Changes
/* Գլուխ երկրորդ. Խորհուրդ */
</poem>
Ես ու եղբայրս այդ տարօրինակ խոսքերը չհասկացանք և դիմելով մեր հորը՝ Դենեթորին, Մինաս Թրիրթ ամրոցի Գերագույն Տիրակալին և Միջերկրի հնագույն ավանդությունների լավատեղյակին, իմացանք, որ հին ժամանակներում Իմլադրիս անվանում էին էլֆերի բնակավայրը, որը առասպելական իմաստուն Տիրակալ Էլրոնդի օրոք հիմնվել է ինչ-որ տեղ հեռավոր հյուսիսում: Գոնդորի ժողովրդին կործանում է սպառնում, և մեզանից յուրաքանչյուրը հասկանում է դա: Եվ ահա իմ եղբայրը գլուխն է մտցրել, որ ես ու նա մարգարեական երազ ենք տեսել, դրա համար էլ պետք է գտնենք Էլրոնդին և պարզենք խորհրդավոր գուշակության իմաստը: Բայց ճանապարհը դեպի հյուսիս դժվարին է ու վտանգավոր, քանի որ վաղուց արդեն ոչ ոք ճանապարհից չի օգտվում, իսկ ինձ հայտնի են արահետներ, և եղբորս փոխարեն ես ուղևորվեցի այստեղ: Հայրս դժկամությամբ համաձայնեց իմ ճանապարհվելուն: Երկար դեգերելով հյուսիսային հողերում, որովհետև Էլրոնդ Իմաստունի մասին շատերն էին լսել, բայց քչերը գիտեին, թե նա որտեղ է ապրում, ինձ հաջողվեց գտնել ճանապարհը և բարեհաջող հասնել մինչև Իմլադրիս:
— Եվ այստեղ քեզ համար շատ գաղտնիքներ կբացվեն,— անշտապ վեր կենալով տեղից,— ասաց Արագորնը: Նա իր թուրը դրեց սեղանին, Էլրոնդի առջև, և հյուրերը տեսան, որ այն երկու կես է արված: — Նայիր, ահա առաջնորդի կոտրված Թուրը:
— Ո՞վ ես դու և ի՞նչն է քեզ կապում Գոնդորի հետ,— չափազանց զարմացած հարցրեց Բորոմիրը՝ նայելով խունացած թիկնոցին և դունադանի նիհարած դեմքին:
— Նա Արագորնն է, Արաթհորնի որդին,— ցածր պատասխանեց Բորոմիրին Էլրոնդը,— Իսիլդուրի՝ Իթիլ ամրոցի տիրոջ հեռավոր, բայց միակ և անմիջական ժառանգը: Դունադանները՝ հյուսիսցիները, նումենորցիների սերունդները, Արագորնին իրենց առաջնորդն են համարում... բայց նրանք, դժբախտաբար, քիչ են մնացել:
— Ուրեմն այն քե՞զ է պատկանում,— տեղից թռչելով, բացականչեց Ֆրոդոն, ոչ այն է թեթևացած, ոչ այն է վախով:
— Այն ո՛չ քեզ է պատկանում, ո՛չ ինձ,— հանգիստ, բայց ծանրակշիռ ասաց Արագորնը: — իսկ հիմա, այդպես է վճռել ճակատագիրը, հատկապես դու ես նշանակված դրա Պահապանը...
— Ժամանակը եկել է, Մատանին ցույց տուր,— ասաց Գանդալֆը՝ Ֆրոդոյին դիմելով: — Թող Բորոմիրն ակնառու համոզվի, որ իր երազն իրականություն է...
