Changes
/* Գլուխ XLIV */
― Այդ մեկը հո ճիշտ է, ― ասաց Սանչոն, ― որովհետև այն օրից ի վեր, ինչ իմ տերը նրան նվաճեց, նա մի անգամ է այդ սաղավարտը դրած կռվել այն շղթայակապ դժբախտներին ազատելիս։ Եթե այս լագանե սաղավարտն այն պահին վրան չլիներ, նրա բանը բուրդ կլիներ, որովհետև այդ կռվում քարեր էին, որ թափվում էին մեզ վրա։
==Գլուխ XLV==
Որի մեջ վերջնականապես փարատվում են Մամբրինի սաղավարտի և փալանի վերաբերմամբ տարակուսանքները և պատմվում են այլ ճշմարտապատում անցք ու դեպքեր
Ձերդ ողորմածություններն ի՞նչ կասեն, ― հարցրեց դալլաքը, ― այս սինյորների հավաստիացումների վերաբերմամբ, թե սա լագան չէ, այլ սաղավարտ է։
― Իսկ ով հակառակն ասի, ― բացականչեց դոն Կիխոտը, ― եթե ասպետ է ― ես կապացուցեմ, որ ստում է, իսկ եթե զինակիր է՝ հազարապատիկ սուտ է ասում։
Մեր դալլաքը, որ ներկա էր այդ տեսարանին և ճանաչում էր դոն Կիխոտի բնավորությունը, վճռեց խրախուսել նրա խելագարությունը և ընդհանուրի զվարճության համար երկարաձգել կատակը։ Ուստի դիմելով օտար դալլաքին ասաց․
― Սինյոր դալլաք կամ ով որ եք, իմացած եղեք, որ ես ձեր արհեստակիցն եմ, որ ես երեսուն տարուց ավել է, ինչ վկայական ունեմ և ածիլելու պարագա չկա, որ ինձ քաջ ծանոթ չլինի։ Միաժամանակ, երիտասարդ հասակում, ես ծառայել եմ իբրև զինվոր և շատ լավ գիտեմ, թե ինչ է սաղավարտը, կիսասաղավարտը, երեսկալը և ռազմական գործին վերաբերող այլ առարկաները, այլ կերպ ասած՝ զենքերի բոլոր տեսակները։ Ահա՛, եթե առարկություն չկա (ով կարող է թող սխալս ուղղի), ես պնդում եմ, որ այս սիրալիր սինյորի ձեռքին բռնած առարկան բնավ լագան չէ և նույնքան հեռու է լագանից, որքան սպիտակ գույնը՝ սևից և ճշմարտությունը՝ ստից։ Սակայն պիտի ավելացնեմ, որ թեպետ սաղավարտ է, սակայն լրիվ չէ։
― Իհարկե, լրիվ չէ, ― ասաց դոն Կիխոտը, ― որովհետև կեսը պակաս է, ծնոտակալը չկա։
― Միանգամայն ճիշտ է, ― հարեց քահանան՝ կռահելով իր բարեկամի մտադրությունը։
Նույնը հաստատեցին Կարդենիոն, դոն Ֆերնանադոն և նրա ուղեկիցները։ Անգամ աուդիտորը, եթե նա ընկղմված չլիներ դոն Լուիսի դեպքի խոհերում, այդ կատակին մասնակից կլիներ, սակայն նա այնքան էր կլանված լուրջ մտածմունքներով, որ գրեթե ուշ էլ չէր դարձնում այդ խաղերի վրա։
― Տե՜ր ողորմյա, ― պատասխանեց ձեռք առնված դալլաքը։ ― Ինչպե՜ս հնարավոր է, որ այսքան պատվավոր մարդիկ ասեն, թե սա լագան չէ, այլ սաղավարտ։ Այս դեպքը կարող է մի ամբողջ համալսարան զարմացնել, ինչքան էլ նա գիտուն լինի։ Ի՜նչ արած, եթե իմ լագանը սաղավարտ է, ապա փալանս էլ, երևի, թամք կդառնա, ինչպես պնդում է այս սինյորը։
