Changes

Քրիսթոֆեր Մարթինի երկու մահը

Ավելացվել է 22 018 բայտ, 17:41, 15 Ապրիլի 2017
/* 1 */
Նա անշարժ պառկած էր։
 
==2==
 
Պատկերը սպիտակ ու սև էր, բայց մեծ մասամբ՝ սպիտակ։ Այն երկշերտ էր, մեկը մյուսի հետևից, ամեն աչքի համար՝ առանձին։ Նա ոչ մտածում էր, ոչ՝ շարժվում, մինչև պատկերը փոքր֊ինչ փոխվեց ու աննշան ձայներ հանեց։ Այտի տակի կոշտուկները սկսեցին նեղել։ Դրանք այլևս չէին ճնշում, այլ, խտացած ցավի կղզյակներով, այրում էին առանց ջերմության։ Ատամնացավի քինոտ համառությամբ դրանք ի մի էին բերում նրան, կազմակերպում որպես հավաք մի էակ։
 
Բայց և այնպես ցավը չէր, և ոչ էլ՝ սպիտակ ու սև պատկերը, որ առաջինը նրան կյանքի կոչեցին, այլ՝ ձայները։ Չնայած ծովը նրան խնամքով էր վերաբերվել, այլուր այն շարունակում էր մռլտալ, ոռնալ ու պոռթկալ։ Քամին նույնպես, կամակատար ջրից տարբեր դիմակայելու առարկա ստանալով, սվսվում էր ժայռի շուրջն ու ֆշշում ճեղքերում։ Այդ ձայների հանրագումարը տալիս էր մի լեզու, որը մխրճվում էր խավար, անտարբեր գլխի մեջ ու հավաստիացնում, որ գլուխն ինչ֊որ տեղ գոյություն ունի․․․ մինչև որ քամու ու ջրի ձայների վրայից հնչած ճայի ճիչը խարխափող գիտակցությանն ազդարարեց՝ ուր էլ որ լինես, այստե՛ղ ես։
 
Նա հանկարծակի հայտնվեց այդտեղ, դիմանալով ցավին ու ընդհուպ հաղորդակցվելով մարմինը պահող կարծրությանը։ Նա վերհիշեց աչքերը գործածելու ձևն ու տեսողության երկու դաշտերն իրար բերեց այնպես, որ պատկերները ձուլվեցին և հեռավորություն տվին լաքարերը դեմքի մոտ էին, սեղմվելով նրա այտին ու ծնոտին։ Դրանք սպիտակ կվացից էին, ողորկ ու կլորավուն, կարտոֆիլաձև։ Դրանց սպիտակությունն ընդգծվում էր դեղին բծերով ու մուգ նյութի հատիկներով։ Դրանց հետևում ավելի սպիտակ մի բան կար։ Նա առանց հետաքրքրության ուսումնասիրեց այդ, նշմարելով գունատ ծալքերը, եղունգների կապտած հիմքերն ու մատների ծայրի կնճռոտվածությունը։ Առանց գլուխը շարժելու, նա մոմլաթն ի վեր հետևեց թևքի գծին մինչև ուսի սկզբնավորումը։ Աչքերը վերադարձան գլաքարերին ու սկսեցին ծուլորեն դիտել, ասես վերջիններս ուր որ է պիտի մի բան ձեռնարկեին, որը նա ակնկալում էր առանց որոշակի հետաքրքրության։ Ձեռքը չէր շարժվում։
 
Գլաքարերի արանքում ջուր էր հայտնվում։ Այն թեթևակի շարժում էր դրանց, մի պահ դադար առնում ու նորից ներս ծծվում, մինչև գլաքարերը կտկտում էին ու խշխշում։ Ջուրը լվանում֊իջնում էր մարմնով մեկ ու կամացուկ ձգում գուլպայավոր ոտնաթաթերից։ Ջրի վերադառնալուն պես նա նորից նայեց գլաքարերին, և այս անգամ ծովի վերջին ճիգը լցրեց նաև բաց մնացած բերանը։ Դեմքի արտահայտությունն անփոփոխ, նա սկսեց մարմնով մեկ սրթսրթալ։ Գլխի միջից թվում էր, որ սրթսրթում են գլաքարերը, քանի որ սպիտակ ձեռքը դողում էր մարմնին համաչափ։ Դեմքի տակի գլաքարերը շարունակում էին համը հանել։
 
