Changes

Ալիսը հրաշքների աշխարհում

Ավելացվել է 17 694 բայտ, 20:02, 5 Մայիսի 2014
/* ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ Ճագարը ներս է ուղարկում փոքրիկ Բիլին */
Եվ ձգվելով կանգնեց ոտքերի ծայրերին, գողունի նայեց եզրն ի վեր ու հայացքը հանդիպեց մեծ, կապույտ թրթուրի հայացքին: Թրթուրը սունկի գագաթին նստած ամենևին ուշադրություն չէր դարձնում ոչ Ալիսի և ոչ էլ ուրիշ բանի վրա. նա ձեռքերը ծալած հանգիստ նարգիլե էր քաշում:
 
ԳԼՈՒխ ՀԻՆԳԵՐՈՐԴ
 
Թրթուրի խորհուրդը
 
Մի որոշ ժամանակ Թրթուրն ու Ալիսը լուռ դիտում էին միմյանց: Վերջապես, Թրթուրը բերանից հանեց նարգիլեն ու դիմեց աղջկան թույլ, քնկոտ ձայնով.
 
— Դու ո՞վ ես:
 
Այս հարցը խոսակցություն սկսելու համար քաջալերող նախաբան չէր: Ալիսը փոքր-ինչ քաշվելով պատասխանեց.
 
— Ես... ես չգիտեմ, թե ով եմ ես հիմա, պարոն: Ես միայն գիտեմ, թե ով էի այսօր առավոտյան, բայց այնքան շատ եմ փոխվել առավոտից ի վեր:
 
— Ի՞նչ ես ուզում ասել, — խիստ հարցրեց Թրթուրը, — բացատրիր միտքդ:
 
— Շատ եմ ցավում, պարոն, բայց չեմ կարող միտքս բացատրել, որովհետև ինչպես տեսնում եք, ես՝ ես չեմ:
 
— Չեմ տեսնում:
 
— Դժբախտաբար ավելի պարզ հնարավոր չէ ասել, — վերին աստիճանի քաղաքավարի ասաց Ալիսը, — ես ինքս էլ չեմ հասկանում, թե ինչից սկսեց, բայց մի օրում այդքան անգամ փոխվելուց հնարավոր է գլուխդ կորցնես:
 
— Հնարավոր չէ, — ասաց Թրթուրը:
 
— Դե, միգուցե դուք չեք կորցնում, բայց երբ հանկարծ հարսնյակ դառնաք, իսկ հետո էլ թիթեռնիկ, երևի դուք էլ փոքր ինչ գլխապտույտ կզգաք, ճիշտ չէ՞:
 
— Հեչ էլ չէ12:
 
— Դե, միգուցե դուք ուրիշ բան եք զգացել, ես միայն գիտեմ, որ այդ ամենն ինձ համար տհաճ է:
 
— Լսի՛ր, — արհամարհանքով նետեց Թրթուրը, — ո՞վ ես դու:
 
Այս հարցը նորից նախկին խոսակցությանը վերադարձրեց:
 
Թրթուրի այդքան կտրուկ խոսքերը բարկացրին Ալիսին: Նա հավաքեց իրեն ու լուրջ դեմք ընդունեց.
 
— Ինձ թվում է, դուք նախ պետք է ասեք ձեր ով լինելը:
 
— Ինչո՞ւ, — զարմացավ Թրթուրը:
 
Ահա մեկ ուրիշ շփոթեցնող հարց: Եվ քանի որ Ալիսը չկարողացավ որևէ հարմար պատասխան գտնել և քանի որ նրան թվում էր, թե Թրթուրը բավական անտրամադիր է, ուստի գերադասեց հեռանալ:
 
— Վերադարձի՛ր,— բղավեց Թրթուրը, — ես շատ կարևոր ասելիք ունեմ:
 
Թրթուրի խոսքերը խոստումնալից հնչեցին: Ալիսը շրջվեց ու հետ դարձավ:
 