― Ըստ իս՝ թամք է, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Թեև, ես արդեն ասացի, թե ես այդ գործին չեմ խառնվում։
― Փալան է թե թամք, պետք է որոշի սինյոր դոն Կիխոտը, ― ասաց քահանան, ― որովհետև այն ամենը, ինչ վերաբերում է ասպետական գործին, ես էլ, այս բոլոր սինյորներն էլ, նրան հմուտ ենք համարում։
― Աստված վկա, սինյորներ, ― ասաց դոն Կիխոտը, ― երկու անգամ իջևանել եմ այս դղյակում, և գլխիս այնքան պատահարներ են եկել, որ ինչ էլ այդ դղյակի վերաբերմամբ հարցնելու լինեք, ես սիրտ չեմ անի ձեզ հաստատ պատասխան տալ, որովհետև, ըստ իս, այստեղ ամեն ինչ կախարդանքի զորությամբ է կատարվում։ Առաջին անգամին այս դղյակում իմ գլուխը մի կախարդված մավր էր տանում, ասենք՝ Սանչոն էլ պակաս չտառապեց նրա օգնականների ձեռքին, իսկ այս գիշեր ես գրեթե երկու ժամ դաստակիցս կախված եմ մնացել և չիմացա էլ, թե ինչպես և ինչի համար եկավ գլխիս այդ աղետը։ Ուստի այսքան խճճված խնդիրների մասին կարծիք հայտնելը իմ կողմից անխոհեմություն կլիներ։ Այն հայտարարության առիթով, թե սա սաղավարտ չէ, այլ լագան, ես արդեն պատասխանեցի․ գալով փալանին կամ սարքին՝ ես սիրտ չեմ անի որևէ որոշակի կարծիք հայտնել։ Թողնում եմ այդ ձեր ըմբռնումին, սինյորներ։ Թերևս, հենց այն պատճառով, որ դուք ինձ նման ասպետ չեք կարգված, այս դղյակի կախարդական ուժերը ձեզ վրա զորություն չունեն, ձեր բանականությունն ազատ է, և դուք ի վիճակի եք այս դղյակում տեղի ունեցածը տեսնել այնպես, ինչպես որ նրանք իրականում կան, իսկականը և ոչ թե ինչպես ինձ է թվում։
― Անտարակույս, ― պատասխանեց դոն Ֆերնանադոն, ― սինյոր դոն Կիխոտը միանգամայն արդարացի է՝ այդ խնդիրը մենք պիտի վճռենք։ Եվ միանգամից հիմնավոր լինելու համար ես գաղտնի կքվեարկեմ և, այս սինյորների քվեները հավաքելով, պարզ և ճշգրիտ հաշիվ կներկայացնեմ, թե ինչ ստացվեց։
Ովքեր գիտեին դոն Կիխոտի տարօրինակությունները, սրտանց զվարճանում էին, իսկ ովքեր չգիտեին, ողջ այս պատմությունը համարում էին ամենամեծ անհեթեթությունը։ Այսպես էին կարծում դոն Լուիսի չորս ծառաները և երեք ճամփորդներ ևս, որ այդ իսկ պահին պանդոկ էին հասել (արտաքուստ՝ նրանց կարելի էր հրացանաձիգների տեղ դնել և հետագայում այդպես էլ դուրս եկավ)։ Դալլաքը սաստիկ կոտրվել էր, որ իր աչքի առջև լագանը Մամբրինի սաղավարտ էր դառել։ Նա չէր կասկածում, որ փալանն էլ իսկույն ևեթ ձիու շքեղ սարք կդառնա։ Մնացյալները քահ֊քահ ծիծաղում էին՝ տեսնելով դոն Ֆերնանդոյին ամեն մեկին հերթով մոտենալուց և քվե հավաքելուց։ Յուրաքանչյուրի ականջին նա փսփսում ու խնդրում էր ասել, թե ի՞նչ է այն գանձը, որի համար այնպիսի տարաձայնություն ծագեց՝ փալա՞ն, թե՞ ձիու սարք։ Վերջապես, դոն Կիխոտի բոլոր ծանոթներից քվե հավաքելուց հետո դոն Ֆերնանդոն բարձրաձայն հայտարարեց․