Գլխում ներս ու դուրս անող պատկերները նրան չէին անհանգստացնում, որովհետև փոքր էին ու հեռավոր։ Կանացի սպիտակ ու մանրամասն մի մարմին էր, տղայի մարմին, տոմսարկղ, նավը, կամրջակ, նեոնե գրությամբ հեռավոր երկինքը կտրող հրահանգ, տախտակամած տանող աստիճանի ծայրին խոնարհ կանգնած բարձրահասակ ու նիհար մի մարդ, կար նաև պուլիկի նավաստու պես ծովում կախ տրված մարդը։ Նախապատվություն չէին ստանում ոչ գլաքարերը, ոչ՝ պատկերները։ Երբեմն մեկն էր գերիշխում, երբեմն՝ մյուսը։ Ամեն մի առանձին գլաքար որևէ պատկերից մեծ չէր։ Երբեմն պատկերը զբաղեցնում էր մի ամբողջ գլաքար, ասես այն մի ուրիշ աշխարհի կամ այլ չափման մեջ բացվող լուսամուտ լիներ։ Երբեմն, բարձրաձայն հրահանի պես, երևում էին նաև խոսքերն ու ձայները։ Նրանք ոչ թրթռում էին, ոչ՝ անհետանում։ Գոյանալով, նրանք գլաքարերի պես շարունակում էին մնալ որպես կարծր, հարատև իրեր։ Դրանցից ոմանք գանգի ներսում էին, հոնքերի կամարի ու քթի ստվերի տակ։ Դրանք ճիշտ այրող կոշտուկների վրա գտնվող անորոշ խավարի մեջ էին։ Առաջ նայելով, կարելի էր տեսնել դրանցից այն կողմ։
 
Նրա մարմինը մի նոր սառնություն համակեց։ Հագուստի պարույրների միջև այն դանդաղ սողում էր մեջքովն ի վար։ Մարմանդ կրակի պես այրողը օդն էր։ Հազիվ էր նա այդ նկատել, երբ վերադարձող ալիքը խեղդելով լցրեց բերանը, ընդհատելով սրթսրթալու կշռույթը։
 
Նա սկսեց փորձեր անել։ Հայտնաբերեց, որ կարող է վեր քաշել մի ոտքը, ապա՝ մյուսը։ Ձեռքը վեր սողաց գլխի վրա։ Նա կշռադատեց, որ հակառակ կողմում մի տեղ ևս մի ձեռք պիտի լինի, և դրան լուր ուղարկեց։ Ապա գտավ այդ ձեռքն ու ափը շարժեց։ Մատներն առայժմ տեղում էին, ոչ թե որովհետև շարժվում էին, այլ՝ որովհետև սեղմելիս նրանց փայտացած ծայրերը հպվում էին անտեսանելի գլաքարերին։ Նա մոտ քաշեց ձեռքերն ու ոտքերը և սկսեց լողլու շարժումներ անել։ Ցրտի սարսուռներն օգնում էին։ Շնչառությունն արագացավ, սիրտը սկսեց տրոփել։ Անկապ պատկերներն անհետացան, մնացին միայն լաքարերը, նրանց ձայնն ու սրտի բաբախոցը։ Նա մի արժեքավոր միտք ունեցավ, արժեքավոր ոչ թե իր պիտանիությամբ, այլ՝ որովհետև այն ետ էր ընծայում իր անհատականության մի մասնիկը։ Նա բառեր կազմեց միտքն արտահայտելու համար, բայց դրանք չհաղթահարեցին ատամների անջրպետը։
 
<b>Երևի Յուպիտերի վրա ես սրա պես ծանր կլինեի։</b>
 
Հետո միանգամից տիրացավ իրավիճակին։ Հասկացավ, որ իր մարմինը ճիշտ առաջվա չափ է կշռում, որ ինքն ուժասպառ է, որ փորձում է վեր մագլցել գլաքարերի փոքրիկ լանջով։ Նա դեմքի ակոսները հեռացրեց դրանք դրոշմած գլաքարերից ու ծնկները ետ հրեց։ Ատամներն իրար բախվեցին ու կրճտացին։ Նա այնպես ձևեց կրծքավանդակի ծավալումն ու մարմնի դողը, որ դրանք չխանգարեն իր արճճաքարշ առաջընթացին։ Նա զգաց, թե ինչպես ամեն հերթական ալիք ոտքերն ի վար ավելի ու ավելի ցած է ավարտվում։ Անկարող լինելով շարունակել, նա շնչակտուր դադար է առնում, սպասելով, որ աշխարհն իր տեղն ընկնի։ Ջուրն այլևս ոտքերին չէր քսվում։
 
