Changes

Մենք այստեղ մեր առջև ունենք նախ շահույթի այն մասը, որը չի ծախսվում որպես եկամուտ, այլ նախանշվում է կուտակելու համար, բայց որի համար արդյունաբերական կապիտալիստները միառժամանակ ոչ մի գործադրույթյուն չեն գտնում իրենց սեփական ձեռնարկության մեջ։ Այս շահույթն անմիջաբար մտնում է ապրանքային կապիտալի մեջ, որի արժեքի մի մասն է կազմում նա և որի հետ իրացվելով, փողի է փոխարկվում։ Եթե շահույթը (մենք առայժմ մի կողմ ենք թողնում վաճառականին, որի մասին առանձին խոսելու ենք) ետ չի փոխարկվում ապրանքային կապիտալի արտադրատարրերի, ապա նա պետք է մի առժամանակ իր գոյությունը շարունակի փողի ձևով։ Այս մասսան աճում է բուն իսկ կապիտալի մասսային զուգընթաց, նույնիսկ շահույթի նորմայի անկման դեպքում։ Այն մասը, որը ծախսվելու է իբրև եկամուտ, աստիճանաբար սպառվում է, բայց միջնակա ժամանակում որպես ավանդ փոխատուական կապիտալ է գոյացնում բանկիրի մոտ։ Այսպիսով ուրեմն, շահույթի մինչև անգամ իբրև եկամուտ ծախսվող մասի աճումն հանդես է գալիս որպես փոխատուական կապիտալի աստիճանական, մշտապես կրկնվող մի կուտակում։ Նույնը պետք է ասել մյուս մասի մասին, որը նախանշված է կուտակման համար։ Հետևաբար, վարկային գործի ու սրա կազմակերպության զարգանալու հետ հենց եկամտի աճումն, այսինքն՝ արդյունաբերական ու առևտրային կապիտալիստների սպառման աճումն արտահայտվում է իբրև փոխատուական կապիտալի կուտակումն։ Եվ այս ճիշտ է բոլոր եկամուտների վերաբերմամբ, որչափով որ նրանք կամաց-կամաց սպառվում են, ուրեմն հողային ռենտայի, իր ավելի բարձր ձևերով հանդես եկող աշխատավարձի, անարտադրողական դասակարգերի եկամուտների և այլոց վերաբերմամբ։ Նրանք բոլորը մի որոշ ժամանակի համար փողային եկամուտի ձև են ընդունում, ուստի և կարող են փոխարկվել ավանդների ու սրանով էլ՝ փոխատուական կապիտալի։ Բոլոր եկամուտների վերաբերմամբ,— նախանշած լինեն սրանք սպառման, թե կուտակման համար, միևնույն է,— քանի որ նրանք գոյություն են ունենում որևէ փողային ձևով, ճիշտ է այն դրույթը, թե դրանք ապրանքային կապիտալի արժեքի՝ փողի փոխարկված մեկ մասն են և ուրեմն իսկական կուտակման արտահայտություն ու հետևանք են, և ոչ թե բուն իսկ արտադրողական կապիտալ։ Եթե մանագործարանատերը իր մանվածքը փոխանակել է բամբակի հետ, իսկ այն մասը, որ եկամուտ է կազմում, փողի հետ, ապա նրա արդյունաբերական կապիտալի իրական կեցությունը մանվածքն է, որն անցել է մանածագործի կամ թե հենց, ասենք, մասնավոր սպառորդի ձեռը, և ընդ սմին մանվածքը,— սա վերարտադրության համար լինի, թե սպառման համար, միևնույն է,— թե՛ կապիտալային արժեքի ու թե նրանում պարունակվող հավելյալ արժեքի կեցությունն է։ Փողի փոխարկված հավելյալ արժեքի մեծությունը կախված է մանվածքում պարունակված հավելյալ արժեքի մեծությունից։ Բայց հենց որ հավելյալ արժեքը փողի է փոխարկված, ապա փողը հանդիսանում է այդ հավելյալ արժեքի արժեքային կեցությունը [das Werthdasein] միայն։ Եվ իբրև այսպիսին նա դառնում է փոխատուական կապիտալի մի մոմենտ։ Սրա համար ուրիշ ոչինչ հարկավոր չէ, բացի նրանից, որ այդ փողը ավանդի փոխարկվի, եթե այն արդեն չի փոխատրվել հենց իր տիրոջ ձեռով։ Իսկ արտադրողական կապիտալի ետփոխարկվելու համար, փողի այդ գումարը պետք է, ընդհակառակը, հասած լինի մի որոշ նվազագույն սահմանի։
 
===ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ։ III (ՎԵՐՋ)===
 
Փողի այն մասսան, որ նախանշված է այս եղանակով կապիտալի ետփոխարկվելու, վերարտադրության մասսայական պրոցեսի հետևանք է, բայց ըստինքյան քննած, իբրև փոխատուական կապիտալ, նա վերարտադրողական կապիտալի բուն իսկ մասսա չէ։
 
Մինչև հիմա շարադրածից ամենակարևորն այն է, որ եկամտի այն մասի ընդարձակումը, որը նախանշված է լինում սպասման համար (ընդ որում բանվորին մի կողմ ենք թողնում, որովհետև նրա եկամուտը = է փոփոխուն կապիտալին),— ներկայանում է ամենից առաջ իբրև փողային կապիտալի կուտակում։ Հետևաբար, փողային կապիտալի կուտակման մեջ մտնում է մեկ մոմենտ, որն էապես տարբեր է արդյունաբերական կապիտալի իսկական կուտակումից, որովհետև տարեկան արդյունքի այն մասը, որը նախանշված է սպասման համար, կապիտալ չի դառնում ոչ մի կերպ։ Նրա մի մասով '''փոխհատուցվում է''' կապիտալը, այն է՝ սպառման միջոցներ արտադրողների հաստատուն կապիտալը, բայց որչափով որ նա իրոք կապիտալի է փոխարկվում, նա գոյություն է ունենում այս հաստատուն կապիտալն արտադրողների եկամտի բնաձևով։ Միևնույն փողը, որ եկամուտ է ներկայացնում և որը ծառայում է իբրև սպասման սոսկական միջնորդ, որոշ ժամանակամիջոցի համար կանոնավորապես փոխարկվում է փոխատրելի փողային կապիտալի։ Որչափով որ այս փողն աշխատավարձ է ներկայացնում, նա փոփոխուն կապիտալի փողային ձևն է միաժամանակ. իսկ որչափով որ սպասման միջոցներ արտադրողների հաստատուն կապիտալն է փոխհատուցում, նա այն փողային ձևն է, որ ժամանակավորապես ընդունում է նրանց հաստատուն կապիտալը և ծառայում է նրանց փոխարինելի հաստատուն կապիտալի բնատարրերը գնելու համար։ Նա ոչ մեկ ու ոչ էլ մյուս ձևում կուտակում չի արտահայտում, թեև նրա մասսան աճում է վերարտադրության պրոցեսի ծավալի հետ։ Բայց նա փոխատրելի փողի, ուրեմն փողային կապիտալի ֆունկցիա է կատարում ժամանակավորապես։ Հեաևաբար, այս կողմից նայած՝ փողային կապիտալի կուտակումը միշտ պետք է կապիտալի մի ավելի մեծ կուտակում արտացոլի, քան իրականում կատարվող կուտակումն է, որովհետև անհատական սպառման ընդարձակումը, փողով միջնորդագործվելու հետևանքով, երևան է դալիս իբրև փողային կապիտալի կուտակում, որովհետև նա փողային ձև է մատակարարում իսկական կուտակման համար, փողի համար, որը կապիտալի ներդրման նոր ասպարեզներ է բացում։
 
Այսպիսով, ուրեմն, փոխատրելի փողային կապիտալի կուտակումն ուրիշ ոչինչ չի արտահայտում մասամբ, բայց եթե այն իրողությունը, որ յուրաքանչյուր փող, որին փոխարկվում է արդյունաբերական կապիտալը իր շրջապտույտի պրոցեսում, ընդունում է ոչ թե այն փողի ձևը, որ վերարտադրողները '''կանխավճարում են''', այլ այն փողինը, որ նրանք '''պարտք են վերցնում'''. այնպես որ իրականում փողի այն կանխավճարումը, որը պետք է կատարվի վերարտադրության պրոցեսում, հանդես է գալիս իբրև փոխատրած փողի կանխավճարում։ Վաճառականական վարկի պատվանդանի վրա իրապես մեկը մյուսին փոխատրում է այն փողը, որի կարիքը նա ունի վերարտադրության պրոցեսում։ Բայց այս պարագան այնպիսի ձև է ընդունում, որ բանկիրը, որին փող է փոխատրում վերարտադրողների մի մասը, հիշյալը փոխատրում է վերարտադրողների մի ուրիշ մասին, ընդ որում բանկիրն այո դեպքում ներկայանում է իբրև ամեն բարիք շնորհող և միաժամանակ այս կապիտալի տնօրինությունն ամբողջովին ընկնում է բանկիրների որպես միջնորդ անձերի ձեռը։
 