― Ահա թե բանի էությունն ի՜նչ է, պատվելիս։ Ես հոգնեցի քվե հավաքելուց, որովհետև ումից հարցրի այդ առարկայից, ամենքն էլ ինձ պատասխանեցին միևնույնը՝ անմիտ բան է փալան կոչել այն, ինչ որ, իրոք, սարք է, այն էլ ազնվացեղ նժույգի, որովհետև, որքան էլ անախորժ լինի ձեզ կամ ձեր էշի համար, սա սարք է և ոչ թե փալան, և ձեր փաստարկումներն ու ապացույցները ճանաչված են անբավարար։
― Թող ես զրկվեմ երկնքի արքայությունից, եթե դուք, սինյորներ, չեք սխալվում, թող իմ հոգին չներկայանա Տերն Աստծուն, եթե սա սարք է և ոչ թե փալան։ Հիմա ես տեսնում եմ, որ թագավորների համար օրենք չկա։ Ճիշտ եմ ասում, ես հարբած չեմ՝ եթե ես որևէ բանով այսօր առավոտյան մեղանչել եմ, ապա բնավ ոչ նախաճաշով։
Դալլաքի պարզամտությունը դոն Կիխոտի ցնդաբանություններից պակաս չզվարճացրին ամենքին։ Դոն Կիխոտը հայտարարեց․
― Դե՛հ, հիմա մնում է, որ ամեն ոք վերցնի այն, ինչ պակասում է իրեն։ Ինչ որ շնորհել է Աստված, սուրբ Պետրոսն էլ է օրհնել։
Չորս ծառաներից մեկն ասաց․
― Եթե սա դիտավորյալ կատակ չէ, ապա ես բնավ չեմ կարող հավատալ, որ ըստ երևույթին այսքան խելացի մարդիկ կարող են ասել ու պնդել, թե սա լագան չէ և փալան չէ։ Բայց քանի որ նրանք ափաշկարա ասում ու պնդում են հասարակ փորձին և ճշմարտության հակառակ բաներ, ես դրանից հետևցնում եմ, որ մեջտեղը ինչ֊որ գաղտնիք կա, որովհետև եթե անգամ ամենքդ այստեղ ճաքելու լինեք (նա այդպես էլ ասաց), ոչ ոք աշխարհիս երեսին ինձ չի հավատացնի, թե սա դալլաքի լագան չէ և էշի փալան չէ։
― Կարող է պատահել, որ սա որձ էշի փալան չէ, այլ էգ էշի, ― ասաց քահանան։
Այդ լսելով նորեկ հրացանաձիգներից մեկը, որ ներկա էր այդ վեճին ու բանակռվին սրտնեղ ու ցասկոտ բացականչեց․
― Թող ես իմ հոր զավակը չլինեմ, եթե սա փալան չէ։ Իսկ ով որ ասում է կամ կասի հակառակը, նա հարբած է գինու տակառի պես։
― Դուք ստում եք ստոր անպիտանի պես, ― ասաց դոն Կիխոտը և տարավ֊բերեց փոքրիկ նիզակը, որ ոչ մի րոպե ձեռքից բաց չէր թողնում, այնպես նրան դրեց նրա գլխին, որ եթե հրացանաձիգը ժամանակին խուսափաց չլիներ, ապա անշուշտ կփռվեր գետնին։ Նիզակը վայր ընկավ և փշուր֊փշուր եղավ։ Մնացյալ հավաքվածները տեսնելով, թե ինչպես են վարվում իրենց ընկերոջ հետ, սկսեցին պահանջել հնազանդություն Սանտա Հերմամնդադին։
