Changes
/* ԼԵՌԱՆ ՄԻՋՈՎ ԵՎ ԼԵՌԱՆ ԸՆԴԵՐՔՈՒՄ */
Դա սարսափելի էր հնչում։ Պատերը ցնցվում էին «թրախկ ու շրախկ», «ճայթյուն ու որոտ»-ից և այլանդակ ծիծաղից։ Երգի իմաստը բավական պարզ էր․ գոբլինները հանեցին մտրակները և գերիներին առաջներն արած քշեցին՝ վը՜ժժ-վը՜ժժ․․․ Թզուկները աղիողորմ տնքում էին և ղժղժում։ Եվ հանկարծ բոլորը լցվեցին մի հսկայական քարանձավ։ Մեջտեղում հուրհրատում էր կարմիր մեծ խարույկը, պատերին ջահերև էին վառվում, քարանձավը լեփլեցուն էր գոբլիններով։ Նրանք բոլորը հռհռացին, ոտքերով դոփեցին ու ծափ զարկեցին, երբ ներս ընկան թզուկները, և վերջինը (նշանակում է մտրակներին առավել մոտիկ)՝ խեղճ Բիլբոն։ Նրա ետևից հայհույով և մտրակներով շրխկացնելով գալիս էին հալածողները։ Սենյակում իրար գլխի էին հավաքվել պոնիները, գետնին թափված էին պատռված և շուռ տված հակերն ու պարկերը, գոբլինները խառնշտում էին, հոտոտում իրերը՝ շոշափելով դրանք ու միմյանց հայհոյելով։ Որքան էլ դա ցավալի է, թզուկներն այլևս երբեք չտեսան իրենց հիանալի պոնիներին, այդ թվում ուժեղ, կայտառ ճերմակին, որ Էլրոնդն էր տվել Հենդալֆին։ Որպես գաղտնիք կասեմ, գոբլինները ուտում են և՛ ձիերին, և պոնիներին, և էլի ուրիշների ու միշտ սոված են։ Բայց հիմա գերիների հոգսը պոնիները չէին, նրանք մտածում էին միայն իրենց մասին։ Գոբլինները նրանց ձեռքերը ոլորեցին, բոլորին իծաշարուկի կապեցին մի երկար շղթայով և քարշ տվին քարանձավի հեռավոր անկյունը։ Ճստիկ Բիլբոն քարշ էր գալիս պոչից։
Անկյունում, կիսամութի մեջ, տափակ քարի վրա բազմել էր հսկայական գլխով մի վիթխարի գոբլին, իսկ շուրջը ռազմիկներ էին կանգնած՝ զինված մարտական կացիններով ու կեռ թրերով։ Գոբլինները, պետք է ասել, դաժան, չար ու զզվելի արարածներ են։ Նրանք գեղեցիկ իրեր պատրաստել չգիտեն, բայց դրա փոխարեն ամեն տեսակ չար գործեր են անում։ Եթե ուզենան, թզուկներից ոչ պակաս, բացի առավել հմուտներից, կարող են թունելներ փորել և հանքեր մշակել, բայց իրենք միշտ կեղտոտ են ու փնթի։ Մուրճեր, կացիններ, թրեր, դաշույններ, բրիչներ ու աքցաններ և տանջելու գործիքներ՝ այս բոլորը իրենք հիանալի կարողանում են սարքել կամ ուրիշներին են սարքել տալիս։ Ուրիշները՝ դրանք գերիներն են, ստրուկները, որոնք աշխատում են սրանց համար, մինչև որ մեռնում են օդի ու լույսի պակասությունից։ Բացառված չէ, որ հատկապես գոբլիններն են հայտնագործել որոշ մեքենաներ, որոնք մարդկությանը տհաճություն են պատճառում, մանավանդ նրանք, որոնք նախատեսված են միանգամից մեծ քանակությամբ մարդ ոչնչացնելու համար։ Մեխանիզմները, մոտորներն ու պայթյունները միշտ հետաքրքրում ու հիացմունք էին պատճառում գոբլիններին։ Սակայն այն ժամանակներում, որի մասին մենք պատմում ենք, և այն վայրի տեղանքում գոբլինները դեռ չէին հասել քաղաքակրթության այդ աստիճանին (այդպես է դա կոչվում)։ Նրանք ատում էին բոլորին, առանց խտրականության, մանավանդ օրինավորներին և բարգավաճողներին, և ոչ թե հատկապես թզուկների նկատմամբ առանձնահատուկ ատելություն էին տածում։ Որոշ տեղերում առանձին անամոթ թզուկներ նույնիսկ դաշինք էին կնքել գոբլինների հետ։ Բայց այն տոհմի թզուկների նկատմամբ, որին պատկանում էր Տորինը, գոբլինները ամենաիսկական թշնամանք էին տածում այն պատերազմի պատճառով, որի մասին արդեն հիշատակել ենք, բայց որի մասին այստեղ խոսք չի լինի։ Իսկ առհասարակ, գոբլինների համար միևնույն է, թե ում ճանկեն, միայն թե զոհին հանկարծակիի բերեն, որպեսզի պաշտպանվել չկարողանա։
― Ովքե՞ր են այս խղճուկները,― հարցրեց Գերագույն Գոբլինը։
― Թզուկներ են, մեկ էլ սա,― պատասխանեց հալածողներից մեկը, շղթան այնպես ձգելով, որ խեղճ Բիլբոն ընկավ ծնկների վրա։― Նրանք թաքնվել էին մեր նախասրահում։
― Ի՞նչ նպատակով,― դիմեց Գերագույն Գոբլինը Տորինին։― Գրազ կգամ, որ որևէ ստորություն եք ձեռնարկել։― Կասկածում եմ, որ լրտեսում էիք իմ ժողովրդին։ Բոլորովին չեմ զարմանա, եթե դրանք գողեր լինեն։ Իսկ ավելի հավանական է, ոճրագործներ են և էլֆերի բարեկամներ։ Դե՞, ի՞նչ կասեք։
― Թզուկ Տորինը ձեզ ծառա,― ասաց Տորինը (դա սովորական քաղաքվարություն է, ինչպես դուք հասկանում եք)։― Այն հանցանքների մեջ, որ վերագրում եք մեզ, մենք անմեղ ենք։ Մենք ամպրոպից պատսպարվեցինք, ինչպես մեզ թվաց, հարմար ու դատարկ քարանձավում։ Գոբլիններին անհանգստացնելու ոչ մի մտադրություն չենք ունեցել։― Եվ դա ճշմարտություն էր։
― Հը՜մ,― ասաց Գերագույն Գոբլինը։― Այդպես ուրեմն։ Իսկ կարո՞ղ եմ իմանալ արդյոք, թե առհասարակ ինչ գործ ունեիք լեռներում, որտեղի՞ց լույս ընկաք և ու՞ր եք գնում։ Ես կուզեի ձեր մասին ամեն ինչ իմանալ։ Ճիշտ է, դա ձեզ քիչ կօգնի, Տորին Օուքենշիլդ, առանց այն էլ ինձ շատ բան է հայտնի քո ցեղի մասին։ Բայց ավելի լավ է ամեն ինչ պարզ ասեք։
― Մենք ճանապարհ ենք ընկել՝ ցանկանալով տեսնել մեր ազգականներին՝ զարմիկներին ու զարմուհիներին, հորաքրոջ տղաներին ու աղջիկներին, հորեղբոր ու պապի եղբոր տղաներին ու աղջիկներին և մեր ընդհանուր նախնիների այլ շառավիղներին, որոնք ապրում են այս իսկապես հյուրասեր լեռների արևելքում,― պատասխանեց Տորինը։ Նա դժվար վիճակում էր գտնվում․ ինչպես կարելի է ամեն ինչ ճիշտ ասել այնպիսի պայմաններում, երբ ճշմարտությունն այնքան էլ տեղին չէ։
― Նա խաբում է, ով մեծերից ամենամեծը,― մեջ ընկավ հալածողներից մեկը։― Մերոնցից մի քանիսը կայծակից զարկվեցին քարանձավում, երբ մենք այս արարածներին առաջարկեցինք մեզ հետ ներքև իջնել։ Մերոնք տեղնուտեղը մեռան։ Եվ հետո նա ի՞նչ բացարտոյթուն կտա այ սրա համար։― Այստեղ գոբլինը ցույց տվեց Տորինի թուրը, որ տրոլների որջից էին վերցրել։