Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 20 284 բայտ, 15:16, 4 Հուլիսի 2015
/* XV */
Եվ ճանապարհ ընկավ։
 
===XVI===
 
 
Հանուն արքայի և դքսի նա իրավունք ուներ կրել ամեն տեսակի զենք՝ ըստ իր հայեցողության։ Ուստի նա վերցրեց իր պատվական հրահարը, փամփուշտ ու չոր վառոդ։ Ապա՝ հագնելով պատառոտուն թիկնոց, ծվեն֊ծվեն եղած բաճկոնակ և իսպանական ձևով կարված անդրավարտիք, դնելով անեզր գլխարկ, վրան փռփռան փետուր և մի սուր, հեռացավ բանակից դեպի Ֆրանսիայի սահմանները և ուղղվեց դեպի Մաաստրիխտ։
 
Ցրտի լրաբերները՝ ցախսարյակները ճախրում էին տների շուրջը և ապաստան հայցում։ Երրորդ օրը ձյուն եկավ։
 
Ճանապարհին բազմիցս Ուլեշպիգելը ստիպված եղավ ցույց տալ իր ազատ ճամփորդելու իրավունքը հաստատող ապահովագիրը։ Եվ նրան թույլ տվեցին, որ անցնի։ Նա ուղղվեց դեպի Լիեժ։
 
Նոր էր մտել մի դաշտավայր, երբ սաստիկ քամին ձյան փաթիլները կույտ֊կույտ շպրտում էր նրա դեմքին։ Նրա առջև տարածվել էր դաշտը՝ ճեփճերմակ, և հողմը պոռթկումներով քշում էր ձյան ոլորապտույտները։ Երեք գայլ ընկան նրա հետևից, բայց մեկին իր հրամանով գլորելուց հետո մյուսները հարձակվեցին վիրավորվածի վրա ու դիակից մի֊մի կտոր առած փախան անտառ։
 
Այսպես ազատվելուց հետո Ուլենշպիգելը նայում էր շուրջը՝ իմանալու, թե այլ ոհմակ չկա՞ դաշտում, երբ հարթավայրի ծայրին տեսավ գորշ արձանների պես կետեր՝ հողմապտույտի մեջ շարժվելիս, իսկ նրանց հետևը՝ հեծյալ գազանների սև շրջագծեր։ Նա բարձրացավ մի ծառ։ Քամին հասցրեց նրան տրտունջների հեռավոր մի աղմուկ․ «Գուցե ճերմակազգեստ ուխտավորներ են, ― մտածեց նա։ ― Հազիվ եմ տեսնում նրանց ձյան վրա»։ Ապա նա որոշակի տեսավ մերկ վազող մարդիկ և երկու սևազրահ ռեյտար, որ իրենց խոշոր նժույգները հեծած՝ մտրակի ուժգին հարվածներով իրենց առջևն արած քշում էին այդ խեղճ բազմությանը։ Ուլենշպիգելը լցրեց իր հրահարը։ Այդ թշվառների մեջ նա տեսավ երիտասարդներ, ծերունիներ՝ մերկ, ցրտից դողացող, սարսափահար, կծկված և վազելիս՝ խուսափելու համար գուգազների մտրակից, որոնք տաք հագնված, գինօղուց ու կուշտ սնունդից կարմրած, հաճույք էին զգում այդ մերկ մարդկանց մարմինները խարազանելուց, որպեսզի ավելի արագ վազեցնեն։
 
Ուլենշպիգելն ասաց․ «Վրեժդ լուծվելու է, Կլաասի աճյո՛ւն»։ Եվ մի գնդակ հասցնելով դեմքին՝ սպանեց ռեյտարներից մեկին, որն ընկավ ձիուց։ Մյուսը, չիմանալով, թե որտեղից էր գալիս այդ անակնկալ գնդակը՝ սաստիկ վախեցավ։ Կարծելով, որ անտառում թաքնված թշնամիներ կան, նա ուզեցավ փախչել իր ընկերոջ ձիով։ Եվ երբ նրա սանձը ձեռքը գցելով իջավ՝ դիակը կողոպտելու համար, մի ուրիշ գնդակ դիպավ նրա վզին, և նա էլ ընկավ։
 