Դահլիճում մեռյալ լռություն տիրեց, բոլորը լարված նայեցին Ֆրոդոյին, իսկ նա՝ իրեն կորցրած տարօրինակ կերպով սարսափահար, զգաց, որ չի ուզում Մատանին ցույց տալ, որ իր համար նույնիսկ դժվար է Մատանուն մատով դիպչելը: Բայց նա կարողացավ հաղթահարել ինքն իրեն և դողացող ձեռքով հանեց Մատանին: Վերջինս մերթ առկայծելով, մերթ վառ փայլատակելով, դահլիճում հավաքվածների հայացքներն իրեն գամեց:
— Ահա այն, Իսիլդուրի Նզովքը,— ասաց Էլրոնդը:
— Կոլոտիկ,— շշմած մրթմրթաց Բորոմիրը՝ փայլուն աչքերով նայելով Մատանին բարձր պահած Ֆրոդոյին: — Այդպես, ուրեմն, հասավ Գոնդորի ժողովրդի Վերջի Հույսի ժամը... Բայց այդ դեպքում մեր ինչի՞ն է պետք Կոտրված Թուրը:
— Դու չհասկացար. ասված է՝ եկել է ժամը, բայց չի ասված Մինաս Թիրիթի վերջին ժամը,— հանգիստ բացատրեց Բորոմիրին Արագորնը: — Բայց ճակատագրական ժամն իսկապես եկել է, և այն մեզ մեծ գործերի է կոչում: Կոտրված Թուրը պատկանում էր Էլենդիլին, և նրա սերունդները պահպանել են այդ թուրը, չնայած ուրիշ ոչինչ չեն պահպանել, քանի որ հնում արնորցիներին գուշակել էին, որ երբ գտնվի Իսիլդուրի Նզովքը, ապա նրա հոր Թուրը հնարավոր կլինի վերականգնել և այն կվերածնվի Նզովքի՝ ընդդեմ թշնամիների: Արդ ցանկանու՞մ ես արդյոք դու, որ Էլենդիլի ժառանգն օգնության շտապի Գոնդորի ռազմիկներին...
— Ես եկել եմ խորհուրդ հայցելու և ոչ թե օգնություն,— հպարտ պատասխանեց Բորոմիրը Արագորնին: — Բայց Գոնդորի գլխին ծանր փորձություններ են կախված, և մենք չպետք է հրաժարվենք Էլենդիլի սրից... Եթե այն, ինչը ժամանակին թաղվել է անցյալում, իսկապես կարող է վերադառնալ աշխարհ,— ակնհայտ անվստահությամբ ավելացրեց նա:
Ֆրոդոն զգաց, որ Բիլբոն զայրանում է. Բորոմիրի կասկածամտությունը վիրավորել էր նրան: Հանկարծ նա ոտքի թռավ ու կարկտի պես շարեց.
<poem>
Ուրիշ է փայլը հնագույն ոսկու,
Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,
Մարտադաշտ կելնի Հետքագետ արքան,
Հասուն լինելը ծեր լինել չէ դեռ:
կանցնեն, կգնան չարիք ու փորձանք,
Եվ սուրը նորից կշողա, կայրի,
Արքային արքա կկոչեն դարձյալ՝
Ի պատիվ անցած մի այլ արքայի:
</poem>
Արագորնը ժպտալով լսեց Բիլբոյին մինչև վերջ (որն իր սեփական բանաստեղծությունն էր կարդում), իսկ հետո լրջանալով ասաց Բորոմիրին.
— Ես ներում եմ քո անվստահությունը: Միթե ես չգիտեմ, որ դույզն իսկ նման չեմ Իսիլդուրի և նրա հոր քանդակներին, որոնք տեսել ես Դենեթորի ապարանքում: Ես մեծն Իսիլդուրի ժառանգն եմ, բայց ընդամենը միայն ժառանգը և ո՛չ Իսիլդուրն ինքը: Ես երկար կյանք եմ ապրել: Եվ հավատա, այն մի քանի հարյուր լիգը, որ ընկած են Ազատքի և Գոնդորի միջև, միայն մի փոքր մասն է այն անհամար լիգերի, որ ես հաղթահարել եմ իմ կյանքում: Բազում գետեր ու լեռնաշղթաներ, ճահճոտ հարթվայրեր ու ամայի սարահարթեր եմ ոտքի տակ տվել, ես տեսել եմ բազում հեռավոր երկրներ, որտեղ փայլում են մեզ համար անծանոթ և օտար աստղեր...