Հիմա պիտի նշել փողային կապիտալի կուտակման մի քանի հատուկ ձևեր էլ։ Կապիտալն ազատվում է, օրինակ, արտադրատարրերի, հումքերի և այլոց գնի անկման հետևանքով։ Եթե արդյունաբերողն անմիջապես չի կարող իր վերարտադրության պրոցեսն ընդարձակել, ապա նրա փողային կապիտալի մի մասն իբրև ավելցուկ դուրս է շպրտվում շրջապտույտից և վերածվում է փոխատրելի փողային կապիտալի։ Բայց, բացի դրանից, կապիտալն ազատվում է փողի ձևով, հատկապես վաճառականի մոտ, երբ ընդհատումներ են վրա հասնում նրա գործում։ Եթե վաճառականը մի շարք գործարքներ է կատարել և այսպիսի ընդհատումների հետևանքով կարող է ուշ միայն գործարքների մի նոր շարք սկսել, ապա իրացված փողը նրա համար լոկ գանձ, ավելցուկ կապիտալ է ներկայացնում։ Բայց այդ փողը միաժամանակ ու անմիջաբար ներկայացնում է փոխատրելի փողային կապիտալի կուտակում։ Առաջին դեպքում փողային կապիտալի կուտակումն արտահայտում է վերարտադրության պրոցեսի մի կրկնություն ավելի նպաստավոր պայմաններում, մինչ այդ կապված կապիտալի մի մասի իսկական ազատարձակում, հետևաբար, վերարտադրության պրոցեսը միևնույն փողային միջոցներով ընդլայնելու հնարավորություն։ Իսկ երկրորդ դեպքում, ընդհակառակն, արտահայտում է գործարքների հոսանքի սոսկական ընդհատում։ Սակայն երկու դեպքում էլ փողը փոխարկվում է փոխատրելի փողային կապիտալի, սրա կուտակումն է ներկայացնում, հավասարապես ներգործում է փողային շուկայի ու տոկոսադրույքի վրա, թեև առաջին դեպքում արտահայտում է իսկական կուտակման պրոցեսի առաջմղում, երկրորդ դեպքում՝ նույնի արգելակում։ Վերջապես, փողային կապիտալի կուտակում մեջտեղ է գալիս այն մարդկանց քանակության շնորհիվ, որոնք մի գիրուկ կարողություն են դիզած լինում և թողնում են վերարտադրության ասպարեզը։ Որքան ավելի շատ շահույթներ են ստացվում արդյունաբերական ցիկլի ընթացքում, այնքան ավելի մեծ է այդ մարդկանց թիվը։ Փոխատրելի փողային կապիտալի կուտակում այստեղ արտահայտում է մի կողմից՝ իսկական կուտակում (ըստ իր հարաբերական ծավալի), մյուս կողմից՝ արտահայտում է լոկ այն չափը, որով արդյունաբերական կապիտալիստները սոսկական փողային կապիտալիստներ են դառնում։
 
Արդ, ինչ վերաբերում է շահույթի այն մյուս մասին, որը չի նախանշված իբրև եկամուտ՝ սպառման համար, ապա այդ մասը փողային կապիտալի փոխարկվում է այն դեպքում միայն, երբ չի կարողանում անմիջաբար կիրառվել ձեռնարկությունն ընդլայնելու համար արտադրության այն ոլորտում, որտեղ ձեռք է բերվել։ Այս կարող է երկու պատճառից առաջ գալ։ Կա՛մ նրանից, որ այս արտադրության ոլորտը հագեցած է կապիտալով։ Կա՛մ էլ նրանից, որ կուտակված գումարը իբրև կապիտալ գործել կարողանալու համար նախ պետք է մի հայտնի չափի հասած լինի, նայած այս որոշ ձեռնարկության մեջ նոր կապիտալի ներդրման քանակային հարաբերություններին։ Հետևաբար, կուտակված գումարը նախ փոխարկվում է փոխատրելի փողային կապիտալի և ծառայում է ուրիշ ոլորտներում եղած արտադրությունն ընդլայնելու համար։ Մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելով՝ շահույթի այն մասսան, որը նախանշված է կապիտալի ետփոխարկվելու համար, կախումն ունի ստացված ամբողջ շահույթի մասսայից և, ուրեմն, բուն իսկ վերարտադրության պրոցեսի ընդարձակումից։ Իսկ եթե այս նոր կուտակված գումարն իր գործադրման ասպարեզում բախվում է դժվարությունների, ներդրման ոլորտների պակասության, ուրեմն, եթե արտադրության ճյուղերի գերալցում ու փոխատուական կապիտալի գերառաջարկ է տեղի ունենում, ապա փոխատրելի փողային կապիտալի այս գերառատությսւնն ուրիշ ոչինչ չի ապացուցում, քան '''կապիտալիստական''' արտադրության սահմանափակ բնույթը։ Հաջորդող վարկային աժիոտաժը երևան է հանում, որ այս ավելցուկ կապիտալի գործադրման համար ոչ մի դրական արգելք չկա։ Բայց մի արգելք կա կապիտալի արժեքի մեծացման օրենքների հետևանքով, այն սահմանների հետևանքով, որոնց շրջանակներում կապիտալը կարող է որպես կապիտալ իր արժեքով մեծանալ։ Փողային կապիտալի իբրև այսպիսու գերառատությունը չի արտահայտում անհրաժեշտորեն գերարտադրություն, ոչ էլ լոկ կապիտալի կիրառման ոլորտների պակասություն։
 
Փոխատուական կապիտալի կուտակումը պարզապես այն է, որ փողը տակն է սուզվում իբրև փոխատրելի փող։ Այս պրոցեսը բոլորովին տարբեր է իսկապես կապիտալի փոխարկվելուց. այս փողի կուտակումն է լոկ մի այնպիսի ձևով, որով նա կարող է կապիտալի փոխարկվել։ Բայց այս կուտակումը, ինչպես ցույց ենք տվել, կարող է արտահայտել այնպիսի մոմենտներ, որոնք շատ տարբեր են իսկական կուտակումից։ Իսկական կուտակման մշտական ընդլայնման պայմաններում փողային կապիտալի այս ընդլայնված կուտակումը կարող է մասամբ նրա հետևանքը լինել մասամբ՝ նրան ուղեկցող մոմենտների հետևանքը, ընդ որում այս մոմենտները բոլորովին տարբեր են նրանից, մասամբ էլ վերջապես՝ իսկական կուտակման նույնիսկ կանգառումների հետևանքը։ Արդեն հենց այն պատճառով, որ փոխատուական կապիտալի կուտակումը ընդլայնվում է այսպիսի մոմենտների հետևանքով, որոնք անկախ են իսկական կուտակումից, բայց և այնպես ուղեկցում են սրան,— պետք է ցիկլի որոշ փուլերում փողային կապիտալի գերառատություն տեղի ունենա, և այս գերառատությունը պետք է զարգանա վարկի զարգանալու հետ։ Ուրեմն, այս գերառատության հետ միաժամանակ պիտի սաստկանա արտադրության պրոցեսը իր կապիտալիստական սահմաններից դենը մղելու անհրաժեշտությունը՝ գերառևտուր, գերարտադրություն, գերվարկ։ Միաժամանակ այս միշտ կատարվելու է անխուսափելիորեն այնպիսի ձևերով, որոնք հակաշարժում են ասպարեզ կոչում։
 
Ինչ վերաբերում է հողային ռենտայից, աշխատավարձից և այլնից գոյացող փողային կապիտալի կուտակմանը, ապա այդ հարցի վրա կանգ առնելն այստեղ ավելորդ է։ Միմիայն պետք է ընդգծել այն մոմենտը, որ (գանձահավաքների ձեռքով կատարվող) իսկական տնտեսման ու ժուժկալման գործը, որչափով որ սա կուտակման տարրեր է մատակարարում, կապիտալիստական արտադրության առաջադիմելու ընթացքում աշխատանքի բաժանման հետևանքով թողնվում է նրանց, ովքեր այսպիսի տարրերի մինիմումն են ստանում և բավական հաճախ կորցնում են դեռ իրենց խնայածն էլ, ինչպես օրինակ բանվորները՝ բանկերի սնանկությունների դեպքում։ Մի կողմից՝ արդյունաբերական կապիտալիստի կապիտալը նրա ձեռով չի «տնտեսում», այլ այս կապիտալիստը իր կապիտալի մեծության համեմատ տնօրինում է ուրիշների տնտեսումները. մյուս կողմից՝ փողային կապիտալիստն ուրիշների տնտեսումները դարձնում է իր կապիտալը և իր մասնավոր հարստացման աղբյուր է դարձնում այն վարկը, որ վերարտադրողական կապիտալիստները տալիս են միմյանց, իսկ սրանց տալիս է հասարակությունը։ Սրանով խորտակվում է կապիտալիստական սիստեմի այն վերջին պատրանքը, որ իբր թե կապիտալը սեփական աշխատանքի ու տնտեսման պտուղ է։ Ո՛չ միայն շահույթն է ուրիշի աշխատանքի յուրացում, այլև, կապիտալը, որով ուրիշի այս աշխատանքը շարժման մեջ է դրվում և շահագործվում, կազմված է ուրիշի սեփականությունից, որ փողային կապիտալիստը դնում է արդյունաբերական կապիտալիստի տրամադրության տակ և որի դիմաց նա իր հերթին շահագործում է սրանց։
 