Ձախ ձեռքը՝ ծպտվածը, հպվեց մի բանի, որը չկտկտաց և տեղի չտվեց։ Նա գլուխը պտտեց և կամարի տակից վեր նայեց։ Դեմքի առջև դեղնամոխրագույն ինչ֊որ բան կար։ Այն չեչոտ էր ու ծակոտկեն ու տեղ֊տեղ ծածկված էր կարմիր դոնդողների պատառներով։ Խեցիների դեղին կոնաձև վրանները կառչած էին ամեն անցքից։ Դրանցից կախված էին ջրիմուռների դարչնագույն տերևներն ու կանաչ թելերը։ Ներքևում սպիտակ գլաքարերը դեմ էին առնում մի մուգ խոչընդոտի։ Ամեն ինչ պատված էր ջրի բարակ փայլուն թաղանթով, որը կաթկթում էր, փոքրիկ թրթռուն լճակներ կազմում, կամ ջրիմուռներով ծորում ցած։ Նա սկսեց գլաքարերի վրա շուռ գալ, մեջքը դեմ տալով ժայռին ու ոտքերը վեր քաշելով։ Վերջապես առաջին անգամ տեսավ դրանք՝ հեռավոր ուրվագծեր, սպիտակ ծովային գուլպաների պատճառով բրդոտ ու հաստ։ Նա անձի մի մասնիկ էլ վերագտավ։ Ձախ ձեռքը բերելով ականջի տակ, սկսեց ուժ տալ։ Ուսը մի փոքր բարձրացավ։ Նա ետ հրեց ոտքերն ու ձեռքերը քաշեց։ Մեջքը սկսեց հենվել անկյունին, որից ջուր էր կաթում։ Գլուխը բարձրացավ։ Նա երկու ձեռքով բռնեց մի ազդրն ու այն մոտ քաշեց կրծքին, ապա՝ մյուսը։ Նա մարմինը հարմարացրեց անկյանը և ծնկների վրայով ցած նայեց գլաքարերին։ Բերանը նորից բաց էր։
 
Ի վերջո գլաքարերն այնքան էլ շատ չէին։ Ժայռի ստվերի տակ նրանց զբաղեցրած եռանկյունու կողմերը հազիվ մարդու երկայնքի չափ լինեին։ Նրանք կարծր էին ու լցնում էին ժայռի պատերի միջև գոյացած խոռոչի հատակը։
 
Նա հայացքը գլաքարերից կտրեց և սկսեց ուսումնասիրել ջուրը։ Արձակ ծովի համեմատ ջուրը համարյա հանդարտ էր՝ պատճառն այն ժայռն էր, որի կողքով նրան քշել֊բերել էին ալիքները։ Նա արդեն տեսնում էր այդ ժայռը։ Այն նույն նյութից էր, ինչ որ այս մեկը՝ խեցիների ու փրփուրի շնորհիվ մոխրադեղնագույն։ Ալիքները դեմ են առնում այդ ժայռին, ու չնայած նեղուցի երկու կողմում ծովը շարունակում էր մոլեգնել, երկու ժայռի միջև մաքուր կանաչ ջրի մի քանի մետր էր մնում։ Ժայռից այն կողմ արևի հեղհեղուկ լույսը պատճենող ծովի ծխացող տարածքն էր միայն։
 
Նա թողեց, որ աչքերը փակվեն և անուշադրության մատնեց նրանց տակ իսկույն հայտնված տարափոփոխ պատկերները։ Մտքի դանդաղ շարժումը կենտրոնացավ մի գաղափարի վրա։ Մարմնի մեջ թույլ, համարյա մարող կրակ կար, որը դեռ անհավատալիորեն ծխում էր ի հեճուկս Ալտանտյանի։ Նա գիտակցաբար մարմինը ծալեց այդ կրակի շուրջն ու սկսեց այն խնամել։ Կրակը կայծի չափ էլ չկար։ Անիմաստ բառերի ու պատկերների հոսքը շարունակվում էր։
 
