Changes
[[Պատկեր:Phanjuni_pic_63.png|150px|frameless|thumb|center]]
[[Պատկեր:Phanjuni_pic_65.png|800px|frameless|thumb|center]]
==Զ.==
: Կեցցե՛ հեղափոխություն.
: Կեցցե՛ ազատություն։
[[Պատկեր:Phanjuni_pic_25.png|120px|frameless|thumb|right]]
: Կրիտիկական մոմենտը, ինչպես կը գուշակեի, վերջապես հասավ և հեղափոխությունը իր դրոշակը պարզեց Ծապլվարի մեջ։ Երկու օրե ի վեր պաշարված դրության մեջ ենք և ամեն հարաբերություն խզած՝ գյուղի բնակչության հետ։ Պատմական դեպքեր տեղի ունեցան որոնք կ'արժե մանրամասն պատմել այստեղ, ցույց տալու համար թե որքան շրջահայացությամբ վարվեցավ կուսակցությունս վճռական րոպեներուն և թե՝ փաստացի կերպով ապացուցանելու համար մութ ուժերու անազնիվ և վատ դերը։
: Մի շաբաթ աոաջ ավարտեր էր եկեղեցու կից՝ դպրոցի շենքը, որ կը բաղկանա ցեխով ծեփված փայտաշեն մի ընդարձակ սրահե և վարժապետի համար մի փոքրիկ խուցե, բոլորովին զուրկ գերմանական արդի մանկավարժական ճարտարապետության պահանջմունքներեն. բայց հարցը դրա մեջ չէ։
[[Պատկեր:Phanjuni_pic_66.png|100px|frameless|thumb|right]]
: Այն ինչ իմացա որ դպրոցի շենքի շինությունը ավարտեր է, և նոր ուսուցիչը ճամբա ելած է Արաբկիրեն հոս գալու համար, անմիջապես իմ մոտ հրավիրեցի Ծապլվարի հեղափոխական գործոն շարքերը, Սմենց Վարդան, Խև Ավո և ուսանողական միության նախագահ՝ Կարո, որպեսզի խորհրդակցինք կացության և մեր բռնելիք ընթացքի մասին։
: Խև Ավո առաջարկեց, իբրև արմատական դարման, անմիջապես կրակի տալ դպրոցի շենքը. բայց ես մի քիչ '''անտակտ''' գտա այդ միջոցը և բացատրեցի մեր ընկերներուն, որ մենք պետք է ցույց տանք սառ պաղարյունություն և մեր հակառակորդներու նման չդիմենք ծայրահեղ արարքներու։ Այն տարբեր՝ եթե Ավո կ'ուզեր մի այդպիսի բան ընել անհատական պատասխանատվության տակ, առանց կուսակցությանս պաշտոնական միջամտության. ես այն ատեն անհատապես կրնայի համամիտ ըլլալ իրեն, քանի որ կուսակցությունս, որ ամեն հարցի մեջ ունի իր ազատ հայեցակետը, ոևէ կերպով չի կրնար բռնանալ իր ընկերներու անհատական գործունեության վրա։
[[Պատկեր:Phanjuni_pic_60.png|100px|frameless|thumb|left]]
: Երկար վիճաբանութենե վերջ, որոշում կայացավ կուսակցությանս կողմե մի ցույց կազմակերպել ուսուցչի դեմ՝ Ծապլվար հասած օրը, իսկ եթե այդ ցույցը մնար առանց որոշ արդյունքի, այն ատեն ուսուցիչը պիտի ծեծեինք անհատապես և ոչ թե հանուն կուսակցության, որ երբեք չընդունիր այդ տեսակ բռնի միջոցներ, և իր գաղափարներու հաղթանակին համար խոսքե ու գրչե զատ ուրիշ զենք չի ճանչնար։
: Որպեսզի կեղտոտ պուրժուազիայի և սև կղերականներու մութին մեջ սարքած դավադրությանց զոհ չըլլանք, խոհեմություն համարեցի վաղօրոք մեր մոտ հրավիրել Քոմրաշի Կարլ Մարքս կլուբի քարտուղար Հասո, որ արդեն իր որոշ և գիտակից հայեցակետը պարզած էր դպրոցական հարցի մասին։
[[Պատկեր:Phanjuni_pic_67.png|300px|frameless|thumb|center]]
: Վերջապես երկու օր աոաջ լուր առինք թե՝ ուսուցիչը ցերեկվա մոտ կը հասներ Ծապլվար։ Արդեն իսկ Րես Սերգո, Տեր Սահակ, Սերգոյի երկու որդիքը, Սըհո Ջան, Փրենց Հարո և Կոլոշենց Սեդո, գյուղին բոլոր մենծ–աղայական կուսակցությունը իրենց արբանյակներով, հացկատակներով, պնակալեզներով գացեր էին դիմավորելու պուրժուազիայի պաշտոնական ներկայացուցիչը, իբր թե նա մի հեղափոխական-հասարակական մեծ գործիչ կամ անձնվեր հերոս լիներ։
: Մենք իսկույն հավաքվեցանք եկեղեցու մոտերը պատշաճ դիրքեր գրավելու։
: Տեսնելու էր մութ ուժերու շփոթությունն ու վախը։ Տեր Սահակ անմիջապես ինձ մոտ վազեց և աղաչեց որ վերջ տանք ցույցին։
: — Հեղափոխությունը պայթեցավ Ծապլվարի մեջ,— պատասխանեցի.— և կարելի չէ հեղեղի ընթացքը կասեցնել։
[[Պատկեր:Phanjuni_pic_68.png|300px|frameless|thumb|center]]
: Այդ րոպեին մի սուր աղաղակ լսվեցավ. Խև Ավո, իր անհատական պատասխանատվության տակ, քար մը շպրտած էր ուսուցչի ճակտին և վիրավորած զայն։ Արյունը կը հոսեր և խուճապն ընդհանուր էր։ Րես Սերգո, Սըհո Ջան, Փրենց Հարո և Կոլոշենց Սեդո մի վայրագ հարձակում գործեցին խե՜ղճ պատանիին վրա, որ շվարած՝ մեր մոտ ապաստանեցավ։
[[Պատկեր:Phanjuni_pic_64.png|300px|frameless|thumb|center]]
: — Հասի՛ր Հասո,— գոչեցի կլուբի քուրտ քարտուղարին՝ որ հաստ գավազանը ձեռքը՝ մի քիչ անդին դիրք բռնած էր։
: Այն ատեն պայքարն ստացավ ծանր հանգամանք և հազիվ հաջողեցանք ես, Ավո, Կարո, Ամենց Վարդան և Հասո, խուժանը ճեղքելով ապաստանիլ դպրոցի շենքն որուն դուռը ամրապես փակեցինք։
: Կռիվի միջոցին մի քանի ռեաքսիոներ գլուխ վիրավորվեցան. մեր կողմե ոչ ոք վնասվեցավ։
: Անմիջապես դպրոցի տանիքի վրա պարզեցինք կարմիր դրոշը զոր նախապես պատրաստած էինք։ Տպավորությունը խիստ ցնցող եղավ ամբողջ գյուղին մեջ։
[[Պատկեր:Phanjuni_pic_69.png|200px|frameless|thumb|center]]
: Այժմ երկու օրե ի վեր կը մնանք դպրոցը, զորավոր կերպով ամրացած։ Կը լսենք թե մութ ուժերը վատաբար դիմում ըրած են կաոավարության՝ մեզ բռնի դուրս հանելու համար շենքե մը որ ամբողջ ժողովրդի սեփականությունն է։ Տեսնենք բանից ի՞նչ դուրս կու գա։
: Սվինի քաղաքականությունն է որ ծայր կու տա։ Դե՛հ թո՛ղ ցույց տան իրենց բո՛ւն, իսկական գույնը։ Մենք չենք ընկրկիր։
: Առ այժմ փութով փող ուղարկեցե՛ք։
[[Պատկեր:Phanjuni_pic_70.png|100px|frameless|thumb|center]]
==է.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 14 դեկտեմբեր, 1908'''