Պանդոկպանը, որ նույնպես այդ միաբանության անդամ էր, վազեց բերի իր գավազանն ու թուրը և վերադառնալով հարեց իր ընկերներին։ Դոն Լուիսի ծառաները շրջապատեցին իրենց տիրոջը՝ զգուշանալով, որ օգտվելով իրարանցումից, հանկարծ չփախչի։ Դալլաքը, տեսնելով, որ ողջ տունը տակնուվրա եղավ, բռնեց իր փալանը։ Նույնն արեց նաև Սանչոն։ Դոն Կիխոտը թուրը քաշեց և հարձակվեց հրացանաձիգների վրա։ Դոն Լուիսը գոռում էր, որ ծառաները թողնեն իրեն և վազեն օգնության դոն Կիխոտին և նրա կողմնակիցներին՝ Կարդենիոյին և դոն Ֆերնանդոյին։ Քահանան աղաղակում էր, տանտիկինը ճչում, տանտիրոջ աղջիկը ծվում, Մարիտորնեսը լալիս, Դորոթեան գլուխը կորցրել էր, Լյուսինդան սարսափել, դոնյա Կլարան ուշագնաց եղել։ Դալլաքը դմբզում էր Սանչոյին, Սանչոն ջարդ ու բուրդ անում դալլաքին։ Դոն Լուիսը, որի ձեռքը համարձակվեց բռնել ծառաներից մեկը, որպեսզի նա չփախչի, այնպիսի հարված հասցրեց նրա քիթ ու բերնին, որ նրա բերանը լցվեց արյունով։ Աուդիտորը սկսեց պաշտպանել նրան։ Դոն Ֆերնանդոն գետնին տապալեց հրացանաձիգներից մեկին և մեծ բավականությամբ ոտնակոխ էր անում նրան։ Պանդոկպանը ավելի ու ավելի բարձր էր գոռում՝ Սանտա Հերմանդադին օգնության կանչելով։ Մի խոսքով՝ բովանդակ պանդոկը լի էր լացով, ճիչով, հառաչանքով, շփոթմունքով, երկյուղով, իրարանցումով, աղետով, թրերի և փայտերի հարվածներով, տուր ու դմփոցով և արյունահեղությամբ։ Այդ իրարանցումի, քաոսի և խառնաշփոթության ամենատաք միջոցին դոն Կիխոտը երևակայեց, թե նա հանկարծակի ընկել է Ագրամանտեի բանակը<ref>Ակնարկ «Կատաղի Ռոլանդի» մի միջադեպի մասին, երգ XXVII։</ref> չարաչար երկպառակության ժամին, ուստի բարձր ձայնով, որ թնդաց ողջ պանդոկում, գոչեց․
― Կանգ առեք։ Սրերդ պատյանները դրեցեք։ Հանգստացեք, լսեցեք ամենքդ ինձ, եթե ուզում եք կենդանի մնալ։
Լսելով այս ամպագոռգոռ ձայնը՝ բոլորը կանգ առան և նա շարունակեց․
― Չասացի՞ ձեզ, սինյորներ, որ այս դղյակը կախարդված է, և մեջը մի լեգեոն դև կա։ Իբրև հաստատում՝ խնդրեմ, տեսեք ձեր սեփական աչքերով, որ Ագրամանտեի բանակի երկպառակտությունը փոխադրվել է այստեղ, մեր մեջ։ Տեսեք, թե ինչպես է մեկը կռվում թրի համար, մյուսը՝ նժույգի, ոմանք՝ արծվի համար, ոմանք՝ սաղավարտի, մենք բոլորս կռվում ենք և մեկը մյուսին չի հասկանում։ Համեցեք, ձերդ ողորմածություն, սինյոր աուդիտոր և դուք, ձերդ ողորմածություն, սինյոր քահանա, թող ձեզնից մեկը Ագրամանտե թագավոր լինի, մյուսը՝ Սոբրինո և խաղաղություն կնքեցեք ձեր միջև։ Վկա է ամենազոր Աստված, մեզ՝ ազնվական կոչում ունեցող մարդկանց համար ամենամեծ խայտառակությունն է, այսքան չնչին առիթով իրար սպանելը։
