Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 6923 բայտ, 21:19, 20 Փետրվարի 2013
/* ԼԵՌԱՆ ՄԻՋՈՎ ԵՎ ԼԵՌԱՆ ԸՆԴԵՐՔՈՒՄ */
  ― Նա խաբում է, ով մեծերից ամենամեծը,― մեջ ընկավ հալածողներից մեկը։― Մերոնցից մի քանիսը կայծակից զարկվեցին քարանձավում, երբ մենք այս արարածներին առաջարկեցինք մեզ հետ ներքև իջնել։ Մերոնք տեղնուտեղը մեռան։ Եվ հետո նա ի՞նչ բացարտոյթուն կտա այ սրա համար։― Այստեղ գոբլինը ցույց տվեց Տորինի թուրը, որ տրոլների որջից էին վերցրել։
 
  Գերագույն Գոբլինը մի հայացք գցեց թրի վրա և կատաղության ու չարության սիրտ ճաքեցնող ոռնոց արձակեց, իսկ բոլոր զինվորները ատամները կրճատեցրին, վահանները դղրդացրին ու ոտքերով դոփեցին։ Նրանք իսկույն ճանաչեցին թուրը։ Իր ժամանակին, երբ Գոնդոլինի պայծառ էլֆերը նեղել էին գոբլիններին և իրենց քաղաքի պարիսպների տակ կռվում էին նրանց դեմ, այդ թուրը հարյուրավոր գոբլիններ տապալեց։ Բարի էլֆերն այն անվանեցին Օրկրիստ, կամ Գոբլինների Խորտակող, իսկ գոբլիններն իրենց ուղղակի “Կծող” անունը տվին։ Նրանք ատում էին այդ թուրը և առավել շատ նրանց, ում ձեռքին այն գտնվում էր։
 
  ― Գոբլիններին սպանողները և էլֆերի բարեկամները,― գոռաց Գերագույն Գոբլինը։― Ջարդեք դրանց։ Ձաղկեք դրանց։ Կծեք դրանց։ Կրծեք դրանց։ Դրանց գցենք փոսերը օձերի հետ, որպեսզի ցերեկվա լույսն այլևս չտեսնեն։
 
  Նա այնքան գազազեց, որ գահից ցած թռավ և, երախը բաց անելով, հարձակվեց Տորինի վրա։
Այդ պահին քարանձավի բոլոր կրակները միանգամից հանգան և խարույկից՝ փը՜ֆ-ֆ-ֆ-ֆ, կապույտ շիկացած ծխի մի սյուն նետվեց մինչև առաստաղ, սպիտակ, այրող կայծեր շաղ տալով, որոնք սկսեցին վառել գոբլիններին։ Հնարավոր չէ նկարագրել, թե ինչ վժժոց, ծղրտոց, վայնասուն, վազվռտուք ու քաշքշուկ, մռնչոց ու փնչոց բարձրացավ։ Եթե հարյուրավոր վայրի կատուների ու գայլերի բոլորին միասին ողջ-ողջ խորովեին մարմանդ կրակի վրա, չէին կարող այդպիսի աներևակայելի աղմուկ-աղաղակ բարձրացնել։ Կայծերը այրելով ծակում էին գոբլիններին և մյուս կողմից դուրս գալիս։ Քարանձավը լցված ճենճահոտն ու ծուխն այնքան թանձր էր, որ նույնիսկ խավարին սովոր գոբլինների աչքերը ոչինչ չէին կարողանում զանազանել։ Շուտով բոլոր գոբլինները թավալվում էին հատակին, կուչ գալով, կծկվելով, կծելով, ոտնահարելով ու աքացի տալով և խելագարների նման իրար դնգստելով։
 
  Հանկարծակի ինքն իրեն փայլատակեց թուրը և խոցեց Գերագույն Գոբլինին։ Նա մեռած տապալվեց գետին, իսկ նրա զինվորները վայրենի ճիչով դեսուդեն ցրվեցին ու անհետացան մթության մեջ։
Թուրը վերադարձավ պատյան։
 
  ― Արա՛գ, իմ ետևի՜ց,― հանգիստ, բայց խստորեն հրամայեց ինչ-որ մեկի ձայնը։ Եվ ոչինչ չհասկանալով, Բիլբոն մութ միջանցքներով քարշ էր գալիս շղթայի ծայրից, իսկ գոբլինների ճիչն ու վայնասունն աստիճանաբար մարում էին հեռվում։
 
  ― Արա՛գ, արա՛գ,― շտապեցրեց ձայնը,― հիմա նորից ջահերը կվառեն։
 
  ― Մի րոպե,― խնդրեց Բիլբոյի առջևից գնացող Դորին։ Նա, որքան թույլ էին տալիս կապվպված ձեռքերը, հոբիտին օգնեց մագլցել իր մեջքին, և ապա բոլորը վազելով առաջ գնացին, շղթաները զնգզնգացնելով, սայթաքելով և հազիվ իրենց պահելով, որ վայր չընկնեն։ Նրանք վազեցին առաջ առանց կանգ առնելու։ Երկար վազեցին և, հավանական է, արդեն գտնվում էին լեռների բուն խորքում։
 
  Եվ այստեղ Հենդալֆը վառեց իր գավազանը։ Դե, իհարկե, այս բոլորը Հենդալֆի ձեռքի գործն էր։ Բայց առայժմ նրանք ժամանակ չունեին հարցուփորձ անելու նրան, թե որտեղից հայտնվեց։ Նա նորից թուրը դուրս քաշեց, և նորից թուրը լուսավորվեց խավարում։ Առաջին անգամ, երբ շուրջը գոբլիններն էին, թուրը կատաղությունից հուրհրատում էր, իսկ հիմա նա փայլում էր մեղմ երկնագույն լույսով, գոհ այն բանից, որ սպանել է գոբլինների տիրակալին։ Նրա համար դժվար չէր շղթաները կտրատել և մի րոպեում ազատագրել գերիներին։ Թուրը կոչվում էր Գլեմդրինգ, այսինքն՝ Թշնամիներին Ջարդող, եթե հիշում եք։ Գոբլինները նրան Թակող անուննէին տվել և ատում էին Կծանից ավելի, եթե դա հնարավոր է։ Օրկրիստին էլ հաջողվեց փրկել․ Հենդալֆը նրան խլեց քարացա պահակի ձեռքից։ Հենդալֆը, առհասարակ, հասցնում էր շատ բան մտածել և չնայած ամենազոր չէր, բայց շատ բան էր կարողանում անել բարեկաների համար, ում կյանքին վտանգ էր սպառնում։
 
  ― Բոլորն այստե՞ղ են,― հարցրեց նա՝ խոնարհվելով և թուրը Տորինին հանձնելով։― Հապա՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս, տասնմեկ․․․ սպասեցեք, ո՞ւր են Ֆիլին ու Կիլին։ Ահա այստեղ են, տասներկու, տասներեք, միստր Բեգինսն էլ տասնչորս։ Վատ չէ, կարող էր ավելի վատ լինել, բայց կարող էր ավելի լավ լինել։ Իսկ այսպես՝ ոչ պոնի, ոչ ուտելիք, որտեղ ենք գտնվում՝ հայտնի չէ, և դեռ չարացած գոբլինների հորդան էլ կրնկակոխ հետապնդում է։ Առա՜ջ․․․