Changes

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին

Ավելացվել է 14 037 բայտ, 05:18, 6 Մարտի 2015
/* 10 */
Նրանց գնալուց հետո ես անմիջապես դուրս եկա «Յասամանագույն դահլիճից»։ Միևնույն է, դահլիճը փակվում էր, և նվագախումբն էլ վաղուց դադրել էր նվագել։ Նախ՝ նման տեղերում տխուր է նստելը, երբ պարընկեր չունես, և երկրորդ, որ մատուցողը կոկա֊կոլայից բացի ոչինչ չի տալիս։ Աշծարհում այնպիսի գինետուն չկա, որտեղ հնարավոր լինի երկար նստել, եթե չի կարելի ոգելից խմիչք պատվիրել ու խմել։ Կամ էլ՝ եթե հետդ աղջիկ չկա, որի համար իսկապես խելքդ թռցնում ես։
 
 
==11==
 
 
Դուրս գալով հոլից՝ հանկարծ ես կրկին հիշեցի Ջեյն Գալլահերին։ Հիշեցի ու այլևս մտքիցս դուրս չեկավ։ Նստեցի հոլլում մի գարշելի բազկաթոռի, ու սկսեցի մտածել, թե նա Ստրեյդլեյթերի հետ միասին ինչպես է նստել այդ ստոր Էդ Բենկիի մեքենայում, ու թեև միանգամայն համոզված էի, որ նրանց միջև ոչինչ տեղի չէր ունեցել, ես հո լավ էի ճանաչում Ջեյնին, միևնույն է, ուղեղիցս դուրս չէր գալիս։ Ես նրան հրաշալի՜ էի ճանաչում, ազնիվ խոսք։ Հասկանում եք, նա ոչ միայն շաշկի էր խաղում, այլև սիրում էր ամեն տիպի սպորտ, ու երբ ծանոթացանք, ամբողջ ամառը ամեն առավոտ թենիս էինք խաղում, իսկ ճաշից հետո՝ գոլֆ։ Ես նրա հետ շատ մոտիկից եմ շփվել, ոչ ֆիզիկական իմաստով, իհարկե, երբե՜ք, պարզապես ամբողջ ժամանակ միասին էինք լինում։ Աղջկա հետ ընկերություն անելու համար բոլորովին էլ պարտադիր չէ սիրահետելը։
 
Մենք ծանոթացանք, որովհետև նրանց դոբերման֊պինչերը միշտ վազում էր մեր պարտեզը ու այնտեղ կեղտոտում, իսկ մայրս սոսկալի զայրանում էր դրանից։ Նա զանգահարեց Ջեյնի մորը և սոսկալի աղմուկ բարձրացրեց։ Մայրիկս նման բաների համար կարողանում է աղմուկ բարձրացնել։ Հետո պատահաեց այնպես, որ ես մի քանի օր հետո Ջեյնին տեսա մեր ակումբի ավազանի մոտ, պառկած էր փորի վրա։ Ես բարևեցի նրան։ Գիտեի, որ մեր կողքին է ապրում, բայց երբեք չէի խոսել նրան հետ։ Բայց սկզբում, երբ բարևեցի, նա շատ սառը վերաբերվեց։ Ես կաշվիցս դուրս էի գալիս ապացուցելու, որ անձամբ ինձ համար ոչ մի նշանակություն չունի, թե նրա շունը որտեղ է կեղտոտում։ Թեկուզ հյուրասենյակում վազվզի, ինձ համար միևնույն է։ Մի խոսքով, դրանից հետո ես ու Ջեյնը շատ մտերմացանք։ Հենց այդ նույն օրը մենք գոլֆ խաղացինք։ Այսօրվա պես հիշում եմ, նա ութ գնդակ կորցրեց։ Այո, ո՛ւթ։ Ուղղակի հոգիս դուրս եկավ, մինչև որ սովորեցրի գնդակին խփելիս գոնե բացել աչքերը։ Բայց շատ լավ մարզեցի նրան։ Ես հրաշալի եմ խաղում գոլֆ։ Եթե ասեմ, թե քանի շրջան կատարելով եմ ավարտում խաղը, չեք հավատա։ Մի անգամ քիչ էր մնում ինձ նկարահանեին կարճամետրաժի համար, բայց վերջին պահին փոշմանեցի։ Մտածեցի՝ եթե կինոն այնպես ես ատում, ինչպես ես, ապա հարկ չկա ցուցադրվել և թույլ տալ, որ քեզ նկարահանեն կարճամետրաժի համար։
 
Ծիծաղելի աղջիկ էր այդ Ջեյնը։ Չէի ասի, թե նա գեղեցկուհի է։ Բայց ինձ դուր էր գալիս։ Բերանը շատ մեծ էր։ Հատկապես, եթե որևէ բանից հուզվում էր։ Ես գժվում էի։ Ու երբեք կարգին չէր փակվում նրա բերանը, միշտ կիսաբաց էր, մանավանդ՝ գոլֆ խաղալիս կամ գիրք կարդալիս։ Նա շատ էր կարդում և միշտ լավ գրքեր։ Հատկապես՝ բանաստեղծություններ։ Բացի իմ հարազատներից, ես միայն նրան եմ ցույց տվել Ալլիի ձեռնոցը՝ ամբողջապես բանաստեղծություններով ծածկված։ Նա Ալիին չէր ճանաչում, որովհետև առաջին անգամ էր ամռանը Մեյնում անցկացնում, մինչ այդ գնում էր Կոդ հրվանդանը, բայց ես շատ բան էի պատմել նրան եղբորս մասին։ Դա հետաքրքրում էր Ջեյնին։ Նա սիրում էր լսել Ալլիի մասին։
 
