Changes

Տոն, որը միշտ քեզ հետ է

Ավելացվել է 18 566 բայտ, 09:04, 24 Ապրիլի 2016
Ես զանգեցի միջանցքի ծառայողին։ Նա չեկավ, եւ ես կրկին զանգեցի, հետո դուրս եկա, որ նրան գտնեմ։ Սկոտը պառկել էր աչքերը փակ եւ շնչում էր դանդաղ ու համաչափ․ մեղրամոմի գույնի մաշկը եւ ուղիղ դիմագծերը նրան նման էին դարձրել փոքրիկ մեռնող խաչակրի։ Ինձ արդեն սկսել էր ձանձրացնել այդ գրական կյանքը,— եթե դա գրական կյանք էր,— եւ ինձ մոտ բացակայում էր կատարված աշխատանքի զգացողությունը, եւ ինձ արդեն համակել էր սպանիչ ձանձրույթը, որ իր հետ բերում էր յուրաքանչյուր իզուր ապրած օրը։ Ինձ խիստ ձանձրացրել էին Սկոտն ու այդ հիմար կոմեդիան, բայց ես գտա միջանցքի ծառայողին, նրան փող տվի ջերմաչափ ու ասպիրին գնելու համար եւ պատվիրեցի երկու citron presse<ref>Լիմոնի հյութ (ֆրանս․)։</ref> ու երկու կրկնակի վիսկի։
 
Երբ ես վերադարձա մեր համարը, Սկոտը դեռեւս պառկած էր՝ ինչպես արձանը իր սեփական շիրմի վրա․ նրա աչքերը փակ էին, եւ նա շնչում էր անխռով արժանապատվությամբ։
 
Լսելով, որ ներս եմ մտել, հարցրեց․
 
— Դուք ջերմաչափ գտա՞ք։
 
Ես մոտեցա եւ ձեռքս դրի ճակատին։ Մեռելային ցրտություն չէր փչում նրա ճակատից։ Բայց այն պաղ էր ու չոր։
 
— Ոչ,— ասացի ես։
 
— Ես կարծում էի, թե կբերեք։
 
— Ես ուղարկել եմ, որ բերեն։
 
— Դա նույն բանը չէ։
 
— Այո։ Ամենեւին էլ նույնը չէ։
 
Սկոտի վրա չէր կարելի զայրանալ, ինչպես չէր կարելի զայրանալ խելագարի վրա, եւ ես սկսեցի ինքս ինձ վրա բարկանալ նրա համար, որ ընկել եմ այդ հիմար պատմության մեջ։ Ինչեւէ, ես հասկացա, թե նա ինչու է իրեն այդպես պահում։ Այն օրերին հարբեցողների մեծամասնությունը մեռնում էր պնեւմոնիայից, հիվանդություն, որ հիմա գրեթե անվտանգ է։ Բայց դժվար էր Սկոտին հարբեցող համարել, քանի որ նրա վրա ազդում էր ալկոհոլի նույնիսկ ամենաչնչին դոզան։
 
Այն տարիներին մենք Եվրոպայում գինին նույնչափ օգտակար ու բնական էինք համարում, որքան եւ ուտելիքը, եւ բացի այդ, գինին երջանկության, բարեհաջողության ու բերկրանքի զգացողություն էր առաջացնում։ Գինի էինք խմում ոչ թե սնոբիզմի պատճառով կամ կեցվածք ընդունելու համար, եւ ոչ էլ գինին պաշտամունք էր։ Խմելը նույնքան բնական էր, որքան եւ ուտելը, իսկ ինձ համար՝ նաեւ անհրաժեշտություն, եւ ես չէի ճաշի առանց գինու, սիդրի կամ գարեջրի։ Ինձ դուր էին գալիս բոլոր գինիները, բացի քաղցրը, կիսաքաղցրը կամ չափազանց տտիպը, եւ մտածել անգամ չէի կարող, որ մեր խմած մի քանի շիշ սեղանի շատ թեթեւ սպիտակ «մակոնան» կարող է Սկոտի մեջ առաջացնել քիմիական փոփոխություններ, որոնցից նա խենթացել էր։ Ճիշտ է, առավոտյան մենք հանքային ջրով վիսկի էինք խմել, բայց ես այն ժամանակ դեռեւս ոչինչ չգիտեի ալկոհոլիկների մասին եւ չէի կարող պատկերացնել, թե մի ըմպանակ վիսկին կարող է այդքան ուժեղ ազդել անձրեւի տակ բաց մեքենայով սլացող մարդու վրա։ Ալկոհոլը պետք է որ շատ շուտով քամահարվեր։
 
