Changes

Դեկամերոն

Ավելացվել է 4769 բայտ, 10:04, 20 Հոկտեմբերի 2014
/* ԱՌԱՋԻՆ ՕՐ */
Ամենայն անգամ, գեղանի տիկնայք, երբ միտք եմ անում և տեսնում, թե ի բնե որքան կարեկից եք դուք, գալիս եմ այն համոզման, որ սույն գործիս սկիզբը կարող է ձեզ ծանր ու տխրալի թվալ, քանի որ հենց այդպիսին է նրա ճակատին գրված վշտաբեր վերհուշը անցյալ ժանտախտի պատճառած մահացության մասին, որը ողբալի է բոլոր նրանց համար, ով իր աչքով տեսել կամ որևէ այլ կերպ զգացել է այն: Ես դրանով չեմ ուզում ետ պահել ձեզ ընթերցումը շարունակելուց, չեմ ուզում ասել, թե դրանից հետո էլ դուք պիտի քայլեք հեծեծանքների և արցունքների միջով: Սոսկումնալի սկիզբը ձեզ համար կլինի նույնը, ինչ որ ուղևորների համար անմատչելի, զառիվեր լեռը, որի մյուս կողմում փռված է չքնաղ ու հրաշալի մարգագետինը, որը նույնքան շատ է հաճելի նրանց, որքան մեծ է եղել ջանքը բարձրանալիս և իջնելիս:Ինչպես չաթից դուրս խնդությանըը վիշտն է հաջորդում, ինչպես դժբախտության վախճանը ուրախությունն է միշտ, այնպես էլ այս կարճատև տխրությանը (ասում եմ կարճատև, որովհետև այն պարունակվում է մի քանի բառերի մեջ) շուտով կհետևեն սփսփանքն ու հաճույքը, որ ես խոստացա նախապես, և որոնց, այսպիսի մի սկզբից հետո, ոչ ոք չպիտի սպասեր, եթե չնախազգուշացնեին: Ճշմարիտն ասած, եթե արժանավայել ձևով կարենայի ձեզ իմ ցանկացած տեղը հասցնել մի այլ ճանապարհով, այլ ոչ թե այդքան զառիվեր կածանով, ապա ես սիրով այդպես կանեի, բայց քանի որ առանց այդ հիշողություններին դառնալու անհնար էր բացատրել, թե ինչու իսկապես տեղի ունեցան այն դեպքերը, որոնց մասին կարդալու եք հետո, ես սկսում եմ գրել ուղղակի անհրաժեշտությունից դրդված:
Եվ այսպես, կասեմ, որ Աստվածորդու բարերար մարգարեությունից 1348 տարի էր անցել, երբ փառաշուք Ֆլորենցիային, իտալական քաղաքներից սքանչելագույնին, պատուհասեց ժանտախտը, որը, չգիտեմ երկնային լուսատուների ազդեցությամբ, թե մեր մեղքերի համար մահկանացուների գլխին իջած աստվածային արդար բարկության պատճառով, դրանից մի քանի տարի առաջ ի հայտ գալով արևելքի մարզերում և, դրանց զրկելով անթիվ ու անհամար բնակիչներից, անդադար տեղից տեղ անցնելով, սաստկանալով ողբալիորեն, եկավ ու հասավ նաև արևմուտք: Նրա դեմ ոչինչ չկարողացան անել ո՛չ մարդու իմաստությունը, ո՛չ կանխատեսությունը, որոնց շնորհիվ քաղաքը, այդ նպատակով նշանակված մարդկանց ձեռքով, մաքրվել էր աղտեղությունից, արգելվել էր հիվանդներին քաղաք բերելը, հրատարակվել էին բազմաթիվ հրահանգներ առողջությունը պահպանելու մասին: Չէին օգնում նաև հաճախ կրկնվող խանդաղատագին թափորամաղթանքներն ու այլ տեսակի մաղթանքները, որ կազմակերպում էին բարեպաշտ մարդիկ: Հիշյալ տարվա գարնան մոտավորապես սկզբներին հիվանդությունն սկսեց իր ողբալի ազդեցությունը երևան բերել սարսափելի ու տարօրինակ ձևով. ո՛չ այնպես, ինչպես