Հրացանաձիգները, որ բան չէին հասկանում դոն Կիխոտի խոսքերից, չէին ուզում խաղաղվել, որովհետև դոն Ֆերնանդոն, Կարդենիոն և նրա բարեկամները նրանց սաստիկ ծեծել էին։ Ընդհակառակը՝ դալլաքը այդ էլ հենց ուզում էր, որովհետև տուր ու դմփոցի միջոցին նրա միրուքը պոկել էին և փալանը գզգզել։ Սանչոն, իբրև բարի ծառա, հնազանդեց իր տիրոջ առաջին իսկ խոսքին։ Դոն Լուիսի ծառաները անմիջապես կռիվը դադարեցրին, կռահելով, որ այդ պատմությունն իրենց չի վերաբերում։ Միայն պանդոկպանն էր շարունակում պնդել, որ այդ խելագարի հանդգնությունը պատժվի, որ ամեն մի հարմար առիթով իր պանդոկը տակն ու վրա է անում։ Վերջապես կամաց֊կամաց աղմուկը դադարեց, իսկ դոն Կիխոտի երևակայության մեջ փալանը մինչև ահեղ դատարանի օրը մնաց թամք, լագանը՝ սաղավարտ և պանդոկը՝ դղյակ։
Երբ շնորհիվ աուդիտորի և քահանայի ամեն ինչ խաղաղվեց և հանգստացավ, դոն Լուիսի ծառաները նորից սկսեցին պնդել, որ նա անմիջապես իրենց հետ պիտի վերադառնա տուն։ Մինչդեռ նա նրանց հետ վիճաբանում էր, աուդիտորն սկսեց խորհրդակցել դոն Ֆերնանդոյի, Կարդենիոյի և քահանայի հետ, թե ինչ անի նման դեպքում և հաղորդում էր նրանց դոն Լուիսի պատմությունը։ Վերջապես վճռվեց, որ դոն Ֆերնանդոն դոն Լուիսի ծառաներին բաց կանի, թե ինքն ով է և կհայտարարի նրանց, թե ինքը մտադիր է դոն Լուիսին հետը Անդալուզիա տանել, որտեղ իր եղբայր֊մարկիզը երիտասարդին կընդունի բոլոր պատշաճ պատիվներով, որ վայելում են նրա արժանապատվության (որովհետև ամենքի համար պարզ էր, որ դոն Լուիսը ավելի շուտ կհամաձայնի պատառ֊պատառ լինել, քան ներկայանալ իր հոր աչքի առջև): Երբ չորս ծառաները իմացան դոն Ֆերնանդոյի կոչման և իրենց տիրոջ մտադրության մասին, նրանք իրար մեջ այս որոշումը հանեցին՝ երեք հոգով կվերադառնան և եղելությունը կզեկուցեն նրա հորը, իսկ չորրորդը կմնա, որ սպասարկի դոն Լուիսին և չի բաժանվի նրանից, մինչև որ մնացյալները չգան նրա ետևից կամ թե չէ մինչև որ իրենց տիրոջից որևէ նոր կարգադրություն չգա։ Այսպես ահա Ագրամանտեի իշխանությամբ և թագավոր Սոբրինոյի խոհեմությամբ երկպառակության այս քաոսում խաղաղություն հաստատվեց։ Սակայն, երբ համաձայնության թշնամին և խաղաղության ախոյանը<ref>Այսինքն՝ սատանան։</ref> տեսավ, որ իրեն խայտառակ են արել ու ծաղրել և համոզվեց, որ մեր հերոսներին անելանելի լաբիրինթոսի մեջ գցելու իր բոլոր ջանքերը սակավ արդյունք տվին, խորհեց մեկ անգամ ևս փորձել իր բախտը և նոր վեճ և երկպառակություն հրահրել։