— Հանգստացիր, — ասաց Թրթուրը:
 
— Ա՞յդ էր ամենը, — հնարավորին չափ զսպելով բարկությունը, հարցրեց Ալիսը:
 
— Ոչ:
 
Ալիսը որոշեց համբերել, որովհետև ուրիշ անելիք չուներ: Գուցե այդ բոլորից հետո կարևոր բան է լսելու: Մի քանի րոպե Թրթուրը լուռ փստացնում էր. վերջապես արձակեց ձեռքերը, բերանից հանեց նարգիլեն ու ասաց.
 
— Ուրեմն քեզ թվում է, որ դու փոխվել ես:
 
— Դժբախտաբար, այո, պարոն, տասը րոպեն մեկ փոխվում եմ և ոչինչ չեմ կարողանում հիշել:
 
— Չես կարողանում հիշել, օրինակ, ինչը՞, — հարցրեց Թրթուրը:
 
— Դե, ես փորձեցի արտասանել «Փոքրիկ մեղուն» ոտանավորը, բայց բոլորովին այլ բան ստացվեց, — թախծոտ պատասխանեց Ալիսը:
 
— Արտասանիր «Ծերացել ես, Վիլյամ հայրիկը»:
 
Ալիսը խաչաձևեց ձեռքերն ու սկսեց.
 
 
<poem>— Ծերացել ես, Վիլյամ հայրիկ, — ասաց տղան իր հորը, —
Ու մազերդ սպիտակել են ձյան պես,
Սակայն գլխի վրա կանգնած՝ անց ես կացնում քո օրը,
Քո տարիքում սազակա՞ն է արդյոք քեզ:
 
— Քո տարիքում, — պատասխանեց որդուն Վիլյամ հայրիկը, -
Կարծում էի, թե վնաս է խելքին շատ:
Բայց հիմի, երբ ոչ խելք ունեմ, ոչ էլ դրա կարիքը,
Ես կանգնում էմ գլխիս վրա անընդհատ:
 
— Ծերացել ես, — ասաց աղան, — ինչպես արդեն ասացի,
Չաղացել էս ու դարձել ես մի ցմփոր,
Բայց նոր օդում դու տվեցիր գլուխկոնծի ու քացի,
Ասա, ո՞նց ես դու թռչկոտում ամեն օր:
 
— Քո տարիքում,—պատասխանեց իմաստունը ջլապինդ,—
Ես շփել եմ իմ մարմինը անընդհատ
Անմահական այս հեղուկով
Սրվակն արժի մեկ շիլինգ,
Չես փոշմանի, եթե առնես երկու հատ:
 
Թուլացել է քո ծնոտը,—ջահել տղան հորն ասաց,
— Փորոտիքի ճարպից պինդ բան չես ծամում,
Բայց խժռեցիր հենց նոր մի սագ ոսկոր-կտուց չմնաց,
Ասա տեսնեմ՝ ո՞նց ես էդ բանը անում:
 
— Քո տարիքում,—ասաց հայրը,—դատարանից տուն գալով,
Քո մոր հետ եմ ամեն գործը քննարկել,
Եվ ծնոտիս մկանները ամրացել են դրանով
Ու գործում էն մինչև օրս անարգել:
 
— Ծերացել ես,—ասաց աղան, — և ում մտքով կանցնի, որ
Առաջվա պես ժիր ես, ճարպիկ, սրատես,
Բայց պահեցիր օձաձուկը քթիդ ծայրին դու հենց նոր,
Ի՞նչ ես անում, որ խելոք ես դու այդպես:
 
— Չորս հարցերիդ ես տվեցի պատասխաններ ճշմարիտ,
Բավական է, — ասաց հայրը, — լավ է՝ չափդ իմանաս:
Հո չե՞ս կարծում ամբողջ օրը պիտի լսեմ տխմարիդ,
Չքվի՛ր, թե չէ վզակաթիդ կստանաս13:</poem>
 