Մերկ մարդիկ կարծելով, որ երկնքից մի հրեշտակ հրահարավորի ձևով պաշտպանելու էր իջել իրենց՝ ծունկ չոքեցին։ Այնժամ Ուլենշպիգելը իջավ ծառից և ճանաչվեց նրանց կողմից, որոնք իր պես ծառայել էին իշխանի բանակներում։ Եվ սրանք ասացին․
 
― Ուլենշպի՛գել, մենք Ֆրանսիայի երկրից ենք և այս ողորմելի վիճակում ուղարկվում ենք Մաաստիրխտ, ուր գտնվում է դուքսը, որպեսզի այնտեղ մեզ հետ վարվեն որպես ըմբոստ ռազմագերիների, քանի որ փրկագին չենք կարողացել վճարել, և նախօրոք դատապարտված ենք խոշտանգվելու, մահապատժվելու և կամ ստահակների ու գողերի պես արքայի նավերում թիավարելու։
 
Ուլենշպիգե՛լը իր opperstkleed֊ը (թիկնոցը) տվեց խմբի ամենատարեցին և ասաց․
 
― Հիմա պետք է մտնենք անտառ, ուր օդը ավելի թանձր է և ավելի մեղմ։ Վազե՛նք, եղբայրնե՛ր։
 
Հանկարծ մի մարդ ընկավ ու ասաց․
 
― Քաղցած եմ ու մրսում եմ․ շուտով կներկայանամ աստծուն՝ վկայելու, որ պապը նեռն է երկրի վրա։
 
Եվ շունչը փչեց։ Մյուսներն ուզեցին տանել նրան, որպեսզի քրիստոնեաբար թաղեն։
 
Երբ առաջանում էին մեծ ճանապարհով, նշմարեցին մի գյուղացի, որ վարում էր իր սայլը՝ վրան կտավե ծածկույթով։ Տեսնելով մերկ մարդկանց՝ գյուղացին կարեկցեց նրանց և վերցրեց իր սայլի վրա։ Այնտեղ նրանք գտան չոր խոտ՝ պառկելու համար և դատարկ պարկեր՝ ծածկվելու համար։ Երբ տաքացան, գոհություն հայտնեցին աստծուն։ Ուլենշպիգելը սայլի կողքից երիվարելով ռեյտարների մի ձիով, մյուսը քաշում էր սանձից։
 
Մեզիերում իջան սայլից․ նրանց համեղ ապուր տվին, գարեջուր, հաց, պանիր, ծերունիներին ու կանանց՝ միս։ Նրանց ապաստան տվեց համայնքը և իր ծախքով հագցրեց ու նորից զինեց։ Եվ ամենքն էլ օրհնություն մրմնջալով փաթաթվեցին Ուլենշպիգելին, որը հրճվանքով թույլ տվեց։
 
Ուլենշպիգելը ռեյտարների ձիերը ծախեց քառասունութ ֆլորինի, որից երեսունը տվեց ֆրանսիացիներին։
 
Միայնակ ճամփորդելիս նա մտածում էր․ «Գնում եմ ավերակների, արյան ու արցունքի միջով՝ առանց որևէ բան գտնելու։ Դևերն ինձ անշուշտ խաբեցին։ Ո՞ւր է Լամմեն, ո՞ւր է Նելեն, ո՞ւր է Յոթնյակը»։
 
Եվ Կլաասի աճյունը նորից բախեց նրա կրծքին։ Նա լսեց մի ձայն, որ նման էր հևքի և ասում էր․
 
― Մահվան, ավերի ու արցունքի մեջ փնտրի՛ր։
 
Եվ շարունակեց գնալ։
 
 
===XVII===
 
Ուլենշպիգելը Նամյուռ հասավ մարտին։ Այդտեղ նա տեսավ Լամմեին, որ մեծ կրքով սիրահարվել էր Մաասի ձկանը, հատկապես՝ կարմրախայտին, մի մակույկ էր վարձել և համայնքի թույլտվությամբ ձկնորսություն էր անում գետի վրա։ Բայց հիսուն ֆլորին էր վճարել ձկնորսների համքարությանը։
 
Նա ծախել ու կերել էր իր ձուկը, և այդ արհեստով շահել էր ավելի լավ մի փոր ու մի փոքրիկ քսակ էլ կառոլուս։
 