Մեզ մնում է մի քանի նկատողություն անել վարկային կապիտալի մասին։
 
Թե փողի միևնույն միավորը որքան հաճախ կարող է գործել իբրև փոխատուական կապիտալ, այս, ինչպես վերևում արդեն շարադրել ենք, ամբողջովին կախված է նրանից, թե՝
 
1) նա որքան հաճախ է ապրանքարժեքներ իրացնում վաճառման կամ թե վճարման ժամանակ, այսինքն որքան հաճախ է փոխանցում կապիտալը, իսկ հետո նրանից, թե որքան հաճախ է նա եկամուտ իրացնում։ Հետևաբար, թե որքան հաճախ է նա ուրիշի ձեռք անցնում իբրև իրացված արժեք, լինի սա կապիտալի, թե եկամտի արժեք, միևնույն է,— այս ակներևորեն կախված է իրական շրջանառությունների ծավալից ու նրանց թվից։
 
2) սա կախված է վճարումների տնտեսումից և վարկային գործի զարգացումից ու կազմակերպությունից.
 
3J վերջապես, վարկերի փոխադարձ կապակցությունից ու նրանց գործելու արագությունից, այնպես որ երբ փողը մի կետում նստում-սուզվում է իբրև ավանդ, մի ուրիշ կետում նա իսկույն նորից երևան է գալիս որպես փոխատվություն։
 
Եթե նույնիսկ ենթադրենք, թե այն ձևը, որով գոյություն ունի փոխատուական կապիտալը, իսկական փողի՝ ոսկու կամ արծաթի ձևն է, այն ապրանքների ձևը, որոնց նյութն իբրև արժեքների չափանիշ է ծառայում, ապա կտեսնենք, որ ամեն անգամ այս փողային կապիտալի մի խոշոր մասն էլ անհրաժեշտորեն ֆիկտիվ է լինում, այսինքն արժեքի լոկ տիտղոս է ներկայացնում ճիշտ այնպես, ինչպես ամեն մի արժենիշ։ Որչափով որ փողը գործում է կապիտալի շրջապտույտում, նա թեև միառժամ1անակ կազմում է փողային կապիտալ, բայց չի փոխարկվում փոխատրելի փողային կապիտալի) այլ կա՛մ փոխանակվում է արտադրողական կապիտալի տարրերի հետ, կամ էլ եկամտի իրացման ժամանակ վճարվում է իբրև շրջանառության միջոց և ուրեմն չի կարող իր տիրոջ համար փոխատուական կապիտալ դառնալ։ Իսկ որչափով որ նա փոխատուական կապիտալի է փոխարկվում, և փողի միևնույն գումարը փոխատուական կապիտալ է ներկայացնում կրկին ու կրկին, պարզ է, որ նա միմիայն մեկ կետում է որպես մետաղյա փող գոյություն ունենում. մյուս բոլոր կետերում նա գոյություն ունի կապիտալի նկատմամբ առաջացող իրավապահաջի ձևով միայն։ Այսպիսի իրավապահանջների կուտակումը, մեր արած ենթադրության համաձայն, ծագում է իսկական կուտակումից, այսինքն ապրանքային կապիտալի և այլոց արժեքը փողի է փոխարկվում. և այնուամենայնիվ այս իրավապահանջների կամ արժեքի տիտղոսների կուտակումն իբրև այսպիսին տարբեր է թե՛ իսկական կուտակումից, որից նա ծագում է, ու թե ապագա կուտակումից (արտադրության նոր պրոցեսից), որը կատարվում է փողի փոխատվության միջոցով։
 
Prima facie [նախ և առաջ] փոխատուական կապիտալը գոյություն ունենում է միշտ փողի ձևով<ref>B. A. 1857. բանկիր Twells-ի ցուցմունքները. «4516. Իբրև բանկիր դուք գործարքները կապիտալո՞վ եք կատարում, թե՞ փողով։— Մենք փողով ենք գործառում։— 4517. Ավանդներն ինչպե՞ս են մուծվում ձեր բանկը։— Փողով։— 4518. Ինչպե՞ս են նրանք վճարվում։— Փողով։— Ուրեմն կարելի՞ է ասել, թե նրանք փողից տարբերվող մի բան են։— Ո՛չ։<br>Օվերստոնը (տե՛ս XXVI գլուխ) շարունակ շփոթում է «capital»-ը և «money»-[«կապիտալը» և «փողը»]։ «Value of money» [«փողի արժեքը»] նրա մոտ նշանակում է նաև տոկոսը, բայց լոկ այնչափով, որչափով որ հիշյալը որոշվում է փողի մասսայով. «value of capital»-ը [«կապիտալի արժեքը»] պետք է նշանակի տոկոս, որչափով որ սա որոշվում է արտադրողական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկով ու այն շահույթով, որ բերում է այս կապիտալը։ Նա ասում է. «4140. «Կապիտալ» բառը պետք է զգուշությամբ գործածել։ 4148. Ոսկու արտահանումն Անգլիայից՝ նշանակում է փողի նվազումն երկրում, և սա ի հարկէ ընդհանրապես պիտի ավելի բարձր պահանջարկ առաջ բերի փողային շուկայում {նրա կարծիքով ուրեմն ոչ կապիտալի շուկայում}։— «4112. Այն չափով, որով փողը դուրս է գնում երկրից, նրա քանակը երկրի ներսում նվազում է։ Երկրում մնացած փողի քանակի այս քչացումն առաջ է բերում նրա արժեքի բարձրացումն»։ {Նրա թեորիայով՝ սկզբնապես այս նշանակում էր փողի արժեքի բարձրացում շրջանառության սեղմվելու հետևանքով, փողի արժեքի, որպես փողի ապրանքների արժեքի համեմատությամբ, ընդ որում հետևաբար փողի արժեքի այս բարձրացումը հավասար է լինելու ապրանքների արժեքի ընկնելուն։ Բայց որովհետև ժամանակի ընթացքում նույնիսկ Օվերստոնի համար անառարկելիորեն ապացուցվեց, որ շրջանառու փողի մասսան չի որոշում գները, ուստի հիմա փողի որպես շրջանառության միջոցի նվազումը նրա համար պիտի լինի այն պատճառը, որը բարձրացնում է փողի որպես տոկոսաբեր կապիտալի արժեքն ու սրա հետ էլ՝ տոկոսադրույքը}։ Եվ դեռ մնացած փողի արժեքի այս բարձրացումն էլ կանգնեցնում է նրա հետագա տարհոսումը և շարունակում է հարատևել, մինչև որ այնքան փող է ետ բերվում, որքան հարկավոր է հավասարակշռությունը վերականգնելու համար»։— Օվերստոնի հակասությունների շարունակությունը կտեսնենք ներքևում։</ref>, հետո էլ փողի նկատմամբ առաջացող իրավապահանջի ձևով, ընդ որում այն փողը, որի ձևով սկզբնապես գոյուություն ունի փոխատուական կապիտալը, իսկական փողաձևով հիմա գտնվում է փոխատուի ձեռին։ վարկատուի համար փոխատուական կապիտալը փոխ արկվել է փողի նկատմամբ եղող իրավապահանջի, գույքատիտղոսի։ Հետևաբար, իսկական փողի միևնույն մասսան կարող է փողային կապիտալի շատ տարբեր մասսաներ ներկայացնել։ Սոսկական փողը, սա իրացված կապիտալ ներկայացնելիս լինի, թե իրացված եկամուտ, միևնույն է,— հենց միայն փոխատվության ակտի շնորհիվ, ավանդի փոխարկվելու շնորհիվ դառնում է փոխատուական կապիտալ, որքան որ մենք քննարկում ենք նրա ընդհանրական ձևը զարգացած վարկային սիստեմի ժամանակ։ Ավանդը փողային կապիտալ է ավանդատուի համար։ Բայց նա բանկիրի ձեռին կարող է լինել միմիայն պոտենցիալ փողային կապիտալ, որը պարապ ընկած է սրա գանձարկղում՝ փոխանակ իր տիրոջ գանձարկղում լինելու<ref>Այստեղ ահա երևան է գալիս հասկացողությունների այն շփոթումը, թե սրանք երկուսն էլ «փող» են — թե՛ ավանդն իբրև իրավապահանջ՝ բանկիրի կողմից լինելիք վճարման նկատմամբ ու թե՛ ավանդադրված փողը բանկիրի ձեռին։ Բանկիր Twells-ը 1857 թվի բանկային հանձնաժողովի առջև ցուցմունքներ տալու ժամանակ հետևյալ օրինակն է վերցնում. «Ես իմ գործն սկսում եմ 10 000 £-ով։ 5 000 £-ով ես ապրանքներ եմ գնում և դարսում եմ իմ պահեստանոցում։ Մյուս 5 000 £-ն ավանդադրում եմ մի բանկիրի մnտ՝ կարիքի համեմատ նրանից օգտվելու համար։ Բայց ես միշտ էլ ամբողջն իմ կապիտալն եմ համարում, չնայած որ նրանից 5 000 £-ը գտնվում է ավանդի կամ փողի ձևում» (4528)։ Այստեղից ահա ծայր է առնում հետևյալ սիրուն վիճաբանությունը «4531. Ուրեմն դուք ձեր 5 000 £-ը բանկնոտների ձևով ավել եք մի ուրիշի՞ն։— Այո՛։— 4532 Այս դեպքում այդ մյուս անձը 5 000 £ ավա՞նդ ունի։— Այո՛, իհարկե։— 4533. Բայց դուք է՞լ ունեք 5 000 £ ավանդ։— Շատ ճիշտ է։—4534. Նա ունի 5 000 £՝ փողով, և դուք է՞լ ունեք փողով 5 000 £։— Այո՛, իհարկե։— 4535. Բայց չէ՞ որ սա ուրիշ բան չէ վերջիվերջո, բայց եթե փող։— Ո՛չ։»— Շփոթումը մասամբ ահա ինչից է առաջ գալիս. A-ն, որն ավանդադրել է 5 000 £-ը, կարող է վերցնել այդ գումարից, տնօրինել այդ գումարը ճիշտ այն պես, ինչպես այն դեպքում, եթե դեռ իր ձեռին լիներ այն։ Այս իմաստով ավանդադրած փողը գործում է նրա համար իբրև պոտենցիալ փող։ Բայց այն բոլոր դեպքերում, երբ նա վերցնում է ավանդից, pro tanto [նույն չափով էլ] ոչնչացնում է իր ավանդը։ Եթե նա բանկից իսկական փող է վերցնում, ըստ որում իր փողն արդեն ուրիշներին է փոխատրված, ապա նրան վճարում են ոչ թե իր սեփական փողը, այլ մի ուրիշի ավանդադրած փողը։ Եթե նա պարտք է վճարում B-ին իր բանկիրի վրա տված չեկով, և B-ն այս չեկն ավանդադրում է իր բանկիրի մոտ, իսկ A-ի բանկիրն էլ նույնպես մի չեկ ունի՝ B-ի բանկիրի վրա տրված, այնպես որ երկու բանկիրները լոկ փոխանակում են չեկերը, ապա A-ի ավանդադրած փողը երկու անգամ է փողի ֆունկցիա կատարած լինում. առածին՝ նրա ձեռին, ով ստացել է A-ի ավանդադրած փողը, երկրորդ՝ հենց իրեն A-ի ձեռին։ Երկրորդ ֆունկցիան պարտապահանջման փոխմարումն է առանց փողի միջամտության (A-ի պարտապահանջումն իր բանկիրից ու վերջինիս պարտապահանջումը B-ի բանկիրից)։ Այստեղ ավանդը երկու անգամ է որպես փող գործում, այն է՝ մեկ անգամ իբրև իսկական փող ու հետո էլ՝ որպես փողի իրավապահանջ։ Փողի սոսկական իրավապահանջները կարող են փողի տեղ հանդես գալ պարտապահանջումները փոխմարելու շնորհիվ միայն։</ref>։
 