 
 
— Ճիշտ չէ, — ասաց Թրթուրը:
 
— Որոշ չափով, — երկչոտ համաձայնեց Ալիսը, — միայն մի քանի բառ շփոթեցի:
 
— Սկզբից մինչև վերջ սխալ է, — վճռական ձայնով ասաց Թրթուրը և որոշ ժամանակ լռություն տիրեց:
 
Առաջինը խոսեց Թրթուրը:
 
— Ի՞նչ չափսի կուզենայիր լինել:
 
— Դե, ես այնքան էլ պահանջկոտ չեմ, — շտապ վրա բերեց Ալիսը, — միայն թե, գիտե՞ք, շարունակ փոխվելը հաճելի չէ:
 
— Որտեղի՞ց իմանամ, — ասաց Թրթուրը:
 
Ալիսը ձայն չհանեց: Իր ամբողջ կյանքում նրան երբեք այդքան չէին հակաճառել, և զգաց, որ բարկանում է:
 
— Իսկ հիմա դու գոհ չե՞ս, — հարցրեց Թրթուրը:
 
— Դե, ես կուզեի մի քիչ ավելի բարձր լինել, եթե իհարկե, դուք չեք առարկում: Ինձ դուր չի գալիս երեք մատնաչափ հասակս:
 
— Դա հիանալի հասակ է, — բարկացավ Թրթուրը և խոսելիս ձգվեց (Նա ճիշտ երեք մատնաչափ էր):
 
— Բայց ես սովոր չեմ դրան, — թախանձագին ձայնով արդարացավ խեղճ աղջիկը և միաժամանակ մտածեց, «Լավ կլիներ, որ այս արարածներն այդքան շուտ չվիրավորվեին»:
 
— Ժամանակի ընթացքում կհաշտվես, — ասաց Թրթուրը, նորից նարգիլեն դրեց բերանն ու սկսեց ծխել:
 
Այս անգամ Ալիսը համբերությամբ սպասեց մինչև Թրթուրը կբարեհաճեր խոսել: Քիչ անց, Թրթուրը ցած դրեց նարգիլեն, մի քանի անգամ հորանջեց ու թափ տվեց իրեն: Հետո իջավ սնկի գլխիկից ու խոտերի միջով սողալով անցավ- գնաց.
 
— Մի կողմը հասակդ կերկարացնի, իսկ մյուս կողմը կկարճացնի:
 
«Ինչի՞ մի կողմը և ինչի մյուս կողմը», — մտածեց Ալիսը:
 
— Անկի, — պատասխանեց Թրթուրը, կարծես գուշակելով Ալիսի միտքը, և հաջորդ վայրկյանին նրա հետքն անգամ չէր մնացել:
 
Ալիսը մտածկոտ նայեց սնկին, փորձելով որոշել, թե որոնք են նրա երկու կողմերը: Դա շատ դժվար հարց էր, որովհետև այն բացարձակ կլոր էր: Այնուամենայնիվ, հնարավորին չափ տարածելով թևերը սնկի շուրջը, ձեռքերով յուրաքանչյուր եզրից փոքրիկ կտորներ պոկեց.
 
— Տեսնես սրանցից որը ո՞րն է, — ասաց նա և, փորձելու համար ազդեցությունը, կծեց աջ ձեռքի պատառիկը: Հաջորդ վայրկյանին կզակի տակ մի ուժգին հարված զգաց, կզակը խփվել էր ոտքին:
 
Ալիսը շատ վախեցավ այդ հանկարծակի փոփոխությունից և զգաց, որ չպետք է ժամանակ կորցնել, որովհետև արագորեն կարճանում էր: Նա իսկույն գործի անցավ ու փորձեց ուտել մյուսը: Կզակն այնպես էր սեղմվել ոտքին, որ բերանը հազիվ էր բացվում: Մի կերպ նրան հաջողվեց կծել ձախ ձեռքի պատառիկը:
 