Քամու հետ վերևից իջավ ծովային թռչունի երկար ճիչը։ Նա ուշադրությունը կայծից շեղեց և կրկին բացեց աչքերը։ Այս անգամ ինքնությունն այն աստիճան էր գտնվել, որ նա ի վիճակի էր տեսածն ընկալել ամբողջությամբ։ Առջևի լուսավոր պատկերը երկու կողմից շրջանակում էին ժայռի մութ պատկերը։ Դիմացի ժայռին արև էր ընկնում, խաղալով շուրջը գլորվող ալիքների բարձրացրած ջրափոշում։ Նա գլուխը թեքեց և նայեց վեր։
 
Խեցիներից և ջրիմուռներից վեր ժայռի պատերն ավելի ողորկ էին և գնալով իրար էին միանում։ Վերևում լույս թողնող մի բացվածք կար, որի մեջ ամպի պես մի բան էր երևում։ Մինչ նա նայում էր, բացվածքի վրայով մի ճայ սպրդեց, քամու մեջ ճչալով։ Վեր նայելու ճգիը ցավ էր պատճառում, և նա դարձավ իր մարմնին, զննելով մոմլաթի ու քեչայի տակի ելուստները, որ իր ծնկներն էին։ Ապա մոտիկից նայեց մի կոճակի։
 
Բերանը բացուխուփ արեց, ձայներ հանելով։ Նա ձայները վերադասավորեց, վերածելով երերուն խոսքերի․
 
― Ես քեզ գիտեմ։ Քեզ Նաթանելն է կարել։ Ինքս էի խնդրել։ Ասեցի լավ պատրվակ կլինի նրան տախտակամածից ազատել, որ մի քիչ շունչ քաշի։
 
Աչքերը նորից փակվեցին։ Նա անվարժ շոշափեց կոճակը։
 
― Էս բաճկոնը որ ունեցա, դեռ շարքային էի։ Նաթանելից առաջ կոճակները Լաֆթին էր կարում։
 
Գլուխն ընկավ ծնկներին։
 
― Գիշերային հերթապահությունն էր պատճառը։
 
Խռմփոցն ընդհատեց պատկերների շարանը։ Դողը թուլացել էր, բայց և այնպես կլանում էր թևերի ուժը, և նրանք ի վերջո ծնկներից ցած ընկան ու փռվեցին գլաքարերին։ Գլուխը ցնցվում էր։ Խռմփոցների ընդմիջումներում գլաքարերը ցավեցնում էին գարշապարը, մեջքի ցավն ավելացավ, երբ ոտքերը դանդաղ սողացին ցած։ Պատկերներն այն աստիճան խառնիճաղանջ էին, որ հաջողությամբ կարող էին ավերել և՛ ինքնությունը, և՛ առկայծող կրակը։ Դժվարությամբ դրանց միջև խուսանավելով, նա կոպերն իրարից անջատեց և նայեց դուրս։
 
Ներքևում, ջրի գալուն պես, օրորվում էին գլաքարերը։ Ավելի վեր նրան փրկած ժայռը փրփրում էր ալիքների ոստյուններից։ Դրսում ցերեկային պայծառություն էր, բայց ժայռի խոռոչը նամոտ էր ու հոտած՝ նավահանգստի արտաքնոցի պես։ Նրա բերանը բադի ձայներ հանեց։ Մտքում կազմված բառերը հետևյալն էին․ «Ո՞ր գրողի ծոցն է էս անիծյալ ժայռը»։ Սակայն դա կարող էր վտանգել նրա վիճակը, վիրավորական լինելով մութ խոռոչի համար, և կոկորդի մեջ նա բառերը փոխեց։
 
― Էս ո՞ւր եմ ընկել, անտեր մնամ։
 
Մենավոր մի ապառաժ, լեռնաշղթայի ծերպ, խորտակված աշծարհի հինավուրց, ծնոտի միակ ատամը՝ ով գիտի քանի՜ մղոն ցամաքից հեռու։ Նա համակվեց հոռի մի զգացումով՝ ոչ թե ջրի միջի առաջին պահերի խուճապահար հոգեվարքը, այլ՝ խորը և համընդհանուր մի սարսափ նրան մղեց բթացած մատներով կառչել ժայռից։ Նույնիսկ կիսով չափ վեր կացավ և սեղմվեց ջրիմուռների ու դոնդողների մնացորդներին։
 