Բանն այն է, որ հրացանաձիգները իմացան, թե ինչ բարձր կոչման տեր մարդկանց հետ են կռվելիս եղել, խաղաղվեցին ու քաշվեցին մարտադաշտից՝ ըմբռնելով, որ ինչով էլ գործը վերջանալու լինի, տուժողը իրենք են լինելու։ Սակայն նրանցից մեկը, նա՛, որին դոն Ֆերնանդոն ջարդում ու ոտնահարում էր, հանկարծ մտաբերեց, որ հանցագործներ կալանավորելու այլ հրամանների թվում ունի դոն Կիխոտին բռնելու կարգադրություն։ Սանտա Հերմանդադը որոշել էր նրան կալանավորել տաժանակիր աշխատանքի դատապարտվածներին ազատելու համար (նրա իսկ համար, ինչից միանգամայն իրավացի զգուշանում էր Սանչոն)։ Մտաբերելով այդ՝ հրացանաձիգը վճռեց ստուգել՝ ճի՞շտ են արդյոք թղթի մեջ հիշատակված դոն Կիխոտի նշանները։ Ուստի նա գրպանից հանեց փաթույթը, գտավ հարկավոր տեղը և, շատ էլ գրագետ չլինելով, սկսեց վանկ֊վանկ կարդալ, յուրաքանչյուր բառից հետո մտիկ տալով դոն Կիխոտին և համեմատելով հրամանում հիշատակված նշանները մեր ասպետի արտաքինի հետ։ Այսպիսով նա ի վերջո համոզվեց, թե դոն Կիխոտը հենց այն մարդն է, որին հրամայված է կալանավորել։ Համոզվելով դրա մեջ՝ նա փաթաթեց թուղթը, ձախ ձեռքն առավ, իսկ աջով բռնեց դոն Կիխոտի օձիքն այնպիսի ուժով, որ նրա շունչն արգելվեց և սկսեց բարձրաձայն աղաղակել․
― Հնազանդությո՜ւն Սանտա Հերմանդադին։ Իսկ ով որ չի հավատում, թե ես նրա անունով եմ գործում, թո՛ղ կարդա այս հրամանը։ Նրա մեջ ասված է, որ ես պետք է բռնեմ բանուկ ճամփի այս ավազակին։
Քահանան վերցրեց հրամանը և համողվեց, որ հրացանաձիգը ճիշտ է ասում, որովհետև դոն Կիխոտի բոլոր նշանները ճիշտ էին նկարագրված։ Իսկ դոն Կիխոտը, տեսնելով, որ ինչ֊որ ողորմելի ստահակ իրեն վիրավորում է, կատաղեց և այնպես բռնված լինելով, որ ոսկորները ճռճռում էին, երկու ձեռքով սեղմեց հրացանաձիքի կոկորդը։ Եթե հրացանաձիգի ընկերները օգնության հասած չլինեին, նա ավելի շուտ շունչը փչած կլիներ, քան դոն Կիխոտը կարձակեր նրան։ Պանդոկպանը, որ պարտավոր էր պաշտպանելու իր միաբանության անդամներին, իսկույն տուժածին օգնության հասավ։ Նրա կինը, տեսնելով, որ իր ամուսինը նորից կռվի մեջ խցկվեց, կրկին սկսեց աղաղակել, և նրան ձայնակցեցին իր աղջիկն ու Մարիտորնեսը՝ երկնքից և բոլոր սրբերից օգնություն հայցելով։ Իսկ Սանչոն, տեսնելով, թե ինչ է կատարվում, ասաց․
― Տեր իմ Աստված, ախր ինչ որ իմ տերն ասում էր այս դղյակի կախարդված լինելու մասին՝ զուտ ճշմարտությո՜ւն է, այստեղ մեկ ժամ հանգիստ ապրել չի լինում։