Տեսնելով իր բարեկամին ու ընկերոջը, որ երթևեկում էր Մաասի ափերին և քաղաք մտնելու տեղ որոնում՝ նա ուրախացավ, մակույկը քշեց դեպի ափը և ոչ առանց փնչալու մագլցեց դարափը ու մոտեցավ Ուլենշպիգելին։ Ուրախությունից կակազելով ասաց․
 
― Այդ դո՜ւ ես, որդյա՛կ, որդյակ իմ ի Քրիստոս, որովհետև իմ փորակամարը քեզ պես երկուսին կարող է կրել։ Ո՞ւր ես գնում․ ի՞նչ է միտքդ։ Դու, իհարկե, չե՞ս մեռել։ Տեսե՞լ ես կնոջս։ Ես քեզ կուտացնեմ Մաասի ձուկ՝ լավագույնը, որ կարող է լինել այս երկրային աշխարհում։ Այստեղ այնպիսի սոուսներ են պատրաստում, որ մատներդ հետը կուտես։ Դու հպարտ ես ու պերճագեղ՝ թշերիդ վրա ունենալով մարտի հողմահարությունը։ Վերջապես դու եկար, որդյա՛կ իմ, բարեկա՛մ իմ Ուլենշպիգել, ուրա՛խ թափառաշրջիկ։
 
Ապա ցածր ձայնով հարցրեց։
 
― Քանի՞ իսպանացի ես սպանել։ Կնոջս չե՞ս տեսել աղիճներով լի սայլերի մեջ։ Հապա որքա՜ն երանավետ բան է Մաասի գինին պնդություն ունեցող մարդկանց համար․ դրանից էլ կխմես։ Հո չե՞ս վիրավորվել, որդյա՛կ իմ։ Ուրեմն դու կմնաս այստեղ՝ առույգ, կայտառ ու աշխույժ՝ ինչպես ջահել արծիվ։ Հապա օձաձկնե՜րը․ դրանցից էլ կճաշակես։ Ամենևին ճահճահամ չունեն։ Համբուրիր ինձ՝ գիրուկիս։ Փա՜ռք աստծու, որքա՜ն ուրախ եմ։
 
Եվ Լամմեն պարում էր, ցատկոտում, սուլում և Ուլենշպիգելին ստիպում պարել։
 
Ապա նրանք ճանապարհվեցին դեպի Նամյուռ։ Քաղաքի դարպասին Ուլենշպիգելը ցույց տվեց դքսի ստորագրած անցաթուղթը։ Եվ Լամմեն նրան տարավ իր տունը։
 
Երբ ընթրիքն էր պատրաստում՝ Ուլենշպիգելն պատմել տվեց նրա արկածները, ապա ինքը պատմեց իր գլխին եկածները՝ ասելով, որ հեռացել էր բանակից՝ հետևելու համար մի աղջկա, որին ընդունել էր իր կնոջ տեղը։
 
Այդ հետապնդումով էլ հասել էր մինչև Նամյուռ։ Եվ անընդհատ հարցնում էր․
 
― Հո չե՞ս տեսել նրան։
 
― Շատ գեղեցիկների եմ տեսել, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― մանավանդ այս քաղաքում, ուր բոլորն էլ սիրատենչ են։
 
― Ճիշտ այդպես, ― ասաց Լամմեն, ― մի հարյուր անգամ ուզեցել են հրապուրել ինձ, բայց ես հավատարիմ եմ մնացել, որովհետև իմ վշտաբեկ սիրտը պարուրված է լոկ մի հուշով։
 
― Ինչպես որ փորդ բազմաթիվ ու բազմապիսի ուտելիքներով։
 
― Երբ սրտաբեկ եմ լինում՝ պետք է ուտեմ, ― պատասխանեց Լամմեն։
 
― Քո վիշտը մշտատև՞ է, ― հարցրեց Ուլենշպիգելը։
 
― Ավա՜ղ, այո։
 
Ապա ավազանից մի կարմրախայտ հանելով, ասաց․
 
― Տեսնում ես որքա՜ն գեղեցիկ է ու պիրկ։ Սրա միսը վարդագույն է, ինչպես իմ կնոջն էր։ Վաղը մենք կհեռանանք Նամյուռից․ մի քսակ լիքը ֆլորին ունեմ․ մի֊մի էշ կգնենք և տրտինգ տալով կգնանք դեպի Ֆլանդրիա։
 