Մայրիկիս շատ էլ դուր չէր գալիս Ջեյնը։ Բանն այն է, որ նրան թվում էր, թե Ջեյնը և նրա մայրը վերևից են նայում իրեն, որովհետև միշտ չեն բարևում։ Մայրիկը հաճախ էր նրանց տեսնում ավանում, որովհետև Ջեյնը մոր հետ միասին շուկա էր գնում իրենց մեքենայով։ Մայրիկս Ջեյնին նույնիսկ լավիկը չէր համարում։ Իսկ ես համարում էի։ Ինձ դուր էր գալիս նրա տեսքը և վերջ։
 
Հիշում եմ հատկապես մի օր։ Դա միակ օրն էր, որ ես ու Ջեյնը համբուրվում էինք, այն էլ ոչ իսկականի պես։ Շաբաթ օր էր, և անձրևն ասես դույլերով էր թափվում, իսկ ես նստել էի նրանց պատշգամբում․ նրանք մեծ ապակեպատ պատշգամբ ունեին։ Մենք շաշկի էինք խաղում։ Ես նրան երբեմն ձեռ էի առնում, որ դամաները չի շարժում վերջին շարքից։ Բայց շատ չէ։ Մի տեսակ չէի ուզում նրան ջղայնացնել։ Իսկ ես առիթը եկած դեպքում շատ եմ սիրում զայրացնել աղջիկներին, լացացնելու աստիճան։ Բայց ահա թե ինչն է ծիծաղելի․ երբ աղջիկը լրջորեն ինձ դուր է գալիս, բոլորովին չեմ ուզում բարկացնել։ Երբեմն մտածում եմ, թե նա ուզում է, որ բարկացնեմ իրեն, նույնիսկ հաստատ գիտեմ, որ ուզում է, բայց եթե վաղուց ես ծանոթ նրա հետ ու երբեք չես բարկացել, ապա մի տեսակ դժվար է նրան բարկացնելը։ Այսպես ուրեմն, պատմում էի այն օրվա մասին, երբ ես ու Ջեյնը համբուրվեցինք։ Սոսկալի անձրև էր գալիս, նստել էինք նրանց պատշգամբում, մեկ էլ այդ հարբեցողը՝ նրա մոր ամուսինը, դուրս եկավ պատշգամբ ու Ջեյնին հարցրեց, թե տանը սիգարետ կա՞։ Ես նրան լավ չէի ճանաչում, բայց դա նրանցից էր, ովքեր խոսում են հետդ միայն այն դեպքում, երբ պետք ես իրենց։ Գարշելի տիպ է։ Ջեյնը նույնիսկ չպատասխանեց, երբ նա հարցրեց՝ տանը սիգարետ կա՞։ Նա էլի հարցրեց, Ջեյնը նորից չպատասխանեց։ Նա նույնիսկ հայացքը չկտրեց տախտակից։ Հետո այդ տիպը ներս մտավ։ Երբ նա ներս մտավ, ես Ջեյնին հարցրի՝ ինչ է պատահել։ Ջեյնն ինձ էլ չպատասխանեց։ Ձևացրեց, թե հաջորդ քայլն է մտածում։ Մեկ էլ տախտակի վրա արցունք կաթեց։ Ուղիղ կարմիր դաշտի վրա, գրողը տանի, հիմա էլ կարծես աչքիս առաջ լինի։ Եվ Ջեյնը միայն մատով սրբեց արցունքի կաթիլն ու այլևս ոչ մի խոսք։ Չգիտեմ ինչու, բայց ես խիստ հուզվեցի։ Վեր կացա, մոտեցա նրան ու ստիպեցի, որ ինձ տեղ տա կողքին, գրեթե նրա ծնկներին նստեցի։ Այդ ժամանակ նա իսկականից լաց եղավ, ու մինչև կհասկանայի ինչ եմ անում, ես պաչպչում էի նրան, որտեղը պատահեր՝ ճակատը, քիթը, աչքերը, հոնքերը, նույնիսկ ականջները։ Միայն շրթունքները չհամբուրեցի․ նա ինչ֊որ անընդհատ փախցնում էր շրթունքները։ Համենայն դեպս, դրանից հետո մենք այլևս ոչ մի անգամ չենք համբուրվել։ Հետո նա վեր կացավ, մտավ սենյակ ու հագավ իր կարմիր ու ճերմակ նախշերով սվիտերը, որից ես գժվում էի ուղղակի, ու մենք գնացինք մի ախմախ կինո։
 