Դոն Ֆերնանդոն բաժանեց իրարից դոն Կիխոտին ու հրացանաձիգին ի հաճույս երկուսի էլ, պոկելով հրացանաձիգի ձեռքը դոն Կիխոտի կապայի օձիքից, որ նա ամուր բռնած էր և բաց արեց ասպետի մատները, որ մխրճվել էին թշնամու կոկորդը։ Սակայն, չնայած դրան, հրացանաձիգները չէին դադարում պահանջել կալանավորում և պնդել, որ իրենց օգնեն կապկպել նրա ձեռն ու ոտը, ինչպես պահանջում է թագավորի և Սանտա Հերմանդադի օրենքը, որի անունից նորից օգնություն էին պահանջում, որպեսզի կալանավորեին լեռնային կածաններում և բանուկ ճամփաներում կողոպտող ավազակին։ Դոն Կիխոտը ժպտում էր՝ լսելով նրանց դատողությունները, ի վերջո, մեծ պաղարյունությամբ ասաց․
― Այստեղ եկե՛ք, ստոր ու վատածին մարդիկ։ Դուք բանուկ ճամփի ավազակ եք անվանում նրան, ով բաց է թողնում շղթայակապներին, ազատում բանտարկյալներին, օգնում դժբախտներին, բարձրացնում ընկածներին, պաշտպանում զրկվածներին։ Օ՜, պիղծ էակներ, ձեր թշվառության վեհությունը, հասկանալ տա ձեր անգիտությունն ու մեղքը, որ կատարում եք, չակնածելով անգամ ստվերից, էլ ուր մնաց թափառական իսկ ասպետի ներկայությունից։ Այստեղ եկ, ավազակների ոհմակ և ոչ թե հրացանաձիգների խումբ, բանուկ ճամփաների գողեր Սանտա Հերմանդանի թույլտվությամբ։ Ասացե՛ք ինձ՝ այդ ո՞վ է այն տխմարը, որ ինձ պես ասպետի կալանավորության հրաման է ստորագրել։ Չգիտե՞ նա միթե, որ թափառական ասպետները ոչ մի դատարանի ենթակա չեն, որ նրանց համար օրենքը թուրն է, իրավունքը՝ իրենց զորությունը, որոշումը՝ իրենց կամքը։ Ո՞վ է, կրկնում եմ, այն տխմարը, որին անհայտ է, թե ազնվականության ոչ մի թուղթ այնքան առավելություն ու արտոնություն չի շնորհում, որքան ձեռք է բերում թափառական ասպետն այն օրը, երբ ասպետ է կարգվում և ստանձնում ասպետության դաժան պաշտոնը։ Ո՞ր ասպետն է երբևիցե տվել տուրք, գլխահակ, թագուհու խցանե հողաթափի տուրք,<ref>Թագուհու խցանե հողաթափ (chapin de la reine) ― հատուկ հարկ թագավորի պսակադրության առթիվ, այդպես է կոչվել, որովհետև այն ժամանակները Իսպանիայում ամուսնացած կանայք էին հագնում հողաթափեր՝ խցանե ծայրով (chapin):</ref> եկամտահարկ, գետից անցնելու կամ ճամփի տուրք։ Այդ ո՞ր ասպետն է իր համար կարած հագուստի համար դերձակին վճարում։ Այն ո՞ր դղյակի տերն է, որ փող է վերցնում ասպետից՝ նրան հյուրընկալելու համար։ Ո՞ր թագավորը չի իր սեղանին նստեցնում նրան։ Ո՞ր ազնիվ օրիորդը չի սիրահարվում և հպատակվում նրա կամքին ու ցանկություններին։ Եվ, վերջապես, եղե՞լ է, կա՞ և կլինի՞ աշխարհիս երեսին մի թափառական ասպետ, որ հանդիպելով չորս հազար հրացանաձիգի՝ չխիզախի փայտով չորս հարյուր հարված հասցնել նրանց։