<nowiki>* * *</nowiki>
 
— Վերջապես գլուխս ազատեցի, — Ալիսի ուրախությանը չափ չկար, բայց ահա, հաջորդ վայրկյանին, երբ չկարողացավ տեսնել ուսերը, նրա ուրախությունը փոխվեց տագնապի: Իսկ երբ ցած նայեց? գետնին թափված կանաչ տերևների կույտի միջից ծառաբնի նման վեր էր խոյանում մի հսկայական երկար վիզ:
 
— Այդ ի՞նչ կանաչություն է, իսկ ուր են ուսերս, իմ խեղճ ձեռքեր, որտե՞ղ եք դուք հիմա, ինչո՞ւ չեք երևում:
 
Խոսելիս նա այս ու այն կողմ էր թափահարում ձեռքերը, բայց իզուր, հեռվից միայն տերևների թեթև խշխշոց էր գալիս: Քանի որ Ալիսը չէր կարող ձեռքերը մոտեցնել գլխին, փորձեց հակառակը՝ գլուխը մոտեցնել ձեռքերի» շատ ուրախացավ՝ տեսնելով, որ վիզը հեշտությամբ, օձի նման գալարվում է ցանկացած կողմը: Նրան հենց նոր էր հաջողվել երկար վզով օդում շնորհալի զիգզագ գծել, և պատրաստվում էր սուզվել սաղարթի մեջ, որը այլ ինչ էր, եթե ոչ կատարները այն ծառերի, որոնց տակ քիչ առաջ թափառում էր, երբ հանկարծ մի զիլ ֆշշոց ստիպեց նրան արագորեն հետ քաշվել: Մի խոշոր աղավնի էր թռել եկել դեմքին շատ մոտ և թևերով ուժգնորեն հարվածում էր նրան:
 
— Օ՜ձ, — ճղճղում էր Աղավնին:
 
—Ես օձ չեմ, — զայրացավ Ալիսը, — ինձ հանգիստ թողեք:
 
— Օձ ես, օձ, — կրկնեց Աղավնին, այս անգամ արդեն ցածր, հեծկլտացող ձայնով, — ես ամեն ինչ փորձել եմ, բայց իզուր, նրանց գոհացնել չես կարող:
 
— Նույնիսկ չեմ հասկանում, թե ինչի մասին եք խոսում:
 
— Ես փորձել եմ ծառերի արմատները, գետի ափերը, փորձել եմ նույնիսկ ցանկապատերը, բայց այդ օձերից պրծում չկա, չկա, — շարունակեց Աղավնին՝ առանց ուշադրություն դարձնելու Ալիսին:
 
Ալիսի զարմանքը գնալով աճում էր, բայց գերադասեց լռել, որովհետև խոսելն անօգուտ էր, քանի դեռ Աղավնին չէր վերջացրել ասելիքը:
 
— Կարծես թուխս նստելը բավական չէ, հիմա էլ այդ օձերի պատճառով օր ու գիշեր քուն չունեմ: Արդեն երեք շաբաթ է աչք չեմ փակել:
 
— Շատ եմ ցավում, որ ձեզ հանգիստ չեն տալիս, — վշտացավ Ալիսը, որն արդեն սկսել էր հասկանալ Աղավնուն:
 
— Եվ երբ ընտրեցի անտառի ամենաբարձր ծառը, — ճչալու աստիճան ձայնը բարձրացրեց Աղավնին, — և երբ կարծում էի, վերջապես, ազատվել եմ նրանցից, բայց հիմա էլ նրանք գալարվելով երկնքից են իջնում: Ա՜խ, օձի մեկը:
 
— Ես ձեզ ասում եմ, որ օձ չեմ, ես... ես..., — ասեց Ալիսը:
 
