած զենքերը ցած դրին ու ձեռքները վեր բարձրացրին՝ ի նշան խաղաղասիրական մտադրության։ Բերդն ինքը դուրս եկավ նրանց դիմավորելու, նրա հետ էլ՝ Բիլբոն։
― Մեզ ուղարկել է Դեյնը, Նեյնի որդին,― ասացին թզուկները։― Լուր ստանալով, որ վերածնվել է նախկին թագավորությունը, մենք շտապեցինք միանալու մեր ազգականներին։ Իսկ ո՞վ եք դուք։ Ինչո՞ւ եք կանգնել ամրոցի պատի տակ, ասես թշնամիներ։
Եթե հավուր պատշաճի հնաոճ հարգալիրության խոսքերը հաղորդենք սովորական լեզվով, ապա կստացվի այսպես․ «Դուք այստեղ անելու ոչինչ չունեք։ Մենք, միևնույն է, կանցնենք, այնպես որ մի կողմ քաշվեք, կամ էլ կկռվենք»։ Թզուկներն ուզում էին խցկվել Սարի ու գետի ոլորանի միջև, քանի որ այդ նեղ պարանոցը, երևում է, ավելի թույլ էր պաշտպանված։
Բերդը, բնական է, հրաժարվեց թույլ տալ թզուկներին անցնելու դեպի Սարը։ Նա հաստատ որոշել էր նախ ստանալ ոսկին և արծաքը Սրկենստոնի փոխարեն․ նա չէր հավատում, թե Տորինը այսպսի նշանակալի ռազմական համալրում ստանալուց հետո կկատարի իր խոստումը։ Նորեկները ամրոց կհասցնեին մթերքի մեծ պաշարներ, որովհետև Դեյնի զինվորները, չնայած արագ երթին, մեջքներին հսկայական հակեր էին տանում։ Այդ դեպքում պաշարվածները երկար ժամանակ կդիմանային շրջապատմանը, իսկ այդ ընթացքում նորանոր թզուկներ կգային օգնության, քանի որ Տորինը դեռ շատ ազգականներ ուներ։ Թզուկները կարող էին նաև ուրիշ մուտքեր բացել ու այնտեղ պահակություն կարգել, և այդ դեպքում պաշարողները ստիպված կլինեին տառացիորեն շրջապատել ողջ Սարը բոլոր կողմերից, իսկ դրա համար նրանք այդքան ժողովուրդ չունեին։
Բերդը կատարելապես ճշտորեն կռահեց թզուկների մտադրությունը (իզու չէր, որ արջնագռավները ետ ու առաջ իէն թռչում Տորինի ու Դեյնի միջև)։ Բայց թզուկների ճանապարհը առայժմ փակված էր, դրա համար, ինչքան էլ որ տաքանային, մեկ է, պատգամավորները ստիպված էին հեռանալ՝ իրենց մորուքների մեջ հայհոյանքներ փնթփնթալով։ Բերդն իսկույն իր սուրհանդակներին ուղարկեց դարպասի մոտ, բայց ոչ մի փրկագին այնտեղ չհայտնաբերեցին։ Ավելին, պատի ետևից նրանց վրա նետեր թռան, և նրանք վախեցած ետ դարձան։ Մարդկանց և էլֆերի ճամբարում իրարանցում բարձրացավ, ինչպես ճակատամարտից առաջ։ Դեյնի թզուկներն արդեն գրոհում էին գետի արևելյան ափի երկայնքով։
― Տկարամիտներ,― քմծիծաղեց Բերդը,― բա այդքան կիպ կմոտենա՞ն Սարին․․․ Դրանք վերգետնյա կռվից բան չեն հասկանում, սովորել են հանքերում պատերազմել։ Նրանց աջ թևի կողմում մենք ժայռերում թաքնված աղեղնավորներ ու նիզակավորներ ունենք։ Ասում են թզուկների օղազրահները լավն են, բայց մենք դա կստուգենք։ Նրանց վրա կհարձակվենք հիմա, երկու կողմից միաժամանակ, քանի դեռ ուշքի չեն եկել։