Ճանապարհին ես հարցրի, թե հո չի՞ անհանգստացնում նրան այդ միստր Կյուդեխին՝ այդ հարբեցողը։ Թեև Ջեյնը դեռ փոքրիկ էր, բայց հրաշալի կազմվածք ուներ, և առհասարակ ես այդ Կյուդեխիի, այդ սրիկայի հախիցը կգայի։ Ջեյնն ասաց՝ ոչ։ Այդպես էլ չիմացա, թե ինչի համար էր լաց լինում։
 
Միայն դուք մի՛ կարծեք, թե Ջեյնը սառույցի կտոր էր, դրա համար չէինք համբուրվում։ Բոլորովին էլ ոչ։ Օրինակ՝ մենք միշտ իրար ձեռք բռնած էինք ման գալիս։ Հասկանում եմ, դա հաշիվ չի, բայց շատ հաճելի էր նրա ձեռքը բռնելը։ Երբ ուրիշ աղջիկների ձեռք ես բռնում, ասես նրանց ձեռքը մեռած լինի, կամ անվերջ շարժում են ձեռքը, ասես վախենում են, թե այլապես կձանձրանաս։ Իսկ Ջեյնը բոլորովին ուրիշ էր։ Միասին մի որևէ կինո էինք գնում թե չէ, անմիջապես իրար ձեռք էինք բռնում, ու մինչև ֆիլմի վերջը էլ բաց չէինք թողնում։ Եվ այլևս ուրիշ բանի մասին չէինք մտածում, չէինք շարժվում։ Ջեյնի հետ երբեք չեմ անհանգստացել, թե ափս կքրտնի։ Պարզապես նրա հետ հաճելի էր։ Զարնանալիորեն հաճելի։
 
Մի բան էլ հիշեցի։ Մի անգամ կինոյում Ջեյնն այնպիսի մի բան արեց, որ ես ապշեցի։ Կինոխրոնիկա էին ցուցադրում և էլի ինչ֊որ բան, ու մեկ էլ զգացի, որ մեկը շոյում է գլուխս։ Պարզվեց, որ Ջեյնն է։ Զարմանալիորեն տարօրինակ էր, այնուամենայնիվ։ Ախր նա դեռ շատ փոքր էր, իսկ կանայք սովորաբար շոյում են որևէ մեկի գլուխը, երբ արդեն երեսուն տարեկան են, շոյում են իրենց ամուսնու կամ որդու գլուխը։ Ես երբեմն շոյում եմ քույրիկիս գլուխը, հազվադեպ, իհարկե։ Իսկ նա դեռևս այնքա՜ն փոքրիկ է, բայց շոյում է գլուխդ։ Ու այնքան հաճելի էր անում, որ ես ուղղակի խենթացա։
 
Մի խոսքով, ես այդ ամենն էի վերհիշում, նստել էի հոլլում, այդ գարշելի բազկաթոռին ու մտածում էի։ Այո, Ջեյնը։ Հենց հիշում եմ, որ նա այդ ստոր Ստրեյդլեյթերի հետ նստել է այդ գրողի տարած մեքենայում, խելքս թռցնում եմ։ Գիտեմ, որ Ջեյնը նրան ոչ մի այնպիսի բան թույլ տված չի լինի, բայց միևնույն է, գժվում եմ։ Ճիշտն ասած, նույնիսկ չեմ ուզում հիշել դա։
 
Հոլլում գրեթե ոչ ոք չկար։ Նույնիսկ բոլոր պոռնկատի ջահելներն էին գնացել։ Սոսկալի շատ էի ուզում գլուխս առնել ու կորչել այստեղից։ Անտանելի տխուր էի։ Ու բոլորովին չէի հոգնել։ Գնացի իմ համարը, հագա վերարկուս։ Պատուհանից նայեցի, տեսնեմ ինչ են անում այդ գժերը, բայց ոչ մի տեղ լույս չէր երևում։ Նորից իջա վերելակով, տաքսի վերցրի և պատվիրեցի տանել ինձ Էռնիի մոտ։ Դա գիշերային գինետուն է Գրինիջ֊վիլեջում։ Եղբայրս՝ Դ․ Բ֊ն, հաճախ էր գնում այնտեղ, մինչև որ ծախվեց Հոլիվուդին։Նա ինձ էլ մի քանի անգամ տարել է իր հետ։ Էռնին մի վիթխարի նեգր է, դաշնամուր է նվագում։ Նա սոսկալի պճնամոլ է և չի խոսի հետդ, եթե նշանավոր կամ մի երևելի մարդ չես, բայց հրաշալի է նվագում։ Նա այնքան լավ է նվագում, որ երբեմն նույնիսկ անտանելի է։ Չգիտեմ ինչպես բացատրեմ, բայց դա այդպես է։ Ես շատ եմ սիրում լսել նրա նվագը, բայց երբեմն ուզում եմ գլխի վրա շուռ տալ նրա դաշնամուրը։ Հավանաբար, դա նրանից է, որ նրա նվագից զգացվում է, որ նա երևակայում է իրեն ու չի խոսի քեզ հետ, եթե մի երևելի մարդ չես։
Ադմին, Վստահելի
1876
edits