Changes
― Բոլորն այստե՞ղ են,― հարցրեց նա՝ խոնարհվելով և թուրը Տորինին հանձնելով։― Հապա՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս, տասնմեկ․․․ սպասեցեք, ո՞ւր են Ֆիլին ու Կիլին։ Ահա այստեղ են, տասներկու, տասներեք, միստր Բեգինսն էլ տասնչորս։ Վատ չէ, կարող էր ավելի վատ լինել, բայց կարող էր ավելի լավ լինել։ Իսկ այսպես՝ ոչ պոնի, ոչ ուտելիք, որտեղ ենք գտնվում՝ հայտնի չէ, և դեռ չարացած գոբլինների հորդան էլ կրնկակոխ հետապնդում է։ Առա՜ջ․․․
Նրանք առաջ շարժվեցին։ Պարզվեց, որ Հենդալֆն իրավացի էր․ մութ անցուղիներում, որտեղով նրանք հենց նոր էին անցել, աղմուկ, դոփյուն և գոբլինների սարսափելի գոռգոռոցներ լսվեցին։ Թզուկներն ավելի արագացրին փախուստը, և քանի որ Բիլբոն չէր կարող նրանց ետևից հասնել, ապա նրանք հանձն առան հերթով շալակած տանել նրան։
Եվ, այնուամենայնիվ, գոբլինները թզուկներից արագ էին վազում, ընդ որում նրանք ճանապարհն էլ ավելի լավ գիտեին, քանի որ իրենք էին ելքերը բացել և, բայցի դրանից, կատաղությունից խելքները թռցրել էին։ Այնպես որ թզուկները որքան էլ ջանում էին փախուստ տալ հետապնդումից, շուտով լսեցին մոտեցող ճիչերն ու ոռնոցները։ Բազմաթիվ ոտքերի չլմփոցը լսվում էր տառացիորեն մոտակա շրջադարձից։ Թունելում, թզուկների թիկունքում, առկայծեցին ջահերի լույսերը։ Իսկ թզզուկներն արդեն ուժասպառ էին եղել։
― Ինչո՞ւ, ախ, ինչո՞ւ ես հեռացա իմ բնից,― կրկնում էր դժբախտ միստր Բեգինսը՝ Բոմբուրի մեջքին վեր-վեր թռչելով։
― Ինչո՞ւ, ախ, ինչո՞ւ մեզ հետ վերցրինք այս դմբոյին,― կրկնում էր խեղճ գիրուկ Բոմբուրը՝ բեռի տակ օրորվելով։ Շոգից ու վախից քրտինքը քթից կաթում էր։
Այդ պահին Հենդալֆը մի քիչ ետ մնաց, և Տորինը հետևեց նրա օրինակին։ Նրանք շրջվեցին դեպի անկյունը։
― Թուրը պատյանից հանիր, Տորին,― բացականչեց հրաշագործը։
Նրանք ուրիշ ելք չունեին։ Դա իսկի դուր չեկավ գոբլիններին։ Արագ ընթացքով նրանք դուրս թռան անկյունից և հանկարծ Գոբլիններին Խորտակողը և Թշնամիներին Ջարդողը սուր ու վառման փայլատակեցին նրանց աչքերի առաջ։ Առջևինները վայր գցեցին ջահերը և հոգեվարքի ճիչ արձակեցին։ Միջին շարքերը ավելի բարձր ոռնալով ետ շրջվեցին և ետևից եկողներին տրորելով փախան։ «Կծողն ու Թակողը»,― գոռում էին նրանք։ Խուճապ սկսվեց, կենդանի մնացած գոբլինները աճապարանքով սուրացին ետ, որտեղից եկել էին։
Դեռևս երկար ժամանակ գոբլինները չէին համարձակվում սարսափելի շրջադարձից ետ նայել։ Այդ ընթացքում թզուկները հասցրին խորանալ գոբլինների մութ թագավորության հեռու-հեռավոր անցուղիները։ Գլխի ընկնելով, թե ինչն ինչոց է, ողջ մնացած գոբլինները նորից վառեցին ջահերը, հագան փափուկ ոտնամաններ և թզուկների հետևից ուղարկեցին սուր լսողություն ու տեսողություն ունեցող ամենաուժեղ արագավազներին։ Սրանք առաջ նետվեցին մթության մեջ՝ արագ, ինչպես կզաքիսը, և անշշուկ, ինչպես չղջիկը։ Դրա համար էլ ոչ Բիլբոն, ոչ էլ Հենդալֆը նրանց մոտենալը չլսեցին։ Եվ չտեսան նրանց։ Դրա փոխարեն գոբլինները փախստականներին շատ լավ էին տեսնում, որովհետև Հենդալֆի գավազանը թույլ լույս էր արձակում, լուսավորելով թզուկների ճանապարհը։ անսպասելիորեն բռնեցին Դորիի ոտքից, որը հիմա վերջն էր ընկել և Բիլբոյին էր շալակած տանում։ Դորին ճչաց ու դրխկաց գետնին, իսկ հոբիտը թռավ խավարի մեջ, գլուխը խփեց քարին ու գիտակցությունը կորցրեց։
==ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԽԱՎԱՐՈՒՄ==
Երբ Բիլբոն վերջապես աչքերը բացեց, ապա նույնիսկ չհասկացավ՝ բացե՞լ է արդյոք․ շուրջն անթափանց խավար էր։