Միջանցքի ծառայողին սպասելով, ես նստել թերթ էի կարդում եւ խմում էի վերջին կանգառում բացած «մակոնայի» շիշը։ Ֆրանսիական թերթերում միշտ հանդիպում է որեւէ ցնցող հանցագործություն, որի բացահայտմանը կարելի է հետեւել օրըստօրե։ Այդ նկարագրությունները ընթերցվում են վեպի նման, բայց հաճույք ստանալու համար անհրաժեշտ է իմանալ նախորդ գլուխների բովանդակությունը, քանի որ ֆրանսիական թերթերը, ի տարբերություն ամերիկյան թերթերի, չեն հրապարակում նախորդ իրադարձությունների համառոտ շարադրանքը, ինչեւէ, շարունակաբար տպվող ամերիկյան վեպերն էլ հետաքրքիր չէ կարդալ, եթե չգիտես, թե ինչ է ասված եղել ամենակարեւոր առաջին գլխում։ Երբ Ֆրանսիայում ճանապարհորդում ես, թերթերը շատ բանով են կորցնում իրենց հմայքը, քանի որ ընդհատվում է ամեն տեսակի crimes֊ների, affaires֊ների կամ scendeles֊ների<ref>Հանցագործություններ, խաբեություններ, սկանդալներ (ֆրանս․)։</ref> հետեւողական շարադրանքը եւ կորչում է այն հաճույքը, որ ստանում ես, երբ դրանց մասին կարդում ես սրճարանում։ Ես այժմ կգերադասեի սրճարանում լինել, որտեղ կկարողանայի կարդալ Փարիզի առավոտյան թերթերը, եւ նայել անցորդների վրա, ու ընթրիքից առաջ խմել «մակոնայի» ավելի սոլիդ որեւէ բան։ Բայց իմ ձեռքին Սկոտն էր, եւ ես բավարարվեցի եղածով։
 
Եկավ միջանցքի ծառայողը, իր հետ բերելով երկու բաժակ լիմոնի հյութ՝ սառույցով, վիսկի եւ «պերիե» հանքային ջուր ու ինձ ասաց, որ դեղատներն արդեն փակ են, եւ ինքը չի կարողացել ջերմաչափ գնել։ Բայց ասպիրին նա ինչ֊որ մեկից փոխարինաբար վերցրել է։ Ես հարցրի, թե նա չի՞ կարող արդյոք փոխարինաբար նաեւ ջերմաչափ գտնել։ Սկոտը բացեց աչքերը եւ իռլանդական մի չար հայացք նետեց միջանցքի ծառայողի վրա։
 
— Դուք նրան բացատրե՞լ եք, թե դա որքան լուրջ է։
 
— Ինձ թվում է, նա հասկանում է։
 
— Խնդրում եմ, աշխատեցեք այդ բանը նրա գլուխը մտցնել։
 
Ես «աշխատեցի», եւ միջանցքի ծառայողն ասաց․
 
— Կփորձեմ մի բան անել։
 
— Դուք նրան բավականաչափ թեյի փող տվե՞լ եք։ Նրանք միայն թեյի փողով են աշխատում։
 
— Ես դա չգիտեի,— ասացի ես,— կարծում էի, հյուրանոցը եւս նրանց վճարում է։
 
— Ես ուզում էի ասել, որ նրանք ձեզ համար ոչինչ չեն անի առանց թեյի փողի։ Նրանք գրեթե բոլորն էլ անուղղելի սրիկաներ են։
 
