Երբ նա տեղափոխում էր արկղը, քնած խաղալիքները շարժվեցին ու փնթփնթացին, բայց շուտով նորից հանգստացան։ Քորալայնը նայեց մահճակալի տակ։ Այնտեղ ոչ ոք չկար։ Նա հանվեց ու անկողին մտավ։ Քնելուց առաջ, մտածում էր, թե ի՞նչ նկատի ուներ կատուն, երբ ասում էր «Չհանձնվես»։
==VI==
Քորալայնին արթնացրեց դեմքին ընկած արևի լույսը։
Որոշ ժամանակ Քորալայնը չէր հասկանում թե որտեղ է, նույնիսկ չէր հիշում թե ով է ինքը։
Հետաքրքիր է, ո՞ւր են չքվում երազները, երբ արթնանում ես։
ՔորալայնըՆա հաճախ երազում էր, որ ուսումնասիրում է հյուսիսային բևեռը, Ամազոնի արևադարձային անտառները կամ Աֆրիկան, բայց հերիք էր միայն նրա ուսին դիպչել, կամ անունը տալ, միանգամից վերադառնում էր հեռավոր ճանապարհորդությունից ու վայրկյանապես հիշում՝ ով է, որտեղից և ինչ է իր անունը։
Հիմա արևը լուսավորում էր նրա դեմքը, ու նորից նա Քորալայն Ջոնսն էր, արթնացել էր կանաչա֊վարդագույն սենյակում, որտեղ առաստաղի տակ թեթև շրշյունով թռվռում էր ահռելի գույնզգույն թղթե թիթեռնիկը։
Նա վեր կացավ մահճակալից և որոշեց, որ երևի արժե հագնել մի որևէ բան մյուս Քորալայնի հագուստներից։ Չէ՞ որ նա չէր կարող ամբողջ օրը ման գալ խալաթով ու տնային կոշիկներով։ «Բայց արդյո՞ք երբևիցե եղել է այստեղ մի ուրիշ Քորալայն։ Երևի թե ոչ, ― որոշեց նա։ ― Քորալայնը միայն մեկն է»։ Սովորական հագուստ պահարանում չկար։ Պահարանի բոլոր հագուստները ավելի շատ հարմար էին դիմակահանդեսի համար։ Այդպիսի հագուստներ նա դեմ չէր լինի ունենալ․ կախարդուհու զգեստ, տարբեր կտորների մնացորդներից կարված խրտվիլակի կոստյում, կարմիր, թարթող լամպերով այլմոլորակային զինվորի կոստյում, փայլերով ու հայելու կտորներով զարդարված նրբագեղ երեկոյան զգեստ։ Վերջապես նա գտավ գիշերվա նման մի սև թավշյա ջինս, մառախուղի նման մոխրագույն, թարթող աստղերով զարդարված սվիտեր և վառ նարնջագույն երկարաճիթ կոշիկներ։ Քորալայնը հագնվեց, խալաթի մի գրպանից հանեց վերջին խնձորը, մյուսից՝ անցքով քարը։ Քարը դրեց ջինսի գրպանը և զգաց, որ վերջապես մտքերը պարզվեցին, կարծես դուրս եկավ մառախուղի միջից։
Նա մտավ խոհանոց, բայց այնտեղ մարդ չկար։
Քորալայնը համոզված էր, որ բացի իրենից բնակարանում ինչ֊որ մեկը կա։ Եվ իսկապես, աշխատասենյակում սեղանի առջև նստած էր մյուս հայրիկը, բայց ոչինչ չէր անում։ Նույնիսկ իր հայրիկի նման չէր թերթում այգեգործական ամսագրերը, երբ ուզում էր ցույց տալ, որ աշխատում է։
― Իսկ ո՞ւր է մյուս մայրիկը, ― հարցրեց նա մյուս հայրիկից։
― Դուրս է եկել, ― ասաց նա, ամրացնում է մուտքերը գիշատիչ կենդանիներից պաշտպանվելու համար։
Թվում էր, թե նրան հաճելի է, որ իր հետ ինչ֊որ մեկը խոսում է։
― Առնետների՞ց։
― Ոչ, առնետները մեր բարեկամներն են։ Նրանք մեզ չեն անհանգստացնում։ Մեզ անհանգստացնում է միայն այն վեր բարձրացրած երկար պոչով մեծ կենդանին։
Դու կատվի՞ն նկատի ունես։
― Այո, ― պատասխանեց մյուս հայրիկը։
Այժմ նա նման չէր իր հայրիկին։ Նրա դեմքը նմանվել էր հասունացող խմորի։ Ընդգծված դիմագծերն ու ծալքերը հարթվել, անհետացել էին։
― Ես չպետք է խոսեմ քեզ հետ, երբ նա ներկա չէ, ― ասաց մյուս հայրիկը։ ― Մի անհանգստացիր, նա տանից հազվադեպ է դուրս գալիս։ Մենք աշխատում ենք այնքան հյուրասեր լինել, որ մտքովդ անգամ չանցնի ետ վերադառնալ։
Նա լռեց ու ձեռքերն իջեցրեց ծնկներին։
― Այժմ ես ի՞նչ է անեմ, ― հարցրեց Քորալայնը։
Մյուս հայրիկը մատը դրեց շրթունքներին։
― Եթե չես ուզում ինձ հետ խոսել, ― ասաց Քորալայնը, ― ես գնում եմ տունը ուսումնասիրելու։
― Այստեղ ոչինչ չես գտնի։ Մայրիկդ ինքն է ստեղծել այս տունը, այստեղ ապրող մարդկանց և բակը։ Ստեղծեց ու սկսեց սպասել։
Նա մատը դրեց շրթունքներին, կարծես ինչ֊որ ավելորդ բան ասաց։
Քորալայնը դուրս եկավ աշխատասենյակից և ուղղվեց հյուրասենյակի հին դռան մոտ, փորձեց բացել այն, բայց դուռը փակ էր, իսկ բանալին մյուս մայրիկի մոտ էր։
Շուրջը ամեն ինչ ծանոթ էր, առարկաները նույնն էին․ տարօրինակ հոտ ունեցող կահույք, նկար՝ որի վրա պատկերված էր մրգերով ափսեն (խաղողի ճութ, երկու սալոր, դեղձ ու խնձոր), առյուծի թաթերի նման ոտքեր ունեցող փոքրիկ փայտե սեղան, և կարծես սենյակից տաք օդը դուրս քաշող դատարկ բուխարիկ։
Սակայն նա մի նոր բան տեսավ։ Բուխարիկի դարակին դրված էր մի անսովոր ապակյա գունդ։
Նա կանգնեց ոտքերի թաթերի վրա ու վերցրեց այն։ Նրա մեջ երկու մարդուկ կային։ Նա թափ թվեց գունդը, և նրա ներսում փայլուն ձյուն եկավ։ Դա հետաքրքիր էր, բայց Քորալայնը նայելու ժամանակ չուներ։ Պետք է գտներ ծնողներին ու տուն տանող ճանապարհը։ Նա տեղը դրեց գունդը ու դուրս եկավ փողոց։ Անցավ թարթող լամպերով դռան կողքով, որտեղ միսս Սփինքն ու Ֆորսիբլը իրենց անվերջանալի ներկայացումն էին տալիս և այգու խորքը գնաց։
Այնտեղ, որտեղից նա եկել էր, ծառերից հետո սկսվում էր մարգագետինը ու թենիսի խաղահրապարակը։ Իսկ այստեղ միայն անտառն էր, և ինչքան շատ էիր այնտեղ խորանում, այնքան ավելի քիչ էր նմանվում իսկական անտառի։ Շուտով ծառերը նմանվեցին էսքիզների․ ծառերի մոխրա֊շագանակագույն բների վրայի կանաչ բծերը, տերևներ էին պատկերում։
Երևի մյուս մայրիկին կամ ընդհանրապես չէին հետաքրքրում ծառերը, կամ կարծում էր, որ ոչ ոք այստեղ չի հասնի։
Նա շարունակեց իր որոնումները, մինչև ճանապարհը փակեց մառախուղը։ Այդ մառախուղը իսկական մառախուղի նման խոնավ չէր։ Նա ոչ տաք էր, ոչ սառը, դա ոչինչ էր։
― Ես հետազոտող եմ, ― ասում էր ինքն իրեն Քորալայնը։ Ես պետք է պարզեմ, թե ինչպես կարելի է այստեղից փախչել։ Ես պետք է շարունակեմ ճանապարհս։
Շրջապատող աշխարհը նման էր մաքուր սպիտակ թղթի, կամ ահռելի դատարկ սպիտակ սենյակի։ Այդ աշխարհին հնարավոր չէր ձեռք տալ, այդ աշխարհը ոչ հոտ ուներ, ոչ համ, ոչ էլ գույն։
«Սա մառախուղ չէ», ― մտածում էր Քորալայնը։ Բայց ի՞նչ է՝ չգիտեր։ Նրան նույնիսկ թվաց, որ կուրացել է։ Ինքն իրեն նա տեսնում էր, բայց ոտքերի տակ ոչինչ չկար, միայն մառախլապատ, կաթնային սպիտակություն էր։
― Ի՞նչ ես անում, ― հարցրեց մի ձայն։
Քորալայնը ուշադիր նայեց ու ճանաչեց կատվին։ Նրա մազերը ցցված էին, աչքերը ահռելի էին թվում, պոչը կախ էր ընկած ոտքերի արանքում։
― Ես տան ճանապարհն եմ փնտրում, ―պատասխանեց Քորալայնը։
― Սա վատ տեղ է, ― ասաց կատուն։ ― Եթե ընդհանրապես կարելի է տեղ անվանել։ Այստեղ փնտրելն անիմաստ է։ Սա տարածության այն մասն է, որը նա ցանկացել է օգտագործել։
― Ո՞վ։
― Նա, ով իրեն մյուս մարիկ է անվանում, ― պատասխանեց կատուն։
― Բայց ո՞վ է նա իրականում, ― հարցրեց Քորալայնը։
Հանկարծ նա տեսավ մի բարձր ու մուգ, աշտարակի նման մի բան։
― Դու սխալվում էիր, ― ասաց նա կատվին։ ― Այստեղ ինչ֊որ բան կա․․․
Շինության մուգ ուրվագիծը ավելի տեսանելի էր դառնում։
― Բայց ախր սա․․․ ― անորոշ ասաց Քորալայնը։
― Դու իրավացի ես։ Սա այն տունն է, որտեղից դու քիչ առաջ դուրս ես եկել, ― հաստատեց կատուն։
― Երևի ես մոլորվել եմ մառախուղի մեջ, ― ասաց Քորալայնը։
Կատուն այնպես կորացրեց պոչը, որ այն նմանվեց հարցականի նշանի ու թեքեց գլուխը։
― Դու, հնարավոր է մոլորվել ես, բայց ես՝ ոչ։ Ուրեմն դու սխալվում ես։
― Բայց ինչպե՞ս կարելի է հեռանալ ու միաժամանակ վերադառնալ։
― Հեշտությամբ, ― ասաց կատուն։ Չէ՞ որ կարելի է երկրագնդի շուրջը պտտվել։ Մի տեղից դուրս գալ ու նույն տեղը վերադառնալ։
― Ուրեմն, սա շատ փոքրիկ աշխարհ է, ― նկատեց Քորալայանը։
― Նրան ավելին պետք չէ, ― ասաց կատուն։ ― Սարդոստայնի չափը որոշվում է միայն սարդի ճանճ բռնելու հարմարությամբ։
Քորալայնը սկսեց մրսել։
― Նա ասաց, որ մյուս մայրիկը գնացել է բոլոր մուտքերն ու ելքերը փակելու քեզանից, ― հայտնեց նա կատվին։
― Թող փորձի, ― ասաց կատուն անտարբեր։ ― Այո, թող փորձի։
Նրանք կանգնած էին տան մոտ գտնվող ծառերի տակ։ ― Այս ծառերը ավելի բնական տեսք ունեին, քան անտառի ծառերը։
― Այսպիսի տեղերում միշտ կարելի է գտնել մուտքեր ու ելքեր, որոնց մասին նա չգիտի։
― Բայց չէ՞ որ նա ինքն է ստեղծել այս տեղը, ― ասաց Քորալայնը։
― Սարքել է, ստեղծել է, ― ի՞նչ տարբերություն, ― փնթփթաց կատուն։ ― Ամեն դեպքում նա վաղուց է այստեղ։ Հսկում է։
Հանկարծ նա ցնցվեց ու կայծակնային թռիչք կատարեց։ Քորալայնը չհասցրեց աչքը թարթել, կատուն նորից նստած էր նրա առջև, թաթով գետնին սեղմելով մի մեծ սև առնետ։
― Հին, բարի ժամանակներում ես այնքան էլ չէի սիրում առնետ բռնել, ― կարծես ոչինչ էլ տեղի չէր ունեցել շարունակեց նա։ Բայց այստեղ առնետները նրա լրտեսներն են, նրա աչքերն ու ականջները․․․ Այս բառերն ասելիս, կատուն բաց թողեց առնետին։
Առնետը արդեն բավական հեռու էր փախել, բայց կատուն մի թռիչքով հասավ նրան և հարվածեց բաց թողած մագիլներով թաթով, մյուսով սեղմելով նրան գետնին։
― Հիանալի հարված էր, ― գոհունակությամբ ասաց կատուն։ ― Ուզո՞ւմ ես մի անգամ էլ տեսնել։
― Ոչ, ― ասաց Քորալայնը։ ― Ինչո՞ւ ես նրան տանջում։
― Հըմ, ― ասաց կատուն ու նորից բաց թողեց առնետին։
Չհավատալով իր երջանկությանը առնետը մի քանի անվստահ քայլ արեց, հետո սկսեց փախչել։
Կատուն նորից հասավ նրան, խփեց թաթով, նետեց վերև ու ատամներով բռնեց։
― Հերիք է, ― ասաց Քորալայնը։
Կատուն սեղմեց առնետին թաթերի մեջ։
― Ոմանք, ― հոգոց հանեց նա, ― կատուների սովորությունը խաղալ իրենց զոհի հետ անմարդկային են համարում, բայց հենց այդ սովորության պատճառով է, որ փոքրիկ ծիծաղելի մսի կտորներին երբեմն հաջողվում է փախչել։ Հաճա՞խ է քո ճաշը փախչում։
Նա ատամներով վերցրեց առնետին ու անհետացավ ծառերի ետևում։
Քորալայնը վերադարձավ տուն։ Այստեղ ամայի էր ու լուռ։ Նույնիսկ նրա քայլերը գորգի վրա շատ բարձր էին հնչում։ Արևի շողերում պտտվում էր փոշին։
Քորալայնը նայեց հայելու մեջ և նկատեց, որ իր տեսքը ավելի վստահ ու քաջ է, քան կա իրականում։ Բացի իրենից ու միջանցքից հայելին ոչինչ չէր արտացոլում։
Հանկարծ մի ձեռք դիպավ նրա ուսին։ Քորալայնը շրջվեց։ Մյուս մայրիկը նայում էր նրան իր սև կոճակներով։
― Թանկագին Քորալայն, ― ասաց նա։ Արի մի որևէ խաղ խաղանք։ Ի՞նչ խաղ կցանկանայիր խաղալ․ «քառակուսինե՞ր», « Երջանիկ ընտանի՞ք», թե՞ «Մոնոպոլիա։
― Դու չես արտացոլվում հայելում, ― ասաց Քորալայնը։
Մյուս մայրիկը ժպտաց․
― Հայելիներին երբեք չի կարելի վստահել, ― պատասխանեց նա։ ― Ուրեմն, ի՞նչ ենք խաղալու։
― Ես չեմ ուզում քեզ հետ խաղալ, ― ասաց Քորալայնը։ Ես ուզում եմ տուն վերադառնալ ու ապրել իմ իսկական ծնողների հետ։ Ես ուզում եմ, որ դու նրանց բաց թողնես։ Որ բոլորիս ազատես։
Մյուս մայրիկը դանդաղ ճոճեց գլուխը։
― Քո բառերը ինձ համար ավելի ցավալի են, կան օձի խայթոցը, ― պատասխանեց նա։ ― Ահա թե ինչպիսին է որդիական անշնորհակալությունը։ Բայց միևնույն է, սառցակալած սիրտը կարելի է սիրով հալեցնել։
― Ես երբեք քեզ չեմ սիրի, ― ասաց Քորալայնը։ ― Երբեք։ Դու չես կարող ինձ ստիպել։
― Արի զրուցենք դրա մասին, ― պատասխանեց մյուս մայրիկը ու գնաց նախասենյակ։ Քորալայնը հետևեց նրան։
Մյուս մայրիկը նստեց բազմոցին, վերցրեց տնտեսական պայուսակը, հանեց այնտեղից խշխշան փաթեթը և մեկնեց Քորալայնին։
― Ուզո՞ւմ ես, ― քաղաքավարի հարցրեց նա։
Քորալայնը կարծելով, որ փաթեթում շոկոլադե կոնֆետներ կամ իրիսներ են, նայեց փաթեթի մեջ։ Փաթեթը կիսով չափ լի էր մեծ, սև, փայլուն բզեզներով, որոնք աշխատում էին դուրս գալ այնտեղից։
― Ոչ, ― պատասխանեց Քորալայնը, ― չեմ ուզում։
― Ինչպես ուզում ես, ― ասաց մյուս մայրիկը։ Նա խնամքով հանեց փաթեթեից ամենամեծ բզեզին, պոկեց նրա թաթիկները, գցեց ապակյա մոխրամանի մեջ, բզեզին բերանը դրեց ու հաճույքով խրթխրթացրեց։
― Ի՜նչ համով է, ― ասաց նա ու մի բզեզ էլ դրեց բերանը։
― Դու խելագար ես, ― բացականչեց Քորալայնը, ― դու խելագար, չար կախարդ ես։
― Մի՞թե կարելի է մայրիկի հետ այդպես խոսել, ― հարցրեց մյուս մայրիկը բզեզներով լիքը բերանով։
― Դու իմ մայրիկը չես, ― ասաց Քորլայնը։
Մյուս մայրիկը ուշադրություն չդարձրեց նրա բառերի վրա։
― Դու շատ բորբոքված ես։ Այսօր երեկոյան մենք կզբաղվենք ասեղնագործությամբ, կամ կնկարենք։ Եթե քեզ լավ պահես, թույլ կտամ խաղալ առնետների հետ։ Իսկ նախքան բարի գիշեր մաղթելն ու համբուրելը, ես քեզ հեքիաթ կպատմեմ։
Նրա երկար մատները շարժվեցին, հոգնած թիթեռնիկի նման։
Քորալայնը ցնցվեց։
― Ոչ, ― ասաց նա։
Մյուս մայրիկը բացեց բերանը և հերթական բզեզը դրեց այնտեղ։ Հետո էլի մեկին, կարծես դրանք շոկոլադապատ չամիչ լինեին։ Սև կոճակե աչքերը նայում էին ուղիղ Քորալայնի շագանակագույն աչքերին։ Փայլող, մուգ մազերը թռչում ու փաթաթվում էին նրա վզին ու ուսերին այնպես, կարծես նրանց շարժում էր քամին, բայց քամի չկար։
Որոշ ժամանակ նրանք լուռ նայում էին միմյանց։ Հետո մյուս մայրիկը բացականչեց․
― Ինչպե՞ս ես քեզ պահում։
Նա խնամքով փակեց փաթեթը, որպեսզի բզեզները չփախչեն, և նորից դրեց պայուսակի մեջ։ Գոգնոցի գրպանից հանեց սև բանալին, հետո դեմքի դժգոհ արտահայտությամբ դրեց պայուսակի մեջ, ու հանեց մի փոքրիկ արծաթափալ բանալի։
Ահա այն, ― ասաց նա։ ― Ես քո լավն եմ ցանկանում։ Չէ՞ որ ես ուզում եմ, որ դու լավ դաստիարակված լինես։ Դաստիարակված մարդը պետք է կարողանա իրեն լավ պահել։
Նա հրելով տարավ Քորալայնին միջանցքի ծայրը, հայելու մոտ, դրեց բանալին հայելու վրա անտեսանելի անցքի մեջ ու պտտեց այն։
Հայելին դռան նման բացվեց։ Դռան ետևում կատարյալ մութ էր։
― Այստեղից դուրս կգաս միայն այն ժամանակ, երբ կսովորես քեզ լավ պահել, ― ասաց մյուս մայրիկը։ ― Երբ պատրաստ լինես՝ սիրող դուստր դառնալ։
Նրա բերանից ցցվել էր մի կտոր բզեզ, սևկոճակ աչքերը ոչինչ չէին արտահայտում։ Նա հրեց աղջկան հայելու ետևի նեղ խուցը ու փակեց դուռը։ Քորալայնը մնաց մթության մեջ։