Բայց ես հյուսիսն եմ համարում իմ հայրենիքը: Այստեղ արքա Վալենդիլի ժամանակներից ի վեր, ծնվել ու մահացել են իմ բոլոր նախնիները: Արնորցիների կյանքը դժվար է եղել, սակայն Թուրը փոխանցվել է սերնդե սերունդ (հորից որդուն)՝ հիշեցնելով մեր երբեմնի հզորության մասին... Չնայած մենք այն պահել ենք էլֆերի մոտ: Եվ ահա թե ինչ կասեմ քեզ, Բորոմիր: Մենք՝ դունադաններս, քիչ ենք մնացել և ստիպված ենք մշտապես դեգերել, որովհետև որպես սահամապահներ անխոնջ փնտրում ենք Թշնամու սպասավորներին, որոնք չափչփում են անծայրածիր Խլուտը, որը բաժանում է արևմտյան ու արևելյան հողերը, իսկ երբեմն էլ հասնում են բնակելի շրջաններ:
Դու ասացիր՝ մենք միայնակ պատնեշում ենք Արևմուտքը՝ ընդդիմանալով Թշնամու զորքերի ճնշմանը: Բայց հենց որ դուք հանդիպեցիք Սև Հեծյալներին, թշնամիները ձեզ մղեցին Անդուինից այն կողմ: Ուրեմն, Բորոմիր, աշխարհում շատ ուժեր կան, բացի Թշնամու կազմակերպված զորքից, որոնց հարկ է լինում հակահարված տալ: Դուք պաշտպանում եք ձեր սահմանները՝ հարևաններին անջրպետելով Մորգուլի զորաբանակներից և այևս ոչ մի բանի մասին, բացի սեփական սահմաններից, հոգ չեք տանում, իսկ մենք՝ սահմանային Խլուտի պահակներս, պայքարում ենք բոլոր Մութ ուժերի դեմ: Ոչ թե Թշնամու զորաբանակը, այլ Անանուն Վախը հյուսիսի ու արևմուտքի բնակիչներին կցրեր, եթե արնորցիները չթափառեին վայրի Խլուտում՝ առանց դադարի կռվելով Մութ Ուժերի հետ: Ասա, ո՞վ իրեն հանգիստ կզգար՝ նույնիսկ իր բնակարանի պատերի ներսում, ամենահեռավոր ու խաղաղ երկրներում, եթե Մորդորի ուրվական հպատակները անարգել մուտք գործեին արևմտյան հողեր: Ո՞վ կխիզախեր ճանապարհ դուրս գալ: Բայց երբ անտառի սև թավուտներից, խրուտ ճահիճներից կամ միգապատ կիրճերից դուրս են սողում Մորդորի մութ դաշնակիցները, նրանց մշտապես դիմավորում են արնորցիները, և նրանք նահանջում են լեռների հետև:
Իսկ մենք նույնիսկ շնորհակալական խոսք չենք պահանջում: Ճամփորդները կասկածանքով ու խեթ են նայում մեզ, Միջերկրի քաղաքացիներն ու գեղջուկները արհամարհալի կարեկցանքով թափառաշրջիկ են անվանում... Բոլորովին վերջերս մի գիրուկ, որն անգիտակցությամբ ապրում է այնպիսի արարածների հարևանությամբ, որոնց մասին եթե ճիշտն իմանար, վախից կմեռներ, ինձ անվանեց (բնավ չցանկանալով անպատվել) Պանդուխտ... Նա չգիտե, թե ինչու ենք մենք դեգերում և ներողամտորեն խղճում է անդադրում թափառականներին: Բայց մեզ հարկավոր չէ նրա շնորհակալությունը: Նա, իր բոլոր ազգակիցների ու հարևանների նման, ապրում է խաղաղ, հանգիստ ու երջանիկ՝ ահա թե ինչն են «թափառականները» պարգև համարում: Ավելի ճիշտ համարում էին...
Որովհետև այժմ աշխարհը նորից սկսվում է փոխվել: Իսիլդուրի Նզովքը՝ Համիշխանության Մատանին, երկարատև անգոյությունից հետո հայտնվել է: Մեզ մեծ ճակատամարտ է սպասում: Կոտրված Թուրը նորից են կռելու, և ես քեզ հետ միասին կուղևորվեմ Մինաս Թիրիթ:
— Իսիլդուրի Նզովքը հայտնվել է... — կրկնեց Բորոմիրը Արագորնի բառերը: — Իսկ ես տեսա փայլուն Մատանին, որ մեզ բոլորիս ցույց տվեց Կոլոտիկը: Բացատրիր ինձ, ինչու՞ եք այդպես հաստատ համոզված, որ դա հենց Իսիլդուրի Մատանին է: Նա մահացել է մեր Դարաշրջանից առաջ, և Մատանին, ասում են, անհետ կորել է: Որտե՞ղ է եղել այս բոլոր տարիներին... Ինչպե՞ս է ընկել այժմյան տիրոջ մոտ:
— Այդ մասին կիմանաս,— խոստացավ Էլրոնդը:
— Սակայն ո՜չ հիմա, չէ՞, հարգելի տանտեր,— անհանգստացած տեղեկացավ Բիլբոն: — Ես զգում եմ, որ ճաշի ժամանակն է, և ես անպայման պետք է ուժերս վերականգնեմ:
— Ես դեռ ոչինիչ չեմ խնդրել քեզնից,— ժպիտը թաքցնելով ասաց նրան Էլրոնդը: — Բայց քանի որ ինքդ քո մասին հիշեցրիր մեզ, ապա խնդրում եմ, պատմիր քո պատմությունը: Եթե դրանից պոեմ չես ստեղծել, ապա, ինչ արած, արձակ շարադրիր մեզ: կարծում եմ, հարկավոր չէ բացատրել քեզ, որ ինչքան կարճ ստացվի պատմությունդ, այնքան շուտ կարող ես ուժերդ վերականգնել:
— Ի՜նչ արած, լա՛վ,— համաձայնեց Բիլբոն: — Այսօր ես կպատմեմ իրական պատմություն: Եվ եթե հյուրերից որևէ մեկը զարմանա,— Բիլբոն խեթ նայեց Գլոինին,— թող աշխատի անցյալը չփորփրել: Վերջին տարիներին ես շատ բան եմ հասկացել... Ուրեմն, թող ինձ էլ հասկանան ու ներեն... Ահա թե ինչ է պատահել իրականում...