Բայց էլֆերի արքան ասաց․
― Ոչ, հանուն ոսկու ես չեմ շտապի մարտ սկսել։ Միևնույն է, թզուկները մեզանից չեն անցնի և ինչ էլ որ ձեռնարկեն, մենք իսկույն կնկատենք։ Հուսանք, որ հաշտությունը դեռ հնարավոր է։ Իսկ եթե, դժբախտաբար, գործը կռվի հասնի, ինչ արած, թվական գերակշռությունը մեր կողմն է։
Թագավորը, սակայն, հաշվի չէր առել թզուկների բնավորությունը։ Այն գիտակցությունը, որ Արկենստոնը պաշարողների ձեռքին է, նրանց զրկել էր հանգստությունից։ Նրանք զգացին, որ Բերդն ու բարեկամները տատանվում են ու որոշեցին հարվածել անհապաղ։ Հանկարծակի, առանց որևէ նախազգուշացման նրանք լուռ գրոհի գնացին։ Աղեղները երգեցին, նետերը սուլեցին։ Կռիվն սկսեց։
Եվ հանկարծ, էլ ավելի անսպասելի, մութն ընկավ։ Երկինքը ծածկվեց սև ամպերով։ Փոթորիկ բարձրացավ ու ամպրոպը որոտմունք բերեց (և դա ձմռան նախօրյակին), կայծակը լուսավորեց Սարի գագաթը։ Իսկ ամպրոպաբեր ամպերից ներքև մեկն էլ հայտնվեց, մի սև մրրիկ, որ սլանում էր դեպի Սարը ոչ թե քամու ուղղությամբ, այլ հյուսիսից, ասես թռչունների երամ լիներ, այնքան հոծ, որ թևերի արանքով լույս չէր անցնում։
― Կանգ առե՛ք,― հանկարծ գոռաց Հենդալֆը։ Նա կանգնեց գրոհող թզուկների և մարդկանց ու էլֆերի շարքերի միջև և ձեռքերը վեր բարձրացրեց։― Կանգնեք,― կրկնեց նա որոտալից ու ահեղ ձայնով, և նրա գավազանը փայլատակեց կայծակի նման։― Արհավիրք է սպասվում․․․ Ավա՜ղ, ավելի շուտ, քան ես կարծում էի։ գոբլիններն են մոտենում․․․ Նրանց հետ է Բոլգը, որի հորը՝ Ազոգին, դու սպանեցիր Մորայայի հանքերում, ով Դեյն։ Տեսեք։ Գոբլինների բանակի գլխավերևով չղջիկներ են սուրում։ Գոբլիններն արշավում են վարգերին հեծած։
Խուճապը տիրեց զարմացած ռազմիկներին։ Մութը գնալով թանձրանում էր։ Թզուկները սրասափով նայում էին երկնքին։ Էլֆերի կրծքից տնքոց դուրս թռավ։
― Այստե՜ղ,― գոռաց Հենդալֆը։― Մենք դեռ կհասցնենք խորհուրդ անել։ Դեյնը՝ Նեյնի որդին, թող գա մեզ մոտ։
Այսպես կսկսվեց կռիվը, որին ոչ ոք չէր սպասում։ Հետո այն կոչեցին հինգ բանակների ճակատամարտ։ Դրա մասին հիշելն ահավոր է։ Մի կողմում գոբլիններն էին ու հրեշավոր վարգերը, մյուս կողմում՝ էլֆերը, մարդիկ և թզուկները։
Այդ ճակատամարտի պատմությունն այսպիսին է․ Գերագույն գոբլինի մահվան րոպեից նրա ցեղի թշնամությունը թզուկների նկատմամբ վերաճեց մահացու ատելության։ Սուրհանդակները չափ գցած վազվզում էին նրանց քաղաքների, գաղութների, ամրոցների միջև․ գոբլինները որոշել էին տիրանալ ամբողջ Հյուսիսին։ Գաղտնի կերպով նրանք տեղեկություններ էին հավաքում․ բոլոր սարերի տակ զենքեր էին կռում, բանակներ էին զինում։ Հետո գոբլիններն արշավի դուրս եկան։ Նրանք գնում էին գետնի տակով, թունելներով կամ գիշերվա քողի տակ։ Եվ, վերջապես, Հանոբադ մեծ լեռան խորքում, որտեղ նրանց մայրաքաղաքն էր գտնվում, չլսված, չտեսնված զորք հավաքվեց։ Գոբլինները որոշել էին սպանել ամպրոպին և հարձակվել՝ հանկարծակիի բերելով թզուկներին։ Այստեղ նրանք լսեցին Սմոգի կործանվելու լուրը և ուրախացան։ Գիշեր ու զօր նրանք լեռների միջևով կրկնակոխ սլանում էին Դեյնի ետևից և հանկարծ հայտնվեցին Սարի մոտ։ Ոչ ոք, նույնիսկ արջնագռավները չէին իմացել նրանց արշավանքի մասին։ Թե Հենդալֆին ինչ էր հայտնի, հնարավոր չէ ասել, բայց բոլոր դեպքերում, այսքան հանկարծակի հարձակումը նրա համար էլ էր անսպասելի։ Խորհրդի ժամանակ Հենդալֆը, էլֆերի արքան, Բերդը և Դեյնը հետևյալ պլանը մշակեցին․ գոբլիննեն համընդհանուր թշնամի են, և նրանց գալու հետ իրենց երկպառակտությունները պետք է մոռացվեն։ Միակ միջոցն այն է, որ գոբլիններին քաշեն Սարի երկու ճյուղավորումի մեջտեղը, իսկ իրենց ամրանան վերևում։ Բայց եթե գոբլինները զորքի մի մասն անցկացնեն Սարով, իրենց շրջապատելով բոլոր կողմերից, ապա դաշնակիցները կորած են, քանի որ այդ դեպքում թշնամին կգրոհի թիկունքից և վերևից։ Ամպրոպն անցավ, որոտը գլորվեց հարավ֊արևելք, բայց չղջիկների ամպը ավելի ու ավելի էր ցած իջնում, պտտվում նրանց գլխավերևում, լույսը փակելով ու սրտերը սարսափով լցնելով։
― Դեպի սարը,― գոռաց Բերդը։― Տեղերը գրավենք, քանի ժամանակ ունենք․․․
Հարավային ճյուղավորման վրա, ամբողջ լանջով մեկ կանգնած էին էլֆերը, արևելյանում՝ մարդիկ ու թզուկները։ Բերդը առավել ճարպիկ մարդկանց ու էլֆերի ջոկատներով բարձրացավ արևելյան ճյուղավորման կատարը, որպեսզի դիտի հյուսիսային կողմը։ Ի՜նչ ահավոր տեսարան․․․ Թշնամու բազմությունից Սարի ողջ շրջապատը սևացել էր։ Մի րոպե անց առջևի գոբլինները շրջանցեցին Սարի թևն ու լցվեցին հովիտը։ Դրանք գոբլինների լավագույն հեծյալներն էին, որոնց գոռում֊գոչյունը սիրտ էր ճաքեցնում։ Բերդի զորքից քաջարի մի ջոկատ կտրեց ճանապարհը՝ փորձելով շեղել նրանց։ Հետո մարդիկ այս ու այն կողմ փախան․ բայց շատերը սպանվեցին։ Ինչպես և մտածում էր Հենդալֆը, գոբլինները, անսպասելի դիմադրությունից մոլեգնած, կենտրոնացան առաջապահ զորքերի թիկունքում և այժմ կատաղորեն նետվում էին դեպի հովիտ ու լեռան ճյուղավորումների միջև։ Նրանց սևաբոսոր դրոշներին թիվ չկար։ Գոբլինները սլանում էին խառնիխուռն ու խելահեղ հոսանքով։