Իրեղեն հարստության աճման հետ աճում է փողային կապիտալիստների դասակարգը. մի կողմից՝ աճում է գործերից ետ քաշվող կապիտալիստների, այն է՝ ռենտատերերի թիվն ու հարստությունը, իսկ մյուս կողմից՝ զարկ է ստանում վարկային ճիստեմի զարգացումը, և սրա շնորհիվ բազմանում է բանկիրների, փոխատուների, ֆինանսիստների և այլոց թիվը։ Ազատ փողային կապիտալի զարգացման հետ ավելանում է տոկոսաբեր թղթերի, պետական թղթերի, ակցիաների և այլոց մասսան, ինչպես շարադրել ենք վերևում։ Բայց սրա հետ միաժամանակ աճում է ազատ փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկն էլ, ընդ որում բորսային ''գայլերը'' [''Jobbers''], որոնք այս թղթերով սպեկուլացիա են կատարում, գլխավոր դերն են սկսում խաղալ փողային շուկայում։ Եթե այս թղթերի բոլոր առուծախերը միմիայն կապիտալի իսկական ներդրման արտահայտություն լինեինք ապա մենք իրավունք կունենայինք ասելու, թե նրանք չեն կարող ներգործել փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկի վրա, որովհետև երբ A-ն ծախում է իր թղթերը, նա հենց ճիշտ այնքան փող է դուրս հանում, որքան որ B-ն ներդրում է թղթերի մեջ։ Մինչդեռ նույնիսկ այն դեպքում, երբ թուղթը գոյություն ունի, բայց ոչ այն կապիտալը (գոնե ոչ իբրև փողային կապիտալի, որի ներկայացուցիչն էր նա սկզբնապես, ապա հիշյալ թուղթը pro tanto [համապատասխան չափով] միշտ այսպիսի փողային կապիտալի նոր պահանջարկ է առաջ բերում։ Բայց համենայն դեպս այստեղ գործ ունենք փողային մի կապիտալի հետ, որն առաջ B-ի տնօրինության տակ էր, իսկ հիմա A-ի։
 
B. A. 1857. № 4886. «Ձեր կարծիքով՝ զեղչանորման որոշող պատճառների ճի՞շտ նշում կլինի արդյոք, եթե ասեմ, թե նա կարգավորվում է շուկայում գտնվող այն կապիտալի քանակով, որը կարող է գործադրվել առևտրամուրհակների զեղչման համար, տարբերվելով արժեթղթերի այլ տեսակներից։— {Chapman} Ո՛չ, ես այն կարծիքին եմ, որ տոկոսադրույքի վրա ազդում են բոլոր արժեթղթերը, որոնք հեշտությամբ փողի են փոխարկվում (all convertible securities of a current character). անիրավացի կլիներ հարցը պարզապես մուրհակազեղչումով սահմանափակելը, որովհետև երբ փողի մեծ պահանջարկ կա կոնսոլների կամ թե նույնիսկ գանձարանատոմսերի {գրավադրության} միջոցով, ինչպես այդ նորերումս հենց տեղի ունեցավ լայն չափերով ու այն էլ շատ ավելի բարձր մի տոկոսով, քան առևտրային տոկոսադրույքն է, ապա անհեթեթ բան կլիներ ասել, թե մեր առևտրական աշխարհը չի ազդվում նրանից. նա շատ էական չափերով ազդվում է նրանից։— 4890. Եթե շուկայում կան լավ ու վարուն արժեթղթեր, որ բանկիրները ճանաչում են իբրև այսպիսիք, և եթե տերերն ուզում են նրանց դիմաց փող ստանալ, ապա այս հանգամանքը առանց որևէ կասկածի իր ներգործությունն է ունենում առևտրամուրհակների վրա. ես չեմ կարող, օրինակ, ակնկալել, որ առևտրամուրհակով ինձ 5%-ով փող կտանք եթե այս փողը միաժամանակ կարող է 6%-ով վարկատրվել կոնսոլների գրավադրությամբ. այս մեզ վրա ազդում է նույն եղանակով. ոչ ոք չի կարող ինձանից պահանջել, որ նրա մուրհակը 5½ տոկոսով զեղչեի, եթե կարող եմ իմ փողը 6%-ով փոխատրել։— 4892. Այն մարդկանց մասին, ովքեր 2 000 £-ի կամ թե 5 000 £-ի և կամ 10 000 £-ի արժեթղթեր են գնում, համարելով այդ կապիտալի կայուն ներդրումներ, մենք չենք կարող ասել, որ իբր թե նրանք էապես ներգործում են փողային շուկայի վրա։ Եթե դուք ինձնից հարցնում եք կոնսոլների {գրավադրության} միջոցով կատարվող փոխատվությունների տոկոսադրույքի մասին, ապա ես խոսում եմ այն մարդկանց մասին, որոնք հարյուրհազարանոց գումարի գործարքներ են կատարում, այսպես կոչված jobber-ների [միջնորդների] մասին, որոնք հանրային փոխառությունների խոշոր գումարներ են ստորագրում կամ թե շուկայում գնում, իսկ հետո այս թղթերը ստիպված են պահելու, մինչև որ նրանց շահույթով կվաճառեն. այս մարդիկ ստիպված են տվյալ նպատակի համար պարտքով «փող վերցնել»։
 