― Բայց դա քեզ կարող է թանկ նստել, ― ասաց Ուլենշպիգելը։
 
― Սիրտս ձգտում է Դամմե․ դա այն վայրն է, ուր նա ինձ կաթոգին սիրել է․ գուցե վերադարձել է այնտեղ։
 
― Վաղը կմեկնենք, ― ասաց Ուլենշպիգելը, ― քանի որ այդպես ես ուզում։
 
Եվ իրոք էլ մեկնեցին՝ ամեն մեկը մի էշի վրա, կողք կողքի տրտինգ տալով։
 
 
===XVIII===
Կծու քամի էր փչում։ Արևը, որ առավոտյան պայծառ էր երիտասարդության պես, ծերունու պես ալեխառնվեց։ Կարկտախառն անձրև տեղաց։
 
Երբ անձրևը դադարեց՝ Ուլենշպիգելը թափ տվեց իրեն և ասաց․
 
― Երկինքը, որ այսքան գոլորշի է խմում, պետք է երբեմն սիրտը թեթևացնի։
 
Նորից մի անձրև, ավելի կարկտախառն, քան նախկինը, սկսեց տեղալ երկու ուղեկից ընկերների վրա։ Լամմեն հառաչում էր․
 
― Արդեն լավ լվացվել էինք, պե՜տք էր, որ հիմա էլ պարզաջրվեինք։
 
Արևը վերստին երևաց, և նրանք սկսեցին զվարթագին ընթանալ։
 
Տեղաց երրորդ անձրևը՝ այնքան կարկտախառն ու սպանիչ, որ ասես բազմաթիվ դանակներով մանր֊մանր բրդում էր ծառերի չոր ճյուղերը։
 
Լամմեն ասում էր․
 
― Ա՜խ, մի ծածկ լիներ։ Խե՜ղճ կինս։ Ո՞ւր եք դուք՝ թեժ օջախ, քաղցր համբույրներ, յուղալի ապուրներ։
 
Եվ այդ ահագին մարդը լաց էր լինում։
 
Բայց Ուլենշպիգելը ասում էր․
 
― Լաց ու կոծ չանեք․ միթե մենք չե՞նք մեր իսկ ձեռքով փորձանք բերում մեր գլխին։ Անձրև է գալիս մեր ուսերի վրա, բայց այս դեկտեմբերյան անձրևից մայիսին երեքնուկներ կբուսնեն։ Եվ կովերը գոհունակությամբ կբառաչեն։ Մենք անապաստան ենք, սակայն ինչո՞ւ չենք ամուսնանում։ Ուզում եմ ասել ես՝ փոքրիկ Նելեի հետ, որ այնքա՜ն գեղեցիկ է ու բարեսիրտ, և որ հիմա պատվական ճաշ կեփեր տավարի մսով ու բակլայով։ Մենք ծարավ ենք՝ չնայած թափվող ջրին․ բայց ինչո՞ւ հարատև աշխատող չեղանք մի արհեստում։ Նրանք, որոնք այժմ վարպետ են ճանաչված, իրենց նկուղներում գարեջրի լիքը տակառներ ունեն։
 
Կլաասի աճյունը բախեց նրա սրտի վրա, երկինքը պայծառացավ, արևը փայլեց և Ուլենշպիգելն ասաց․
 
― Փառք քեզ, տեր իմ արև, դու տաքացնում ես մեր կողերը․ Կլաասի աճյո՛ւն, դու տաքացնում ես մեր սիրտը և ասում, որ նրա՛նք են օրհնյալ, որոնք դեգերում են հայրենի երկրի ազատության համար։
 
 
===XIX===
 
 
Նրանք մտան մի պանդոկ, ուր ընթրիք մատուցեցին նրանց մի բարձր սրահում։ Ուլենշպիգելը պատուհանը բացեց և այդտեղից տեսավ մի պարտեզ, ուր զբոսնում էր սիրունիկ, թմփլիկ մի աղջիկ՝ ցայտուն լանջով, ոսկեգույն ծամերով և հագած միայն շրջազգեստ, ճերմակ քաթանե սեղմ բաճկոն և սև քաթանով երիզված կրծկալ։
 