Ես հիշեցի Իվեն Շիպմենին եւ «Կլոզերի դե Լիլա»֊յի մատուղոցին, որին ստիպեցին բեղերը խուզել, երբ «Կլոզերի»֊ում ամերիկյան բար էին բացել, եւ մտածեցի այն մասին, ինչպես էր Իվենը աշխատել Մոնրուժի նրա այգում, Սկոտի հետ ծանոթանալուցս շատ առաջ, եւ ինչպես մենք բոլորս վաղուց իրար հետ լավ բարեկամություն էինք անում «Լիլա»֊յում, ինչ փոփոխություններ են այնտեղ տեղի ունեցել եւ թե դրանք ինչ նշանակություն են ունեցել մեզ բոլորիս համար։ Ես ուզում էի Սկոտին պատմել, թե ինչ է տեղի ունենում «Լիլա»֊յում, թեպետ, ավելի վաղ, հավանաբար, նրան պատմել էի այդ մասին, բայց ես գիտեի, որ նրան չեն հուզում ո՛չ մատուցողները, ո՛չ նրանց ցավերը, ո՛չ նրանց բարիությունն ու համակրանքը։ Այն տարիներին Սկոտը ատում էր ֆրանսիացիներին եւ քանի որ նա շփվում էր գերազանցապես մատուցողների հետ, որոնց չէր հասկանում, տաքսիի վարորդների հետ, գարաժների ծառայողների եւ տանտերերի հետ, նա նրանց վիրավորելու քիչ հնարավորություններ չէր գտնում։
 
Ավելի քան ֆրանսիացիներին, նա ատում էր իտալացիներին եւ չէր կարողանում նրանց մասին խոսել առանց վրդովմունքի, եթե նույնիսկ խմած չէր լինում։ Անգլիացիներին նա նույնպես ատում էր, բայց հաճախ նրանց հանդուրժում էր, ներողամտորեն էր վերաբերվում, իսկ մեկ֊մեկ էլ հիանում էր նրանցով։ Չգիտեմ, թե ինչպես էր վերաբերվում գերմանացիներին ու ավստրիացիներին։ Հնարավոր է, այն ժամանակ նա դեռեւս առիթ չէր ունեցել շփվելու նրանց, ինչպես եւ շվեյցարացիների հետ։
 
Այն երեկո հյուրանոցում ես միայն ուրախ էի, որ նա այդպես հանգիստ էր։ Ես նրա համար լիմոնադով վիսկի սարքեցի եւ ասպիրինի երկու հաբ տվի։ Նա հաբերը կուլ տվեց հանգիստ ու անխոս, այնուհետեւ սկսեց վիսկի խմել։ Այժմ նրա աչքերը բաց էին եւ հառված ինչ֊որ անորոշ կետի։ Ես թերթի ներսի էջերում հանցագործության մասին հաշվետվություն էի կարդում եւ ինձ շատ լավ էի զգում։
 
— Բայց դուք անսիրտ մարդ եք, այնպես չէ՞,— հարցրեց Սկոտը, եւ նրան նայելով, ես հասկացա, որ, հնարավոր է, ախտորոշման մեջ չեմ սխալվել, բայց, բոլոր դեպքերում, նրան այն դեղը չեմ տվել, ինչ պետք է, եւ վիսկին աշխատում է մեր դեմ։
 
— Իսկ ինչո՞ւ, Սկոտ։
 
— Ահա դուք կարող եք նստել ու կարդալ այդ քոսոտ թերթուկը, եւ ձեզ համար միեւնույն է, որ ես մեռնում եմ։
 
— Ուզում եք, որ ես բժի՞շկ կանչեմ։
 
— Ոչ։ Ես չեմ ուզում գործ ունենալ Ֆրանսիայի այդ գավառական կեղտոտ բժշկի հետ։
 
— Իս ի՞նչ եք ուզում։
 
— Ես ուզում եմ ջերմությունս չափել։ Հետո ես ուզում եմ՝ իմ հագուստը չորացնեն, որ մենք կարողանանք ճեպընթացով մեկնել Փարիզ եւ այնտեղ իսկույն եւեթ գնալ Նեյիի ամերիկյան հոսպիտալը։
 