Վարկային գործի զարգանալու հետ ստեղծվում են փողի խոշոր կենտրոնացված այնպիսի շուկաներ, ինչպիսին Լոնդոնն է, որոնք միաժամանակ հանդիսանում են այս թղթերի առևտրի գլաավոր կենտրոնավայրը։ Բանկիրներն այս առևտրականների հրոսախմբի տրամադրության տակ դնում են հասարակության փողային ահագին կապիտալներ և այսպիսով աճում է խաղացողների այս զարմը։ «Ֆոնդային բորսայում փողը սովորաբար ավելի էժան է, քան որևէ ուրիշ տեղ», ասում էր 1848 թվին Անգլիայի բանկի այն ժամանակվա կառավարիչը՝ լորդերի գաղտնի կոմիտեի առջև («Commercial Distress», 1848, տպագրած է 1857 թ. № 219)։
 
Տոկոսաբեր կապիտալի քննարկման ժամանակ արդեն ցույց ենք տվել, որ միջին տոկոսը երկար շարք տարիների համար, այլ անփոփոխ հանգամանքներում, որոշվում է շահույթի, և ոչ թե ձեռնարկուային եկամտի, միջին նորմայով, որովհետև ինքն այդ եկամուտն ուրիշ բան չէ, քան շահույթը, մինուս տոկոսը։
 
Որ առևտրային տոկոսի փոփոխությունների համար էլ,— այն տոկոսի, որ առևտրական աշխարհի շրջանակներում փողի փոխատվությամն զբաղվող կապիտալիստներն հաշվում են զեղչումների ու փոխառությունների վերաբերմամբ,— արդյունաբերական ցիկլի ընթացքում հասնում է մի փուլ, երբ տոկոսադրույքը գերազանցում է իր մինիմումից և հասնում է միջին բարձրությանը (որից էլ ապա անցնում է հետագայում) և երբ այս շարժումը շահույթի բարձրանալու հետևանք է,— այս էլ արդեն հիշատակել ենք և դեռ հետազոտելու ենք հանգամանորեն։
 
Սակայն այստեղ երկու հանգամանք պետք է նշել։
 
'''Առաջին'''. եթե տոկոսադրույքը երկար ժամանակ բարձր կանգնած է մնում (մենք այստեղ խոսում ենք մի որոշ երկրի տոկոսադրույքի մասին, ինչպիսին, օրինակ, Անգլիան է, որտեղ միջին տոկոսադրույքը տրված է երկար ժամանակվա համար և արտահայտվում է ավելի երկար պարբերաշրջաններում արվող փոխառությունների համար վճարվող տոկոսի մեջ էլ, որ կարելի է մասնավոր տոկոս անվանել),— ապա այս prima facie [նախ և առաջ] ապացույց է, որ տվյալ ժամանակվա ընթացքում շահույթի նորման բարձր է, բայց անհրաժեշտորեն չի ապացուցում, թե ձեռնարկուային եկամտի նորման էլ բարձր է։ Այս վերջին տարբերությունն ավելի կամ թէ պակաս չափով վերանում, է այն կապիտալիստների համար, որոնք առավելապես սեփական կապիտալով են գործ անում, նրանք իրացնում են շահույթի բարձր նորմա, որովհետև հենց իրենք են տոկոս վճարում իրենց։ Ավելի երկարատև բարձր տոկոսադրույքի հնարավորությունը,— մենք այստեղ չենք խոսում բուն նեղվածության փուլի մասին,— պայմանավորվում է շահույթի բարձր նորմայով։ Բայց հնարավոր է, որ շահույթի այս բարձր նորման, տոկոսի բարձր նորման նրանից հանելուց հետո, ձեռնարկուային եկամտի լոկ մի ցածր նորմա է թողնում։ Այս վերջինը կարող է կրճատվել, մինչդեռ, շահույթի բարձր նորման հարատևում է։ Այս հնարավոր է այն պատճառով, որ մի անգամ արդեն գործի անցած ձեռնարկությունները չեն կարող չշարունակել իրենց աշխատանքը։ Այu փուլում շատ ու շատ գործ են տեսնում վարկային կապիտալով (ուրիշի կապիտալով), և շահույթի բարձր նորման կարող է տեղ-տեղ սպեկուլատիվ բնույթ կրել, ապագա օգուտների ակնկալության վրա հիմնված լինել։ Բարձր տոկոսանորմա կարող է վճարվել շահույթի բարձր նորմայի դեպքում, ընդ որում միաժամանակ ձեռնարկուային եկամուտը նվազում է։ Նա կարող է վճարվել,— և այս մասամբ պատահում է սպեկուլացիայի ժամանակաշրջաններում,— ոչ թե շահույթից, այլ հենց ուրիշից փոխառած կապիտալից, և այս կարող է շարունակվել մի առժամանակ։
 
'''Երկրորդ'''. այն դրույթը, թե փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը, ուրեմն նաև տոկոսանորման աճում է այն պատճառով, որ շահույթի նորման բարձր է, նույնանիշ չէ այն դրույթի հետ, թե արդյունաբերական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկն աճում է, և այս պատճառով տոկոսի նորման բարձր է։
 
Ճգնաժամի պարբերաշրջաններում փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկն ու սրա հետ էլ տոկոսանորման հասնում է իր մաքսիմումին. շահույթի նորման ու սրա հետ միասին արդյունաբերական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը համարյա չքացած է լինում։ Այսպիսի ժամանակներում ամեն մեկը փոխառություն է կատարում միմիայն վճարումներ անելու համար, արդեն ստանձնած պարտավորությունների տակից դուրս գալու համար։ Եվ ընդհակառակը. ճգնաժամից հետո, վերաշխուժացման ժամանակներում, փոխատուական կապիտալը պահանջվում է գնումներ անելու համար. փողային կապիտալն արտադրողական կամ առևտրային կապիտալի փոխարկելու համար։ Եվ այն ժամանակ այս փոխատուական կապիտալը պահանջում է կա՛մ արդյունաբերական կապիտալիստը, կամ վաճառականը։ Արդյունաբերական կապիտալիստն այս գործադրում է արտադրամիջոցներ ու բանվորական ուժ ձեռք բերելու համար։
 
Բանվորական ուժի նկատմամբ եղած բարձրացող պահանջարկն ըստինքյան բնավ չի կարող բարձրացող տոկոսադրույքի համար հիմք լինել, որչափով որ վերջինս շահույթի նորմայով է որոշվում։ Ավելի բարձր աշխատավարձը բնավ ավելի բարձր շահույթի հիմք չէ, չնայած որ նա, արդյունաբերական ցիկլի առանձին փուլերում կարող է ավելի բարձր շահույթի հետևանքներից մեկը լինել։
 
Բանվորական ուժի նկատմամբ եղած պահանջարկը կարող է աճել, եթե աշխատանքի շահագործումը կատարվում է հատկապես բարենպաստ պայմաններում, բայց բանվորական ուժի նկատմամբ և ուրեմն փոփոխուն կապիտալի նկատմամբ եղած բարձրացող պահանջարկն ըստինքյան չի ավելացնում շահույթը, այլ այն pro tanto [համապատասխանորեն] քչացնում է։ Եվ այնուամենայնիվ սրա հետևանքով կարող է փոփոխուն կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը, ուրեմն և փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը բարձրանալ, իսկ սրա հետևանքով կարող է բարձրանալ տոկոսադրույքը։ Այն ժամանակ բանվորական ուժի շուկայական գինը բարձրանում է իր միջին մակարդակից վեր, բանվորների միջին թվից ավելի շատ մի թիվ աշխատանք է գտնում, և միաժամանակ բարձրանում է տոկոսադրույքը, որովհետև նշած պարագաների հետ բարձրանում է փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը։ Բանվորական ուժի նկատմամբ եղած պահանջարկի բարձրացումը թանկացնում է այս ապրանքն ամեն մի ուրիշ ապրանքի նման, բարձրացնում է նրա գինը, բայց չի ավելացնում շահույթը, որը գլխավորապես հիմնվում է հենց այս ապրանքի հարաբերական էժանության վրա։ Բայց նա ենթադրած հանգամանքներում միաժամանակ բարձրացնում է տոկոսանորման, որովհետև բարձրացնում է փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը։ Եթե փողային կապիտալիստը, իր փողը փոխատրելու փոխարեն, դառնար արդյունաբերող, ապա այն հանգամանքը, որ նա աշխատանքի համար ավելի թանկ պիտի վճարի, ըստ ինքյան չի բարձրացնի նրա շահույթը, այլ pro tanto կպակասեցնի։ Կարող է մի այնպիսի կոնյունկտուրա ստեղծվել, որ թեև նրա շահույթը կբարձրանա, բայց ոչ երբեք այն պատճառով, որ նա աշխատանքի համար ավելի թանկ է վճարում։ Բայց այս վերջին պարագան, որչափով որ սա ավելացնում է փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը, բավական է տոկոսանորման բարձրացնելու համար։ Եթե աշխատավարձը որևէ պատճառով բարձրանար այլ աննպաստ կոնյունկտուրաների ժամանակ, ապա աշխատավարձի այդ բարձրանալը շահույթի նորման կիջեցներ. սակայն կբարձրացներ տոկոսանորման այն չափով, որով կուժեղացներ փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը։
 