Շապիկներ և կանացի այլ սպիտակեղեն էր չորանում պարանների վրա։ Աղջիկը, շարունակ դառնալով դեպի Ուլենշպիգելը, պարանի վրայից հանում էր դարսված սպիտակեղենի վրա և ճոճվում պարանի վրա։
 
Մոտակայքից Ուլենշպիգելը լսեց աքաղաղի կանչ և տեսավ մի ստնտու, որ խաղում էր մի երեխայի հետ և նրա դեմքը դարձնելով այնտեղ կանգնած մի տղամարդու՝ ասում էր․
 
― Բոոլկի՛ն, ճիկ արա պապային։
 
Երեխան լաց էր լինում։
 
Իսկ սիրունիկ աղջիկը շարունակում էր զբոսնել այգում՝ հանելով ու դնելով սպիտակեղենը։
 
― Այդ աղջիկը լրտես է, ― ասաց Լամմեն։
 
Աղջիկը ձեռքերը դնում էր աչքերին և մատների արանքից ժպտալով նայում էր Ուլնեշպիգելին։
 
Ապա ձեռքերով բարձրացնում էր զույգ ստինքները, նորից ցած թողնում և դարձյալ ճոճվում՝ առանց ոտքերը գետնին դիպցնելու։ Եվ սպիտակեղենի շուրջը հոլի պես պտտվում էր, իսկ Ուլենշպիգելը տեսնում էր նրա սպիտակ ու կլորիկ մերկ բազուկները մինչև ուսերը բաց՝ դալուկ արևի տակ։ Աղջիկը պտտվում էր, ժպտում ու շարունակ նայում նրան։ Նա դուրս եկավ գնալու աղջկա մոտ։ Լամմեն հետևեց նրան։ Այգու փշացանկապատի մոտ Ուլենշպիգելը բացվածք որոնեց անցնելու համար, բայց չգտավ։
 
Աղջիկն այդ վարմունքը տեսնելով՝ նորից ժպտագին նայեց իր մատների արանքից։
 
Ուլենշպիգելը ճգնում էր փշացանկապատից անցնել, մինչդեռ Լամմեն պահելով նրան ասում էր․
 
― Մի՛ գնա, լրտես է նա․ մեզ ողջ֊ողջ կայրեն։
 
Հետո աղջիկը շարունակեց զբոսնել պարտեզում՝ դեմքը ծածկելով գոգնոցով և ծակերի միջից նայելով, որպեսզի տեսնի, թե պատահական բարեկամը շո՞ւտ է գալու։
 
Ուլենշպիգելը քիչ էր մնացել թափով ցատկեր ցանկապատի վրայից, երբ Լամմեն կասեցրեց նրան՝ ոտքը բռնելով ցած գցեց ու ասաց․
 
― Թուր, պարան ու կախաղան․ լրտես է դա․ մի՛ գնա այնտեղ։
 
Նստած գետնին՝ Ուլենշպիգելը պայքարում էր նրա հետ։ Աղջիկը ցանկապատի վրայից գոչեց․
 
― Մնաք բարո՜վ, պարո՛ն, Ամուրը պահապան ձեր տոկունության։
 
Եվ լսեց նրա ծաղրական քրքիջը։
 
― Օ՜, ― ասաց նա, ― ասես մի խուրձ գնդասեղ խփեցին ականջիս։
 
Ապա դղրդոցով փակվեց մի դուռ։
 
Եվ Ուլենշպիգելը տխրեց։
 
Լամմեն, որ շարունակում էր նրան բռնել, ասաց․
 
― Դու մտքումդ թվարկում ես նրա գեղեցկության անուշիկ գանձերը, որ կորցրիր այսպես, համոթ քեզ։ Բայց դա լրտես է։ Դու քո բարեբախտությունից ընկար։ Ծիծաղելուց վախենամ տրաքվեմ։
 
Ուլենշպիգելը ձայն չհանեց, և երկուսով հեծան իրենց էշերն ու գնացին։
===XX===
Ադմին, Վստահելի
1876
edits