<b>Մտածի՛ր, բո՛ւթ, մտածի՛ր։</b>
 
Մառախլապատ ծովի հորիզոնը չէր հեռանում, ջուրը ցատկում էր ժայռից ցած, գլաքարերն օրորվում էին։
 
<b>Մտածի՛ր։</b>
 
Նա պպզեց, հայացքը հառած ժայռին, անշարժ, բայց շարունակ սրթսրթալով։ Նշմարեց, թե ինչպես, արտաքին ժայռին բախվելով, սանձվում էին ալիքները, խոռոչի առջև թողնելով լոկ անքեն ճողփացող ջուրը։ Նա դանդաղ հարմարեցրեց մարմինը նույն անկյունում։ Կայծը չէր մարել, սիրտը հոգում էր նրա պետքերը։ Նա հայացքը հառեց դրսի ժայռին, որը համարյա չէր երևում։ Պակասում էր անունը։ Անունը քարտեզի վրա էր, Ատլանտյանի մեջտեղում, արտառոց մեկուսության մեջ, այնպես որ քամին ու եղանակը որոշ չափով ծաղրելու ընդունակ նավաստիները ժայռը կատակի էին վերածել։ Նա տեսավ, թե ինչպես հածանավի նավավարը նավապետի հետ միասին կռացել են քարտեզի վրա, իրեն էլ տեսավ, որպես նավավարի զգաստ կանգնած օգնական, մինչ նրանք իրար քմծիծաղ էին տալիս։ Նավապետը ծիծաղեց, ու իր դարթմուտյան առոգանությամբ ասաց․
 
― Ըստ իս այդ անունը համարյա դիպուկ էր։
 
Ինչ էլ որ լիներ, համարյա դիպուկ էր։ Դե գնա ու համարյա դիպուկի վրա սթրվի Հեբրիդներից չգիտես ինչքան հեռու։ Եվ ո՞ւմ էր պետք կայծը, եթե այն պիտի տեղի տար զավեշտական մեկուսացման ճնշման տակ։ Նա խոսքերը թքեց նավապետի պատկերի վրա․
 
― Վիճակս առաջվանից մի բանով լավ չի։
 
Նա ժայռն ի վար ցած սահեց, ոսկորները ծռելով։ Գլուխն ընկավ ճիշտ անկյան հիմքում։ Սկսեց խռմփալ։
 
Սակայն ներսում, որի համեմատ խռմփոցն արտաքին էր, նրա գիտակցությունը շարունակում էր շարժվել ու տնտղել պատկերներն ու հայտնությունները, իր վանդակն անդադար զննող գազանի պես։ Այն մերժում էր կանանց մանրամասն մարմիններն ու խնամքով դասավորում ցաքուցրիվ բառերը, անտեսելով ցավը և մարմնի համառ դողը։ Այն միտք էր փնտրում։ Վերջապես գտավ, ավելորդություններից զտեց, վերցրեց և մարմնի ընձեռած զորությունը գործածեց մտքին ուժ ու կարողություն հաղորդելու համար։
 
<b>Ես ողջամիտ եմ։</b>
 
Խռմփոցների տակ սև անզգայության մի միջոց անցավ։ Ապա աջ ձեռքը, հնազանդվելով հրահանգին, սկսեց տնտղել մոմլաթե բաճկոնը, բացեց գրպանի կափույրն ու ներս սողաց։ Մատները ճոպանին ամրացված ծալովի մի դանակ գտան և մնացին ներսում։
 
Աչքերը բացվեցին, հոնքերի կամարով շրջանակի մեջ առնելով կանաչ ծովը։ Որոշ ժամանակ աչքերը նայում էին, տպավորություններ ծծելով՝ առանց տեսնելու։ Հանկարծ մարմինը վեր թռավ։ Կայծը թեժացավ, ամբողջ իրանը պրկվեց, ճկվեց, ձեռքը գրպանից դուրս թռավ ու կառչեց ժայռից։ Աչքերն անթարթ առաջ էին նայում։ Մինչև աչքերը նայում էին, ալիքը ծածկեց դիմացի ժայռը հնարավոր դարձնելով տեսնել խորքի դարչնագույն ջրիմուռները։ Ոտքերի տակ գլաքարերով ֆշշաց փրփուրի շերտը։