Աշխատանքը մի կողմ թողած, տեսնում ենք հետևյալը. Օվերստոնի նշած՝ «կապիտալի նկատմամբ պահանջարկը» պահանջարկ է միայն ապրանքների նկատմամբ։ Ապրանքների նկատմամբ առաջացող պահանջարկը բարձրացնում է նրանց գինը թե՛ այն դեպքում, երբ պահանջարկը գերազանցում է միջին պահանջարկից, և թե՛ այն դեպքում, երբ առաջարկը միջինից ցած է ընկնում։ Եթե արդյունաբերական կապիտալիստը կամ թե վաճառականը վճարելու է, օրինակ, 150 £ ապրանքի այն նույն մասսայի համար, որի դիմաց առաջ 100 £ էր վճարում, ապա նա պետք է 150 £-ի փոխառություն կատարի առաջվա 100 £-ի փոխարեն և ուրեմն 5%-ի դեպքում 7½ £ տոկոս կվճարի առաջվա 5 £-ի փոխարեն։ Նրա վճարելի տոկոսի մասսան կաճի, որովհետև աճել է նրա փոխառած կապիտալի մասսան։
 
Պարոն Օվերստոնի ամբողջ ձգտումն այն է, որ փոխատուական կապիտալի ու արդյունաբերական կապիտալի շահերը նույնացնի, մինչդեռ նրա բանկային օրենքն ուղղված է հենց այն նպատակին, որ այս շահերի տարբերությունն օգտագործվի փողային կապիտալի օգտին։
 
Հնարավոր է, որ այն դեպքում, երբ ապրանքների առաջարկը միջինից ցած է ընկել, ապրանքների նկատմամբ եղած պահանջարկն ավելի շատ փողային կապիտալ չկլանի, քան առաջ։ Պահանջվում է միևնույն գումարը, գուցե մի ավելի փոքր գումար, վճարել ապրանքների ընդհանուր արժեքի համար, բայց սպառողական արժեքների մի ավելի փոքր քանակ է ստացվում միևնույն գումարի դիմաց։ Այս դեպքում փոխատրելի փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը նույնը կմնա, ուրեմն տոկոսադրույքը չի բարձրանա, չնայած որ կաճի ապրանքի նկատմամբ եղած պահանջարկը նրա առաջարկի համեմատությամբ, ուրեմն կբարձրանա նաև ապրանքի գինը։ Տոկոսադրույքը կարող է ազդեցություն կրել այն դեպքում միայն, երբ փոխատուական կապիտալի նկատմամբ եղած ընդհանուր պահանջարկն է աճում, իսկ վերն արած ենթադրությունների դեպքում այս բանը տեղի չի ունենում։
 
Բայց տվյալ առարկայի առաջարկը կարող է միջինից էլ ցած ընկնել, ինչպես, օրինակ, հացահատկի, բամբակի և այլոց վատ բերքի ժամանակ, սակայն փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը կարող է աճել, որովհետև սպեկուլատիվ միջոցներով ձգտում են գներն է՛լ ավելի բարձրացնել, իսկ գները բարձրացնելու ամենահասարակ միջոցն այն է, որ առաջարկի մի մասը ժամանակավորապես հեռացվի շուկայից։ Իսկ որպեսզի գնած ապրանքը վճարեն՝ առանց այն ծախելու, փողը ճարում են վաճառականական «մուրհակային գործառնությունների» միջոցով։ Այս դեպքում աճում է փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը, և տոկոսադրույքը կարող է բարձրանալ ապրանքի առաջարկը շուկայում արհեստականորեն արգելակելու այս փորձի հետևանքով։ Ավելի բարձր տոկոսադրույքն այս դեպքում արտահայտում է ապրանքային կապիտալի առաջարկի արհեստական քչացում։
 
Մյուս կողմից՝ մի որոշ առարկայի նկատմամբ եղած պահանջարկը կարող է աճել այն պատճառով, որ աճել է նրա առաջարկը, և առարկայի միջինից ցած է կանգնած։
 
Այս դեպքում փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը կարող է միևնույնը մնալ կամ թե նույնիսկ ընկնել, որովհետև փողի նույն գումարով ավելի շատ ապրանք կարելի է ձեռք բերել։ Բայց կարող է ապրանքի պաշար գոյանալ նաև սպեկուլատիվ նպատակներով՝ մասամբ նպաստավոր մոմենտն արտադրության գծով օգտագործելու համար, մասամբ էլ գների հետագա բարձրացում առաջացնելու համար։ Փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկն այս դեպքում կարող է աճել, և բարձրացած տոկոսադրույքը կարտահայտեր այսպիսով կապիտալի այն ներդրումը, որ կատարվում է արտադրողական կապիտալի տարրերից հավելութային պաշար ստեղծելու համար։ Մենք այստեղ քննարկում ենք միայն փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը, որչափով որ սրա վրա ազդում են ապրանքային կապիտալի պահանջարկն ու առաջարկը։ Արդեն առաջ ցույց ենք տվել, թե փոխատուական կապիտալի առաջարկի վրա ինչպես են ներգործում վերարտադրության պրոցեսի փոփոխումները, որոնք տեղի են ունենում արդյունաբերական ցիկլի փուլերում։ Այն տափակ դրույթը, թե տոկոսադրույքի շուկայական նորման որոշվում է (փոխատուական) կապիտալի առաջարկով ու պահանջարկով։ Օվերստոնը խորամանկորեն շփոթում է իր սեփական այն ենթադրության հետ, ըստ որի փոխատուական կապիտալը նույնացվում է կապիտալին ընդհանրապես, և այսպիսով նա ճգնում է վաշխառուին դարձնել մի կապիտալիստ ու նրա կապիտալը՝ միակ կապիտալ։
 
Փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը նեղվածության ժամանակաշրջաններում վճարամիջոցների նկատմամբ եղած պահանջարկ է; և ուրիշ ոչինչ. նա փողի որպես գնելամիջոցի պահանջարկ չէ ամենևին։ Ընդ սմին տոկոսադրույքը կարող է շատ վեր բարձրանալ՝ անկախ նրանից, թե իրական կապիտալը,— արտադրողական ու ապրանքային կապիտալը,— գերառատ չափով է առկա, թե աղքատիկ։ Վճարամիջոցների նկատմամբ եղած պահանջարկը կապիտալը փողի փոխարկելու սոսկական պահանջարկ է, որչափով որ վաճառականներն ու արտադրողները հուսալի ապահովումներ կարող են տալ։ Պահանջարկը վճարման միջոցների նկատմամբ պահանջարկ է '''փողային կապիտալի''' նկատմամբ, որչափով որ այս ապահովումը բացակայում է, ուրեմն որչափով որ վճարման միջոցների ավանսավորումը նրանց մատակարարում է ո՛չ միայն '''փողային ձևը''', այլև նրանց պակասող '''էկվիվալենտը''', ինչ ձև էլ որ սա ունենա՝ վճարումները կատարելու համար։ Այս այն կետն է, որում շրջուն թեորիայի երկու ուղղություններն էլ իրավացի ու անիրավացի են ճգնաժամերի քննարկման բնագավառում։ Նրանք, ովքեր ասում են, թե սոսկ վճարամիջոցների պակասություն գոյություն ունի, կամ աչքի առաջ ունեն միմիայն bona fide [վստահելի] ապահովումների տերերին, կամ այնքան տխմար են, որ կարծում են, թե բանկը պարտականությունն ու զորություն ունի թղթատոմսեր բաց թողնելով բոլոր սնանկացած սպեկուլանտներին վճարունակ, սոլիդ կապիտալիստներ դարձնելու։ Նրանք, ովքեր ասում են, թե գոյություն ունի կապիտալի պակասություն միայն, կամ սոսկական բառախաղեր ով են զբաղվում, որովհետև հենց այսպիսի ժամանակներում '''փողի չփոխարկվող''' կապիտալ է մասսայորեն առկա լինում գերներմուծման ու գերարտադրության հետևանքով, կամ թե նրանք խոսում են լոկ վարկի այն ասպետների մասին, որոնք հիմա իրոք այնպիսի հանգամանքների մեջ են դրվում, որ այլևս չեն կարողանում ուրիշի կապիտալ ստանալ՝ իրենց գործառնությունները կատարելու համար և ահա ուզում են, որ բանկը ոչ միայն օգնի կորցրած կապիտալն իրենց վերադարձնելու, այլև իրենց ունակ դարձնի սպեկուլացիան շարունակելու։
 