— Մեր հագուստը մինչեւ լույս չի չորանա, իսկ ճեպընթացներն այստեղ կանգ չեն առնում,— ասացի ես,— փորձեք հանգստանալ, հետո անկողնում թեթեւակի կընթրեք։
 
— Ես ուզում եմ ջերմությունս չափել։
 
Դա տեւեց բավականին երկար, մինչեւ միջանցքի ծառայողը ջերմաչափ բերեց։
 
— Մի՞թե ուրիշ ջերմաչափ չկար,— հարցրի ես։
 
Երբ միջանցքի ծառայողը ներս մտավ, Սկոտը աչքերը փակել էր, եւ նրա տեսքը նման էր մեռնող Կամիլլային։ Ես երբեք չէի տեսել, որ մարդու արյունը այդքան արագ հոսի դեմքից, եւ չէի կարողանում հասկանալ, թե որտեղ է կորչում այն։
 
— Հյուրանոցում ուրիշը չկա,— ասաց միջանցքի ծառայողը եւ ջերմաչափը ինձ տվեց։ Դա լոգարանի ջերմաչափ էր՝ փայտյա կորպուսով եւ մետաղյա ընկղմիչով։ Ես վիսկի խմեցի եւ պատուհանը բացելով, մի պահ նայեցի անձրեւին։ Երբ շրջվեցի, տեսա, որ Սկոտը սեւեռուն հայացքով ինձ է նայում։
 
Ես պրոֆեսիոնալ բժշկի շարժումով թափահարեցի ջերմաչափը եւ ասացի․
 
— Ձեր բախտից է, որ սա հետանցքի ջերմաչափ չէ։
 
— Իսկ դա ո՞րտեղ են դնում։
 
— Թեւի տակ,— ասաց ես եւ կոխեցի թեւիս տակ։
 
Պետք չէ, թե չէ ճիշտ չի ցույց տա,— ասաց Սկոտը։
 
Ես կրկին մի կտրուկ հարվածով թափ տվի ջերմաչափը, բացեցի Սկոտի պիժամայի կոճակները, ջերմաչափը դրի նրա թեիւ տակ, հետո շփեցի նրա սառը ճակատը եւ կրկին ստուգեցի զարկերակը։ Նա նայում էր ուղիղ իր դիմացը։ Զարկերի թիվը հավասար էր յոթանասուներկուսի։ Ես նրան ստիպեցի ջերմաչափը պահել չորս րոպե։
 
— Իսկ ես կարծում էի այն ընդամենը մի րոպե են պահում,— ասաց Սկոտը։
 
— Սա մեծ ջերմաչափ է,— բացատրեցի ես,— հաշվի է առնվում ջերմաչափի ամբողջ մակերեսը։ Սա Ցելսիուսի ջերմաչափ է։
 
Վերջապես ես ջերմաչափը հանեցի եւ բռնեցի սեղանին դրած լամպի դիմաց։
 
— Որքա՞ն է։
 
— Երեսունյոթ ու վեց։
 
— Իսկ նորմալը որքա՞ն է։
 
— Սա հենց նորմալն է։
 
— Դուք վստա՞հ եք։
 
— Այո։
 
— Ստուգեք ձեր վրա։ Ես պետք է ճիշտը իմանամ։
 
Ես ջերմաչափը թափահարեցի, պիժամայիս կոճակները բացեցի, ջերմաչափը դրի թեւիս տակ եւ նշեցի ժամանակը։ Հետո հանեցի։
 
— Որքա՞ն է։
 
Ես ուշադիր նայեցի ջերմաչափին։
 
— Ճիշտ ձերի չափ։
 
— Իսկ դուք ինչպե՞ս եք ձեզ զգում։
 
— Հիանալի,— ասացի ես։
 
Ես փորձեցի հիշել, թե նորմա՞լ է արդյոք երեսունյոթ ու վեց ջերմաստիճանը։ Բայց դա ոչ մի նշանակություն չուներ, որովհետեւ, միեւնույն է, ջերմաչափը ցույց էր տվել երեսուն։
 
Սկոտը ինչ֊որ բան կասկածեց, եւ ես նրան առաջարկեցի ջերմաչափը մի անգամ էլ դնել։
 
— Պետք չէ,— ասաց նա,— ուրախանանք, որ ամեն ինչ այսպես արագ անցավ։ Ես միշտ չափազանց շուտ եմ ապաքինվում։
 
— Կեցցեք,— ասացի ես,— բայց ինձ թվում է, որ այսուամենայնիվ ավելի լավ կլինի, եթե շարունակեք պառկել անկողնում եւ թեթեւակի ընթրեք, իսկ վաղ առավոտյան մենք կկարողանանք ճանապարհ ընկնել։
 
Ես մտադիր էի մեզ երկուսիս համար թիկնոց գնել, բայց այդ նպատակով ստիպված պիտի լինեի փող պարտք անել Սկոտից, եւ ես չէի ուզում այդ առթիվ վիճել Սկոտի հետ։
 
Սկոտը չցանկացավ մնալ անկողնում։ Նա ուզում էր վեր կենալ, հագնվել, ներքեւ իջնել եւ զանգահարել Զելդային, որպեսզի վերջինս իմանա, որ իր հետ ոչինչ չի պատահել։
 
— Իսկ նա ինչո՞ւ պիտի մտածի, որ ձեզ հետ ինչ֊որ բան է պատահել։
 
— Սա մեր ամուսնությունից հետո առաջին գիշերն է, որ ես պիտի քնեմ նրանից հեռու եւ անհրաժեշտ է, որ ես խոսեմ նրա հետ։ Մի՞թե դուք չեք կարող հասկանալ, թե դա ինչ է նշանակում մեր երկուսիս համար։
 
Դա ես կարող էի հասկանալ, թեեւ չէի հասկանում, թե ինքն ու Զելդան ո՞նց են հաջողացրել միասին քնել անցյալ գիշեր։ Սակայն հարցնելը անօգուտ կլիներ։ Սկոտը միանգամից խմեց լիմոնահյութ խառնած վիսկին եւ ինձ խնդրեց էլի պատվիրեմ։
 
Ես գտա միջանցքի ծառայողին, վերադարձրի ջերմաչափը եւ հարցրի, թե մեր հագուստը չի՞ չորացել արդյոք։ Նա ասաց, թե կչորանա մոտ մի ժամից։
 
— Խնդրեցեք արդուկել։ Փույթ չէ, եթե մի քիչ խոնավ լինի։
 
Միջանցքի ծառայողը երկու ըմպանակ մրսածի խմիչք բերեց եւ իմ բաժինը խմելով, ես Սկոտին առաջարկեցի չշտապել, խմել փոքր ումպերով։ Այժմ ես լրջորեն անհանգստանում էի, որ նա կարող է մրսել։ Ես արդեն հասկանում էի, որ եթե նա իրոք մրսի, ապա նրան, հավանաբար, ստիպված կլինեմ հիվանդանոց տանել։ Բայց խմելով, նա որոշ ժամանակ իրեն լավ զգաց, եւ երջանիկ էր, որ այնպիսի ողբերգություն է ապրում, երբ ինքն ու Զելդան, հարսանիքից հետո առաջին անգամ, գիշերը միասին չեն անցկացնում։ Ի վերջո, նա ցանկացավ, ինչ գնով էլ լինի, հենց հիմա զանգահարել Զելդային եւ խալաթը հագնելով, ներքեւ իջավ՝ հեռախոս պատվիրելու։
 
Փարիզը խոստացան տալ, բայց ոչ անմիջապես, եւ Սկոտի սենյակ վերադառնալուց հետո շուտով հայտնվեց միջանցքի ծառայողը, իր հետ բերելով երկու ըմպանակ լիմոնահյութ խառնած վիսկի։