արևելքում, որտեղ քթից արյուն հոսելն ստույգ նշան էր անխուսափելի մահվան. այստեղ հիվանդության սկզբում տղամարդկանց ու կանանց աճուկներում և կռնատակերին առաջանում էին ինչ-որ ուռուցքներ, որոնք աճում էին սովորական խնձորի կամ ձվի մեծությամբ, լինում էին և փոքրերը: Ժողովուրդը դրանց gavoccioli (ժանտախտի գեղձուռուցքներ) անունն էր տալիս: Կարճ ժամանակամիջոցում այդ մահաբեր ուռուցքը մարմնի հիշյալ մասերից անցնում էր անխտիր նաև մյուս մասերը, իսկ այնուհետև հիշյալ ախտի նշանը փոխվում էր սև ու կապույտ բծերի, որոնք շատերի մոտ երևում էին ձեռքերի ու ազդրերի և մարմնի մյուս մասերի վրա, ոմանց մոտ խոշոր ու սակավաթիվ, ոմանց մոտ՝ մանր ու խիտ-խիտ: Եվ ինչպես սկզբում և դրանից հետո էլ ուռուցքը համարվում էր մոտալուտ մահվան անկասկածելի նշան, այդպիսին էին և բծերը՝ ում մարմնի վրա որ երևում էին:Թվում էր, որ այդ ախտերի դեմ անզոր ու անօգուտ էին թե՛ բժշկի խորհուրդը, թե՛ այս կամ այն դեղի զորությունը: Արդյոք այդպիսի՞ն էր հիվանդության հատկությունը, թե՞ բուժողների տգիտությունը (որոնց մեջ, բացառությամբ ուսյալ բժիշկների, կային շատերը, տղամարդ թե կին, որոնք ոչ մի հասկացողություն չունեին բժշկությունից) չէր հայտնաբերել նրա պատճառը, դրա համար էլ չէր գտել պատշաճ միջոցներ, միայն թե քչերն էին ապաքինվում, և գրեթե բոլորն էլ մեռնում էին հիշյալ նշանները երևալու երրորդ օրը, ոմանք ավելի շուտ, մյուսները փոքր-ինչ ուշ, և մեծ մասն առանց տենդային կամ այլ երևույթների: Ժանտախտի տարածումը սաստկանում էր նրանով, որ այդ ախտը շփման միջոցով հիվանդներից անցնում էր առողջներին, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես բոցը կլանում է չոր կամ ճարպոտ առարկաները, երբ վերջիններս մոտեցվում են նրան:Եվ առավել մեծ չարիքն այն էր, որ հիվանդությունը և ընդհանուր մահացության պատճառը առողջներին անցնում էր ոչ միայն հիվանդների հետ ունեցած խոսակցության կամ շփման միջոցով, այլև հիվանդի հագուստին կամ գործածած և ձեռք տված որևէ իրին դիպչելն իսկ փոխանցում էր հիվանդությունը: Եվ զարմանալի պիտի թվա, ինչ որ հիմա պիտի ասեմ, և եթե շատերն ինձ պես իրենց աչքով դա տեսած չլինեին, մտքովս անգամ չէր անցնի հավատալ, ուր մնաց թե գրել, փեկուզև թեկուզև լսած լինեի արժանահավատ մարդուց: Կասեմ, որ այդ վարակը մեկից մյուսին փոխանցվելիս այնպիսի հատկություն ուներ, որ ոչ միայն մի մարդուց մյուսին էր անցնում, այլև հաճախ տեսնում էին է՛լ ավելի զարմանալին. այդ ախտով հիվանդացած կամ նրանից մեռած մարդուն պատկանած իրը, եթե դրան դիպչում էր մարդու տեսակին չպատկանող որևէ կենդանի էակ, ոչ միայն նրան վարակում, այլև սպանում էր կարճ ժամանակի ընթացքում: Այդ բանի մեջ, ինչպես ասված է վերևում, ես համոզվեցի սեփական աչքերով, մի անգամ, ի միջի այլոց, այսպիսի դեպքի ականատես լինելով. այդ հիվանդությունից մեռած մի աղքատ մարդու լաթերը փողոց էին նետված. երկու խոզեր, պատահաբար գտնելով դրանք, իրենց սովորության համաձայն, երկար ժամանակ ծվիկ-ծվիկ արին դնչերով, ապա ժանիքներով դեսուդեն քաշքշեցին և կարճ ժամանակից հետո, փոքր-ինչ պտույտ-պտույտ գալով, ասես թույն կերած, անշնչացած ընկան չարաբաստիկ լաթեր վրա:
Այդօրինակ և առավել սոսկալի շատ ուրիշ դեպքեր զանազան ահեր ու ցնդի մտքեր էին առաջացնում այն մարդկանց մեջ, որոնք, դեռևս ողջ մնացած լինելով, գրեթե ամենեքյան մի դաժան նպատակի էին ձգտում՝ հեռու փախչել հիվանդներից և խուսափել ինչպես նրանց, այնպես էլ նրանց պատկանող իրերի հետ շփում ունենալուց. և այդպես վարվելով՝ կարծում էին, թե կպահպանեն իրենց կյանքը: Ոմանք գտնում էին, թե սակավապետ ապրուստը և բոլոր ավելորդություններից հրաժարվելը շատ են օգնում չարիքի դեմ կռվելուն: Փոքրիկ խմբեր կազմելով, նրանք ապրում էին մյուսներից առանձնացած, թաքչելով ու փակվելով այն տներում, որտեղ հիվանդներ չկային, և որոնք հարմարավետ էին իրենց համար: Մեծ չափավորությամբ օգտագործելով ընտիր ուտելիքներ և լավագույն գինիներ, խուսափելով ամեն մի շռայլությունից, ոչ ոքի թույլ չտալով խոսել իրենց հետ և չցանկանալով դրսից ոչ մի լուր առնել մեռածների կամ հիվանդների մասին, նրանք իրենց ժամանակն անց էին կացնում երաժշտության և այն բավականությունների մեջ, որ կարող էին պատճառել իրենց: Ոմանք էլ, ունենալով հակառակ կարծիք, պնդում էին, թե հիվանդության ամենաստույգ ճարը սա է. խմել ու վայելել, թափառել երգեր ասելով և զվարճախոսելով, ըստ կարելույն բավարարել ամեն մի ցանկություն և ծիծաղել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում շուրջը: Եվ սրանք, ինչպես ասում, այնպես էլ վարվում էին ըստ հնարավորին, զօր ու գիշեր թափառելով գինետնից գինետուն, կոնծելով անչափ ու անսահման. ավելի հաճախ դա անում էին ուրիշների տներում, միայն թե լսած լնեին, որ այնտեղ իրենց ճաշակը գոհացնող կամ հաճելի որևէ բան կա: Եվ նրանց համար հեշտ էր այդ անել, քանի որ բոլորը, այլևս կենդանի մնալու հույսը կտրած, ճակատագրի քմահաճույքին էին հանձնել և՛ իրենց, և՛ իրենց ունեցվածքը. ուստի տների մի մասը ընդհանուրի սեփականությունն էր դարձել, և կողմնակի մարդը ոտք դնելով այնտեղ՝ օգտվում էր ճիշտ այնպես, ինչպես կօգտվեր իսկական տան տերը: Եվ այդ մարդիկ, անասնական հակումների հետամուտ, ըստ կարելույն խուսափում էին հիվանդներից: Եվ մեր քաղաքի այդ թշվառ ու ընկճված վիճակի հետևանքով գրեթե անկավ ու վերացավ ինչպես աստվածային, այնպես էլ մարդկային օրենքների հեղինակությունը, որովհետև այդ օրենքների սպասավորներն ու ի կատար ածողները մյուսների նման կա՛մ մեռած էին, կա՛մ նրանց ձեռքի տակ այնքան քիչ պաշտոնյաներ էին մնացել, որ նրանք չէին կարողանում կատարել ոչ մի պարտականություն, ուստի և յուրաքանչյուրին թույլ էր տրված անել՝ ինչ որ լավ կհամարեր:
Սակայն թողնելով քաղաքաշուրջ վայրերը և նորից քաղաքին դառնալով, կարո՞ղ ենք ասել ավելին, քան այն, որ երկնքի դաժանության, բայց գուցե և մարդկային անգթության պատճառով, մարտ ամսից մինչև հուլիսը,- մասմաբ ժանտախտի սաստկությունից, մասամբ էլ առողջներին համակած երկյուղից, որի պատճառով հիվանդներին վատ էին խնամում և չէին բավարարում նրանց պահանջները,- Ֆլորենցիա քաղաքի պատերի մեջ մեռավ, ինչպես կարծում են, մոտ հարյուր հազար մարդ, թեև մինչ այդ մահտարաժամը երևի չէին էլ կարծում, որ քաղաքն այդքան բնակիչ ուներ: Քանի-քանի մեծաշուք ապարանքներ, գեղեցկաշեն տներ ու պերճալի կացարաններ, որ մի ժամանակ լի էին սպասավորներով, տերերով ու տիրուհիներով, ամայացան մինչև վերջին սպասավորը ներառյալ: Քանի-քանի մեծահամբավ տոհմեր, հարուստ ժառանգություններ և փառավոր ունեցվածքներ մնացին առանց օրինական ժառանգի: Քանի-քանի քաջառողջ տղամարդիկ, գեղեցիկ կանայք ու չքնաղ պատանիներ, որոնց կատարելապես առողջ կհամարեին նույնիսկ Գազիանոսը, Հիպոկրատն ու Էսկուլապը, առավոտյան ճաշում էին հարազատների, ընկերների ու բարեկամների հետ միասին, իսկ երեկոյան իրենց նախնիների հետ ընթրում էին հանդերձյալ աշխարհում:
Ինձ համար ծանր է այդքան երկար կանգ առնել այդ թշվառությունների վրա, ուստի և, նրանց մասին արած պատմությունիցս դուրս թողնելով այն, ինչ հնարավոր է, կասեմ, որ այն ժամանակ, երբ այդ պարագաներում մեր քաղաքը գրեթե ամայացել էր, եղավ, որ մի երեքշաբթի օր առավոտյան (ինչպես այդ մասին հետագայում տեղեկացա արժանահավատ մարդուց) Սանտա Մարիա Նովելլայի արժանահարգ տաճարում, երբ այնտեղ համարյա թե մարդ չկար, յոթ դեռատի օրիորդներ, ըստ պատշաճի սգո հանդերձներ հագած, ժամերգությունը լսելուց հետո եկան ու հավաքվեցին իրար մոտ: Նրանք բոլորը միմյանց հետ կապված էին մտերմական, դրացիական կամ ազգակցական կապերով, ոչ մեկի տարիքը քսանևութից անց չէր և ոչ էլ տասնյոթից պակաս, բոլորն էլ խոհեմ էին ու մեծատոհմիկ, գեղեցիկ, բարեբարո և զուսպ սիրալիր: Ես նրանց իսկական անունները կտայի, եթե բավականաչափ առիթ չունենայի այդ չանելու. ես չեմ ցանկանում, որ նրանցից մեկն ու մեկը ապագայում ամոթ զգա իրենց պատմած կամ լսած հետագա նովելների համար, քանի որ թույլատրելի բավականությունների սահմաններն այժմ շատ ավելի են նեղ, քան այն ժամանակ, երբ հիշյալ պատճառների բերումով դրանք ամենաթույլատրելի բավականություններն էին ոչ միայն նրանց հասակին, այլև ավելի հասուն մարդկանց համար: Չեմ ցանկանում նույնպես, որ նախանձ մարդիկ, որոնք միշտ պատրաստ են նախատելու գովելի բարք ունեցողներին, առիթ ունենան անարժան խոսքերով որևէ կերպ նվաստացնելու այդ արժանավոր կանանց ազնիվ անունը: Իսկ որպեսզի կարողանաք առանց շփոթելու հասկանալ, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ է պատմելու հետագայում, ես մտադիր եմ նրանց կոչել իրենց հատկություններին լիովին կամ մասամբ համապատասխանող անուններով: Նրանցից առաջինին և տարիքով ավագին անվանենք Պամպինեա, երկրորդին՝ Ֆիամետտա, երրորդին՝ Ֆիլոմենա, չորրորդին՝ Եմիլյա, ապա Լաուրետտա անունը տանք հինգերորդին, վեցերորդին՝ Նեիֆիլա, իսկ վերջինին,- ոչ առանց պատճառի,- կոչենք Ելիզա: Նրանք բոլորը, ոչ թե որևէ դիտումով, այլ պատահաբար հավաքված եկեղեցու մի մասում,- նստեցին շուրջանակի և, մի քանի անգամ հառաչելուց հետո վերջացնելով ՛՛Հայր մերը՛՛, անցան օրվա չարիքին վերաբերող բազում ու բազմապիսի զրույցների: Փոքր ինչ անց, երբ մյուսները լռեցին, Պամպինեան այսպես սկսեց խոսել. - Իմ սիրելի՛ ընկերուհիներ, դուք հավանաբար, ինձ պես շատ անգամ եք լսել, որ մարդուս համար իր իրավունքից պատշաճաբար օգտվելը ոչ ոքի վնաս չի բերում: Ամեն ծնվողի բնական իրավունքն է ըստ հնարավորին պաշտպանել, պահել ու պահպանել իր կյանքը: Դա այնքան ճշմարիտ է, որ երբեմն, ինչպես պատահել է, սպանել են անմեղ մարդկանց, միայն թե պահպանեն իրենց կյանքը: Եթե դա թույլատրում են օրենքները, որ մտահոգված են բոլոր մահկանացուների բարվոք վիճակով, ապա մի՞թե պատշաճ չէ, առավել ևս մեզ և յուրաքանչյուրին, որ մենք մեր կյանքը պահպանելու նպատակով,- և առանց ուրիշին վնաս հասցնելու,- դիմենք մեզ համար մատչելի միջոցների օգնության: Երբ նայումեմ այս առավոտվա, ինչպես նաև անցյալ օրերի մեր վարմունքին, երբ խորհելով խորհում եմ, թե մենք ինչի մասին և ինչպես էինք զրուցում, համոզվում եմ, ինչպես դուք, որ մեզնից յուրաքանչյուրը վախենում է իր կյանքի համար: Դա չէ ինձ զարմացնողը, այլ այն, որ մեր կանացի զգայությամբ հանդերձ մենք ոչնչով չենք դիմակայում այն բանին, որ ամեն մեկս վախենում է իրավամբ: Ինձ այնպես է թվում, թե մենք այստեղ ապրում ենք հենց միայն նրա համար, որ ցանկանում ենք կամ պարտավոր ենք ականատես լինել, թե որքան անշնչացած մարմիններ են տարվում գերեզմանատուն, կամ որպեսզի լսենք, թե տեղիս վանականները, որոնց թիվն արդեն աննշան է դարձել, որոշյալ ժամերին կատարու՞մ են իրենց ծեսերը, կամ որպեսզի մեր հագուստներով ամեն անցնող-դարձողի ապացուցենք մեր դժբախտությունների տեսակն ու չափը: Դուրս գալով այստեղից, մենք տեսնում ենք, թե ինչես են տանում հանգուցյալներին կամ հիվանդներին. տեսնում ենք այն մարդկանց, որոնք մի ժամանակ իրենց զանցանքների համար հասարակական օրենքների զորությամբ աքսորի էին դատապարտվել և որոնք գազազած դեսուդեն են նետվում քաղաքում, ասես ծաղրելով օրենքները, քանզի գիտեն, որ դրանք ի կատար ածողները մեռել են արդեն կամ թե հիվանդ են. տեսնում ենք, թե ինչպես մեր քաղաքի տականքները, ի տանջանս մեր, որոնք հրճվում և ուրախանում են մեր մահով, բեկինների անվան տակ, կառքերով շրում և թափառում են ամենուրեք և իրենց անամոթ երգերով մեզ անարգում են մեր թշվառության համար:
[[Կատեգորիա:Արձակ]]
54
edits