Կապիտալիստական արտադրության հիմքն այն իրողությունն է, որ փողն, իբրև արժեքի ինքնակա ձև, հանդեպ է ելնում ապրանքին, կամ այլ խոսքով՝ փոխանակային արժեքը գոյության ինքնակա ձև պետք է ընդունի հանձին փողի, իսկ այս հնարավոր է այն դեպքում միայն, երբ տվյալ որոշակի ապրանքը դառնում է այն նյութեղենը, որի արժեքով չափվում են մյուս բոլոր ապրանքները, որ հիշյալ ապրանքը հենց այս պատճառով դառնում է ընդհանրական ապրանք, ապրանք par excellence [գերազանցորեն]՝ հակադրվելով բոլոր մյուս ապրանքներին։ Այu երևան է գալիս երկու ուղղությամբ, մանավանդ կապիտալիստորեն զարգացած ազգերի մոտ, որոնք փողը մեծ չափերով փոխարինում են մի կողմից՝ վարկային գործառնություններով, մյուս կողմից՝ վարկային փողով։ Նեղվածության պարբերաշրջաններում, երբ վարկը կծկվում է կամ թե բոլորովին դադարում, փողը հանկարծակի ու բացարձակորեն հանդիպադրվում է ապրանքներին իբրև միակ վճարամիջոց ու արժեքի ճշմարիտ կեցություն։ Այստեղից առաջ է գալիս ապրանքների ընդհանրական արժեքազրկումը, այդ ապրանքները փողի փոխարկելու, այսինքն իրենց սեփական զուտ երևակայական ձևին փոխարկելու դժվարությունը, նույնիսկ անկարելիությունը։ Եվ երկրորդ՝ վարկային փողն ինքը փող է լոկ այնչափով, որչափով որ իր անվանական արժեքի գումարով բացարձակորեն իրական փող է փոխարինում։ Ոսկու տարհոսման հետ առեղծվածային է դառնում վարկային փողի փոխարկումը փողի, այսինքն վերանում է նրա և իրական ոսկու նույնությունը։ Ահա ինչու նման պարագաներում դիմում են հարկադրական միջոցառումների, բարձրացնում են տոկոսադրույքը և այլն ոսկով փոխարկելու համար պահանջվող պայմաններն ապահովելու, նպատակով։ Այս դրությունը կարող է իր ծայրահեղ սրությանը հասցվել սխալ օրենսդրության միջոցով, որը հիմնվում է փողի վերաբերյալ սխալ թեորիաների վրա և որն ազգի վզին է փաթաթվում փողի առևտրով զբաղվողների, Օվերստոնի ու նմանների շահերը պաշտպանելու համար։ Բայց այս հարաբերությունների հիմքը արված է բուն իսկ արտադրության եղանակի հիմքի հետ միասին։ Վարկային փողի արժեքազրկումը (բոլորովին չխոսելով նրա փողային հատկությունների վերացման մասին, վերացման, որը լոկ կարծեցյալ է) կխարխլեր առկա բոլոր հարաբերությունները։ Ուստի ապրանքների արժեքը զոհաբերում են, որպեսզի ապահովեն այս արժեքի՝ փողում մարմնացած երևակայական ու ինքնակա կեցությունը։ Իբրև փողային արժեք նա ընդհանրապես ապահովված է այնքան ժամանակ միայն, քանի դեռ ապահովված է փողը։ Հետևաբար, մի երկու միլիոն փողի համար պետք է զոհաբերվեն շատ միլիոնավոր ապրանքներ։ Այս անխուսափելի է կապիտալիստական արտադրության պայմաններում և կազմում է նրա սքանչելիություններից մեկը։ Արտադրության նախկին եղանակների ժամանակ այս երևույթը չի նկատվում, որովհետև այն նեղ հիմնախարիսխը, որի վրա հաստատված նրանք շարժվում են, անհնարին է դարձնում և՛ վարկի, և՛ վարկային փողի զարգացումը։ Քանի դեռ աշխատանքի '''հասարակական''' բնույթը հանդես է գալիս իբրև ապրանքի '''փողային կեցություն''' և ուրեմն իբրև մի '''իր''', որը գտնվում է իսկական արտադրությունից դուրս, անխուսափելի են փողային ճգնաժամերը, որոնք բռնկվում են իսկական ճգնաժամերից անկախ կամ թե ներկայացնում են նրանց սրացումը։ Մյուս կողմից՝ պարզ է, որ քանի դեռ տվյալ բանկի վարկը չի խախտված, նա վարկային փողի քանակը բազմացնելու միջոցով այuպիսի դեպքերում մեղմացնում է խուճապը, իսկ նույնի կրճատումով խուճապը սաստկացնում է։ Արդի արդյունաբերության ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ եթե յուրաքանչյուր երկրի ներսում արտադրությունը կազմակերպված լիներ, իրապես մետաղ կպահանջվեր միայն միջազգային առևտրի բալանսից բխող տարբերությունները վճարելու համար, երբ նրա հավասարակշռությունը տվյալ րոպեին խախտվեր։ Որ երկրի ներսում հենց հիմա արդեն մետաղե փողի կարիք չի զգացվում, ապացուցում է այսպես կոչված ազգային բանկերի կողմից գործադրվող՝ կանխիկ վճարումների կախակայումը, որին, իբրև միակ փրկարար միջոցի, ձեռք են պարզում բոլոր ծայրահեղ դեպքերում։
 
Երկու անհատների վերաբերմամբ ծիծաղելի կլիներ ասելը, թե իրար հետ ունեցած հարաբերությունների ժամանակ երկուսի էլ վճարման հաշվեկշիռն իրենց դեմ է։ Եթե նրանք փոխադարձաբար պարտապան ու վարկատու են միմյանց հանդեպ, ապա ակներև է, որ երբ նրանց պահանջները չեն հավասարակշռվում, մնացորդի համար նրանցից միայն մեկը մյուսի պարտապանը պետք է լինի։ Ազգերի նկատմամբ այս դրույթը ամենևին կիրառելի չէ։ Եվ որ այս վերջին դեպքում մի այլ հարաբերություն է առաջանում, բոլոր տնտեսագետների կողմից ճանաչված է հանձին այն դրույթի, թե վճարման բալանսը կարող է մի ազգի օգտին կամ թե նրա դեմ լինել, թեև. նրա առևտրային բալանսը վերջիվերջո հավասարակշռվելու է։ Վճարման բալանսը նրանով է տարբերվում առևտրային բալանսից, որ նա մի որոշակի ժամանակամիջոցում վճարելի առևտրային բալանս է։ Արդ, ճգնաժամերի դերն այն է, որ վճարման ու առևտրային բալանս է միջև եղած տարբերությունը խցկում են մի ավելի կարճ ժամկետի մեջ. իսկ այն որոշ կացությունները, որոնք ծավալվում են մի ազգի շարքերում, որի մոտ տարածվում է ճգնաժամը, ուրեմն որի համար հիմա վրա է հասնում վճարման ժամկետը,— այս կացություններն իրենց հետ արդեն բերում են փոխմարման ժամանակաշրջանի մի այսպիսի կրճատում։ Առաջին՝ ազնիվ մետաղների տարառաքումը, հետո՝ միջնորդներին հանձնած ապրանքների էժան գնով ծախծխումը, ապրանքների արտահանումը՝ սրանք ծախծխելու համար կամ թե երկրի ներսում նրանց դիմաց փողային փոխատվություններ ստանալու համար. տոկոսադրույքի բարձրացում, վարկատրած գումարների ետպահանջում, արժեթղթերի կուրսի անկում, օտարերկրյա արժեթղթերի ծախծխում, օտարերկրյա կապիտալների առձգում այս արժեքազրկված թղթերի մեջ ներդրելու համար, վերջապես սնանկությունը, որ մարում է պահանջների մի մեծ քանակ։ Ընդ սմին հաճախ մետաղն ուղարկվում է այն երկիրը, որտեղ բռնկվել է ճգնաժամը, որովհետև նրա վրա քաշված մուրհակներն անապահով են, ուրեմն վճարումն ամենից ապահով հնչուն դրամով է կատարվում։ Սրան ավելանում է այն հանգամանքը, որ Ասիայի վերաբերմամբ բոլոր կապիտալիստական ազգերը մեծ մասամբ միաժամանակ, ուղղակի կամ թե անուղղակի, նրա պարտապաններն են լինում։ Հենց որ այս բոլոր տարբեր պարագաներն իրենց լրիվ ներգործությունն անում են մյուս մասնակից ազգի վրա, սրա մոտ էլ սկսվում է ոսկու և արծաթի արտահանումը, կարճ ասած՝ վրա է հասնում վճարաժամկետը, և միևնույն երևույթները կրկնվում են։
 
Վաճառականական վարկի դեպքում տոկոսն իբրև վարկագնի ու կանխիկ գնի տարբերություն լոկ այնքանով է մտնում ապրանքի գնի մեջ, որչափով որ մուրհակը սովորականից ավելի երկար ժամանակով է տրվում։ Հակառակ դեպքում այդ տեղի չի ունենում։ Եվ այս բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուրը մի ձեռով ընդունում է այսպիսի վարկ և մյուսով՝ մի ուրիշին տալիս։ {Այս չի համերաշխում իմ փորձի հետ.— Ֆ. Է.}։ Իսկ որչափով որ այս ձևով կատարվող մուրհակների զեղչն երևան է գալիս այստեղ, նա կարգավորվում է ո՛չ թե այսպիսի վաճառականական վարկով, այլ փողային շուկայով։
 
Եթե փողային կապիտալի պահանջարկն ու առաջարկը, որոնք որոշում են տոկոսադրույքը, նույնը լինեին, ինչ որ իսկական կապիտալի պահանջարկն ու առաջարկն է, ինչպես Օվերստոնն է պնդում, ապա տոկոսը պետք է միաժամանակ ցածր ու բարձր լիներ՝ նայած տարբեր ապրանքներին կամ թե այն տարբեր փուլերին, որոնցում գտնվում է տվյալ ապրանքը (հումք, կիսաֆաբրիկատ, պատրաստի արդյունք)։ 1844 թվին Անգլիայի բանկի տոկոսադրույքը տատանվում էր 4%-ի (հունվարից մինչև սեպտեմբեր) և 2½ ու 3%-ի միջև նոյեմբերից մինչև տարեվերջը)։ 1845 թվին նա 2½, 2¾, 3% էր հունվարից մինչև հոկտեմբեր, 3%-ի ու 5%-ի արանքումն էր վերջին ամիսներում։ Fair Orleans բամբակի միջին գինը 1844 թվին 6¼ պենս էր, իսկ 1845 թվին՝ 4⅞ պենս։ 1844 թվի մարտի 3-ին Լիվերպուլում բամբակի պաշարը 527 042 հակ էր, իսկ 1845 թվի մարտի 3-ին՝ 773 500 հակ։ Եթե զատենք բամբակի ցածր գնով, տոկոսադրույքը 1845 թվին պետք է ցածր լիներ, ինչպես այդ իրոք տեղի ուներ այս ժամանակաշրջանի ամենամեծ մասում։ Իսկ եթե դատենք մանվածքով, ապա տոկոսադրույքը պիտի բարձր լիներ, որովհետև գները հարաբերաբար, իսկ շահույթները բացարձակորեն բարձր էին։ Ֆունտը 4 պենսանոց բամբակից 1845 թվին կարող էր 4 պենս մանելածախքով մի մանվածք մանվել (№ 40 լավ secunda mule twist տեսակը), որը մանագործարանատիրոջ վրա ուրեմն 8 պենս կնստեր և որը սա կարող էր 1845 թվի սեպտեմբերին ու հոկտեմբերին ֆունտը 10½ կամ թե 11½ պենսով ծախել։ (Տե՛ս Wylie-ի ցուցմունքները ներքևում)։
 
Ամբողջ խնդիրը կարող է լուծման հասցվել հետևյալով.
 
Փոխատուական կապիտալի պահանջարկն ու առաջարկը նույնը կլիներ ընդհանրապես վերցրած կապիտալի պահանջարկի ու առաջարկի հետ (թեև այս վերջին ֆրազն անհեթեթություն է. արդյունաբերողի կամ վաճառականի համար ապրանքը նրա կապիտալի ձևն է, բայց և այնպես նրա ցանկացածը երբեք կապիտալը չէ իբրև այսպիսին, այլ միշտ այս մասնահատուկ ապրանքն է որպես այսպիսին, և նա գնում ու վճարում է այս՝ իբրև ապրանք՝ հացահատիկ կամ բամբակ և այլն, անկախ այն դերից, որ սա խաղալու է իր կապիտալի շրջապտույտի մեջ), եթե փողով փոխատվություն անողներ իսպառ գոյություն չունենային, և սրանց փոխարեն լինեին մեքենաների, հումքի և այլոց տերեր՝ փոխատրող կապիտալիստներ, որոնք հիշյալները փոխ տային կամ վարձով տային,— ինչպես հիմա տներն են տալիս,— արդյունաբերական կապիտալիստներին, որոնք իրենք էլ այս առարկաների մի մասի սեփականատերերն են։ Այսպիսի հանգամանքներում փոխատուական կապիտալի առաջարկը կնույնանար արդյունաբերական կապիտալիստներին մատակարարվող արտադրատարրերի, վաճառականներին մատակարարվող ապրանքների առաջարկի հետ։ Բայց միանգամայն պարզ է, որ այս դեպքում շահույթի բաշխումը վարկատուի ու վարկառուի միջև ամբողջովին կախված կլիներ ամենից առաջ այն երկու կապիտալների հարաբերությունից, որոնցից մեկը փոխ է տրվել, իսկ մյուսն այն կապիտալիստի սեփականությունն է, որը նրանից օգտվում է։
 
Պարոն Վեգելինի ասելով (B. A. 1857), տոկոսադրույքը որոշվում է «անզբաղ մնացած կապիտալի մասսայով (252) «լոկ այն անզբաղ մնացած կապիտալի մասսայի ցուցանիշն է, որը ներդրումն է որոնում» (271). այս անզբաղ մնացած կապիտալն այնուհետև նրա մոտ անվանվում է «floating capital» (485), և սրա տակ նա հասկանում է «Անգլիայի բանկի բանկնոտներն ու երկրում եղած շրջանառության այլ միջոցները. օրինակ, գավառական բանկերի բանկնոտներն ու երկրում առկա դրամը... ես floating capital-ի մեջ մտցնում եմ բանկերի պահեստի ֆոնդերն էլ» (502, 503), իսկ հետո ավելացնում է նաև ձույլ ոսկին (503)։ Այսպես, միևնույն Վեգելինն ասում է, թե Անգլիայի բանկը տոկոսադրույքի վրա մեծ ազդեցություն է ունենում այն ժամանակաշրջաններում, «երբ մենք» {Անգլիայի բանկը} «փաստորեն մեր ձեռին ունենում ենք անզբաղ մնացած կապիտալի ամենամեծ մասը» (1198), այնինչ պարոն Օվերոտոնի վերևում մեր մեջբերած ցուցմունքների համաձայն Անգլիայի բանկը «կապիտալի հետ որևէ առնչություն չունի»։ Այնուհետև Վեգելինն ասում է. «Իմ կարծիքով՝ զեղչանորման կարգավորվում է անզբաղ մնացած կապիտալի՝ երկրում եղած քանակով։ Անզբաղ մնացած կապիտալի քանակը ներկայացվում է որպես Անգլիայի բանկի պահեստ, որը փաստորեն մետաղապահեստ է։ Հետևաբար, եթե ազնիվ մետաղի պաշարը նվազում է, սրա հետևանքով նվազում է անզբաղ մնացած կապիտալի՝ երկրում եղած քանակը և ուրեմն բարձրանում է դեռ առկա մնացորդի արժեքը» (1258)։ Ջ. Ստուարտ Միլլն ասում է (2102). «Բանկը իր banking department-ը [բանկային բաժանմունքը] գործունակ պահելու համար ստիպված է ամեն հնարավոր միջոցի դիմելու, որ այս department-ի պահեստը լրացնի. ուստի և հենց որ նկատում է, որ տարհոսումն է սկսվում, նա պետք է իրեն համար պահեստ ապահովի և կամ իր զեղչումները սահմանափակի, կամ էլ սկսի արժեթղթերը ծախել»։— Պահեստը, որչափով որ սոսկ banking department-ն է նկատի առնվում, պահեստ է ավանդների համար միայն։ Օվերստոնի ասելով՝ banking department-ը պետք է գործի լոկ որպես բանկիր՝ առանց հաշվի առնելու բանկնոտների «ավտոմատիկ» թողարկումը։ Բայց իսկական նեղվածության ժամանակաշրջաններում Անգլիայի բանկը, banking department-ի պահեստից անկախ, որը սոսկ բանկնոտներից է լինում կազմված, շատ արթուն հսկում է մետաղի պահեստին և պետք է հսկի, եթե չի ուզում սնանկանալ։ Որովհետև միևնույն չափով, որով չքանում է մետաղի պաշարը, չքվում է նաև բանկնոտների պահեստը, և այս բանը ոչ ոք
Վստահելի
1396
edits