— Դե լավ, իսկ ի՞նչ ես: Տեսնում եմ, ուզում ես մի բան հնարել, — հաղթական ասաց Աղավնին:
 
— Ես... Ես մի Փոքրիկ աղջիկ եմ, — հիշելով օրվա մեջ իր կրած անթիվ-անհամար փոփոխությունները, տարակուսելով քրթմնջաց Ալիսը:
 
— Լավ ես հնարում, — խոր արհամարհանքով նետեց Աղավնին, — ես կյանքում շատ փոքրիկ աղջիկներ եմ տեսել, բայց ոչ մեկն այդպիսի վիզ չի ունեցել, ոչ, ոչ, դու օձ ես: Իզուր մի խաբիր: Գուցե հիմա էլ ասես, որ երբեք ձու չե՞ս կերել:
 
— Իհարկե, կերել եմ, — խոստովանեց Ալիսը. նա շատ ճշմարտախոս երեխա էր, — Գիտեք չէ՞, որ փոքրիկ աղջիկներն էլ օձերի նման ձու շատ են ուտում:
 
— Չեմ հավատում, իսկ եթե ուտում են, ուրեմն նրանք էլ օձի մի տեսակն են, ահա թե ինչ:
 
Սա մի այնպիսի նորություն էր, որ Ալիսը մի քանի րոպե պապանձվեց:
 
Աղավնին առիթից օգտվելով շարունակեց.
 
— Ստում ես, գիտեմ, որ հիմա ձու ես փնտրում, և ինձ համար ոչ մի նշանակություն չունի, դու փոքրիկ աղջիկ ես, թե օձ:
 
— Իսկ ինձ համար նշանակություն ունի, — շտապ վրա տվեց Ալիսը, — բայց ինչպես դուք եք ենթադրում, ես բոլորովին էլ ձու չեմ փնտրում, իսկ եթե չգտնեմ էլ, ձերը չեմ վերցնի, որովհետև հում ձու չեմ սիրում:
 
— Ուրեմն, հեռացիր այստեղից, — թթված դեմքով ասաց Աղավնին ու մտավ բույնը:
 
Ալիսը գլխահակ, վախվխելով քայլում էր ծառերի միջով, որովհետև վիզը փաթաթվում էր ճյուղերին և շարունակ կանգ էր առնում արձակելու այն: Քիչ անց հիշեց, որ բռունցքների մեջ սունկի կտորներ են մնացել և զգուշությամբ գործի անցավ՝ կծելով մեկ մի ձեռքի պատառիկը, մեկ մյուս, մերթ երկարելով, մերթ կարճանալով, մինչև որ հաջողվեց նախկին հասակն ընդունել:
 
Այդ նրան սկզբում անսովոր թվաց, բայց հետզհետե ընտելացավ և, ըստ սովորության, սկսեց խոսել ինքն իր հետ.
 
— Դե, ահա ծրագրիս կեսն իրագործված է: Ի՜նչ տարօրինակ են այս փոփոխությունները: Ես չգիտեմ, թե հաջորդ վայրկյանին ինչ եմ դառնալու: Դե ինչ, հիմա արդեն նախկինն եմ, և պետք է մտածել գեղատեսիլ պարտեզն ընկնելու մասին: Սակայն ինչպե՞ս:
 
Այս խոսքերն ասելուն պես նա հանկարծ հայտնվեց մի բացատում, որտեղ մոտ չորս ոտնաչափ բարձրության տնակ կար:
 
«Ով էլ որ ապրում է այնտեղ, — մտածեց Ալիսը, — երբեք չեմ կարող այս հասակովս հայտնվել ու լեղապատառ անել նրանց»: Նա նորից կերավ աջ ձեռքի պատառից ու չմոտեցավ տնակին այնքան ժամանակ, մինչև որ դարձավ ինը մատնաչափ:
Վստահելի
294
edits