Հյուրերը, որոնք նախկինում Բիլբոյին երբեք չէին հանդիպել, զարմացած լսում էին նրա արկածների մասին, և ծեր հոբիթը շատ ուրախ էր, որ կարող է պատմել Գոլլումի հետ հանդիպման մասին՝ հիշելով բացարձակապես բոլոր մանրամասները: Նա բոլորը կրկնեց, բոլոր հանելուկները մեկ առ մեկ: Նա հաճույքով կպատմեր նաև հրաժեշտի խնջույքի մասին, իր անհետանալու մասին, դեպի Ազատք ճանապարհի մասին... բայց Էլրոնդը ձեռքը բարձրացրեց ու ասաց.
— Հրաշալի է, բարեկամս, մեզ համար կարևոր էր իմանալ, որ դու մեկնելուց առաջ Մատանին հանձնել ես Ֆրոդոյին: Բեր լսենք քո փոխանորդին:
Ֆրոդոն պատմեց իր բոլոր չարաբաստիկ արկածների մասին՝ այն ժամանակից ի վեր, ինչ դարձել էր Մատանու Պահապանը, բայց ունկնդիրների ուշադրությունը նրան չէր ուրախացնում: Իսկ նրանց հետաքրքրում էր Ֆրոդոյի յուրաքանչյուր քայլը, Հեծյալների վարքագծի բոլոր մանրամասները: Հյուրերը շարունակ ընդհատում էին Ֆրոդոյին, որ քննարկեն անգամ չնչին մանրամասնությունները:
— Վատ չէ, բարեկամս,— ասաց Բիլբոն, երբ նա լռեց ու թեթևացած նստեց: — Ափսոս, որ շարունակ ընդհատում էին քեզ: Ես հասցրի որոշ բաներ գրի առնել, բայց ոչ բոլորը, և դեռ կվերադառնանք դրան: Դեպի Ազատք գնալու ճանապարհին քո արկածները մի քանի գլուխ կկազմեն գրքում, եթե կարողանամ ավարտել այն:
— Այո, երկար պատմություն ստացվեց,— ասես ջանք թափելով ասաց Ֆրոդոն: — Եվ այնուամենայնիվ այն, իմ կարծիքով, կիսատ է մնում, հատկապես առանց Գանդալֆի հանգամանալից պատմության:
Հոբիթներից քիչ հեռու նստած Գելդորը լսեց Ֆրոդոյի վերջին դիտողությունը:
— Կոլոտիկն իրավացի է,— Էլրոնդին դիմեց նա,— Մատանու պատմությունը կիսատ է թվում: Ես էլ եմ ուզում որոշ բաներ իմանալ: Դուք չպատասխանեցիք Բորոմիրի հարցին՝ այդ որտեղի՞ց է պարզ ձեզ համար, որ կոլոտիկների մատանին Մորդորի Սև Տիրակալն է կռել: Եվ այդ մասին ի՞նչ է մտածում Սարումանը: Նա Թշնամու սովորությունները լավ է ուսումնասիրել, բայց չգիտես ինչու, հիմա մեզ հետ չէ: Ի՞նչ խորհուրդ կտար մեզ Սարումանը, եթե իմանար այն, ինչ մենք գիտենք:
— Քո հարցերը,— պատասխանեց Էլրոնդը,— այնպես սերտ են միահյուսվում մեկը մյուսին, որ դրանք մեզ համար կպարզի միայն այն պատմությունը, որ կպատմի Գանդալֆը: Այն կավարտի Մատանու պատումը, քանի որ Գանդալֆը մեր բոլորից շատ գիտե այդ մասին:
— Գելդորն ուղղակի ի մի չբերեց այն ամենը, ինչ լսեց Խորհրդում,— սկսեց Գանդալֆը: — Ֆրոդոյին հետապնդում են Սև Հեծյալները, Դաինին խոստանում են վերադարձնել Մոգական Մատանիները... եթե նա տեղեկություն տա Բիլբոյի մասին... Մի՞թե պարզ չէ, որ Բիլբոյի գտածը Մորդորի Տիրակալին խիստ հարկավոր է: Իսկ Բիլբոն, ինչպես հայտնի է, Մատանին է գտել: Այժմ մտածենք մյուս Մատանիների մասին: Ինը Մատանիներին տիրում են Սև Հեծյալների կերպարանք ընդունած Նազգուլները. Յոթը կորած են, կամ ոչնչացված: — Այս խոսքերից Գլոինը ցնցվեց, բայց, ինքն իրեն տիրապետելով՝ լռեց: — Երեքի ճակատագիրը նույնպես մեզ հայտնի է: Ուրեմն ո՞ր Մատանին է փնտրում Թշնամին:
Բորոմիրն իրավացի է. գետի և անձավի միջև՝ Մատանու կորստի և գտնվելու միջև, բազմադարյա անդունդ է բացված, որը իմաստուններն անշտապ ուսումնասիրում են... չափազանց անշտապ և չափազանց երկար, նրանք մոռացել են Թշնամու իմաստնության մասին: Իսկ նա, իհարկե, անգործ չի նստել և բացահայտել է իսկությունը մեզանից քիչ ուշ, բարեբախտաբար ուշ՝ այս ամառ: Եվ այնուամենայնիվ, քիչ էր մնում իմաստուններն ուշանային:
Հավաքվածներից ոմանց հայտնի է, որ մեր Դարաշրջանի հենց սկզբին այցելեցի Դուլ Գուլդուրի կախարդին և, գաղտնի հետախուզելով, թե ինչով է զբաղվում, հասկացա, որ մեր կասկածները հաստատվում են՝ դա Սաուրոնն էր, նորից կենդանացած և ուժ հավաքող մեր դարավոր Թշնամին: Եվ ինչ-որ մեկը, իմ կարծիքով, դեռ հիշում է, որ Սարումանը այն ժամանակ Իմաստունների Խորհրդին համոզեց պատերազմ չսկսել, ու երկար տարիներ մենք միայն դիտում էինք: բայց երբ մռայլ Դուլ Գուլդուրի գլխին կուտակված չարագույժ ամպը դեպի հյուսիս սողաց, նույնիսկ Սարումանը հավանություն տվեց պատերազմին, և Իմաստունների Միացյալ Խորհուրդը Սև Տիրակալին դուրս քշեց Չարքանտառից: Նույն տարում գտնվեց Մատանին՝ տարօրինակ զուգադիպություն, եթե դա զուգադիպություն է:
Բայց Իմաստունները չափազանց ուշացրին, մեր հաղթանակն անպտուղ եղավ, ինչպես և գուշակում էր Ազատքի տերը: Սաուրոնը նույնպես հետևում էր մեզ և հասցրեց նախապատրաստվել մեր հարվածներին՝ թաքստոցավայրից կառավարելով Մորդորը Ինը Սպասավոր Ուրվականների օգնությամբ, որոնք գրավեցին Մորգուլի ամրոցը: Երբ մեր զորքը մոտեցավ Չարքանտառին, նա ձևացրեց, թե ընդունում է մարտը, իսկ ինքը սրընթաց նահանջելով հարավ, Մորդորի սահմանների վրա տապալեց պահակներին, ոչնչացրեց Սև Դղյակի պահապաններին և բացեիբաց իրեն Տիրակալ հռչակեց: իր տիրույթներում նա անխոցելի էր մեր հապշտապ հավաքված զորքի համար, և մենք նորից խորհուրդ գումարեցինք՝ հասկանալով, որ նա փնտրում է Համիշխանության Մատանին: Արդյո՞ք Թշնամին նոր բան չի իմացել համառորեն Մատանին փնտրելիս, ահա թե ինչ էր քննարկվում վերջին Խորհրդում: Բայց Սարումանը կարողացավ հանգստացնել Իմաստուններին՝ կրկնելով, ինչպես և անում էր հաճախ, որ Համիշխանության Մատանին ընդմիշտ չքվել է:
«Թշնամուն հայտնի է,— ասել էր Սարումանը,— որ մենք մինչև հիմա չենք գտել Մատանին, և հուսալով գտնել այն՝ նա ժամանակ է կորցնում: Նրա հույսերն իրականանալու բախտ չունեն՝ Մատանին կուլ է տվել Մեծ Անդուինը: Եվ մինչ Սաուրոնը անդեմ ուրվական էր, հոսանքը նրա գանձը տարավ Ծով, իսկ ծովի ընդերքից ոչինչ չի վերադառնում: Համիշխանության Մատանին հավետ չքվել է:»
Գանդալֆը լռեց ու նայեց պատուհանից դուրս, այնտեղ, որտեղ բարձրանում էին Մշուշապատ Լեռները, որոնց ստորոտում հոսում էր երկար ժամանակ Համիշխանության Մատանուն հանգրվան տված գետը:
— Իմ մեղքը ծանր է,— քիչ լռելուց հետո ասաց Գանդալֆը: — Ինձ հանգստացրին Սարումանի խոսքերը, և վտանգը ես շատ ուշ հայտնաբերեցի:
— Բոլորս էլ մեղավոր ենք,— խոսեց Էլրոնդը: — Բայց գուցեև միայն քո շնորհիվ է, որ Խավարի Վարագույրը դեռևս չի իջել Միջերկրի վրա:
— Ինձ համոզեցին Սարումանի փաստարկները,— խոր հառաչելով շարունակեց Գանդալֆը,— բայց հոգուս խորքում կանխազգում էի վտանգը, և այդ պատճառով էլ շատ էի ուզում իմանալ, թե որտեղ, ինչպես և երբ է Համիշխանության Մատանին ընկել այդ տարաբախտ չարագործ Գոլլումի ձեռքը: Նա պետք է դուրս սողար ստորգետնյա որջից, որպեսզի փնտրեր ու գտներ իր «սքանչելին», և ես որոշեցի հետևել նրան: Իհարկե, նա դուրս սողաց, բայց ճարպկորեն խույս տալով հետապնդողներից, նորից չքացավ՝ ասես գետնի տակն անցավ: Իսկ ես (երբեք այդ ինձ ներել չեմ կարող) հանգիստ հետևում էի Թշնամուն ու ոչինչ չէի անում:
Ժամանակը նորանոր հոգսեր էր ծնում և աստիճանաբար բթացնում իմ հին սարսափը... Բայց մի անգամ այն անսպասելիորեն ալեկոծվեց՝ վերածվելով խոր տագնապի: Ո՞վ է այդ Մատանու իսկական տերը, որ Բիլբոն փախցրեց Գոլլումից: Եվ ի՞նչ պետք է անեմ ես, եթե իմ կանխազգացումները հաստատվեն: Ահա թե ինչ էր հարկավոր ինձ որոշել: Բայց ես ոչ մեկի հետ այդ մասին չէի խոսում, որովհետև անզգուշորեն ասված խոսքերը կարող են լսել ոչ միայն բարեկամները: Թշնամու հետ մեր անհամար մարտերում շատախոսությունը երբեմն աղետի էր վերածվում, և մենք սովորեցինք վախենալ դավաճանությունից:
Ինձ Բիլբոյի Մատանին հետաքրքրեց մոտավորապես տասնյոթ տարի առաջ: Ես այն ժամանակ շատ արագ համոզվեցի, որ Հոբիթստանի շուրջը վխտում են հրեշները: Նույնիսկ որոշ գազաններ ու թռչուններ որպես լրտես էին ծառայում Սև Տիրակալին: Ես ստիպված եղա դիմել դունադանների օգնությանը, և նրանք բավական թվով լրտեսներ ոչնչացրեցին, իսկ երբ իմ կասկածները հայտնեցի Արագորնին, նա համոզեց ինձ գնալ Խլուտ՝ Գոլլումին փնտրելու:
— Ես Գանդալֆին համոզեցի,— միջամտեց Արագորնը,— որ հարկավոր է անպայման բռնել Գոլլումին, թեպետ նա կարծում էր, որ արդեն ուշացել ենք: Բայց ես, Իսիլդուրի ժառանգն ու սերունդը, ուզում էի քավել նրա մեղքը, և Գանդալֆի հետ մեկնեցի որոնումների: