Changes
Իսկ եթե մեկն ու մեկը դեռ կասկածում է, թե այս արգոյապատիվ բանդիտներն ազգային ու միջազգային արտադրությունը շահագործում են լոկ ի շահ արտադրության ու բուն իսկ շահագործվողների, ապա նրա աչքերն անշուշտ կբացվեն բանկիրների բարձր բարոյական արժանիքներին վերաբերող հետևյալ էքսկուրսի միջոցով. «Բանկային հիմնարկները կրոնական ու բարոյական հաստատություններ են։ Ո՜րքան հաճախ է պատահել, որ իր բանկիրի արթուն ու պախարակող հայացքից նկատվելու վախը երիտասարդ առևտրականին ետ է պահել աղմկող ու շվայտ ընկերների հասարակությունից։ Ի՜նչպիսի ահուդողի մեջ է նա՝ բանկիրի աչքում լավ համարում ունենալու, միշտ պատվարժան երևալու համար։ Բանկիրի ճակատի կնճիռներն ավելի շատ ազդեցություն են ունենում նրա վրա, քան իր բարեկամների բարոյական քարոզները. նա դողում է կասկածանքի չենթարկվելու որևէ խաբեության կամ ամենափոքր անճիշտ արտահայտության մեջ մեղադրվելու համար՝ վախենալով, թե այս կարող է կասկած հարուցել և սրա հետևանքով նրա բանկային վարկը կարող է սահմանափակվե՜լ կամ դադարեցվե՜լ։ Բանկիրի խորհուրդը նրա համար ավելի կարևոր է, քան հոգեվորականինը»։ (Գ. Մ. Բելլ, շոտլանդական բանկի կառավավարչ. «The Philosophy of Joint Stock Bankings, London 1840, էջ 46, 47)։
===ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ Currency Principle [ՓՈՂԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ] ԵՎ 1844 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ===
{Նախկին աշխատություններից մեկում<ref>K. Marx «Zur Kritik der politischen Oekonomie», Berlin 1859, S. 150 ff. [Կարլ Մարքս «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը», Հայպետհրատ, Երևան, 1948, էջ 205—215]։</ref> արդեն հետազոտել ենք Ռիկարդոյի թեորիան փողի արժեքի մասին՝ ապրանքների գների հարաբերակցությամբ. ուստի մենք այստեղ կարող ենք ամենից անհրաժեշտով սահմանափակվել։ Ռիկարդոյի ասելով, փողի — մետաղե փողի — արժեքը որոշվում է նրա մեջ առարկայացած աշխատանքի ժամանակով, սակայն այս դրույթը նա ճիշտ է համարում այնքան ժամանակ միայն, քանի դեռ փողի քանակը ճիշտ հարաբերություն ունի շրջանառող ապրանքների քանակի ու գնի նկատմամբ։ Եթե փողի քանակը գերազանցում է այս հարաբերությունից, ապա նրա արժեքն ընկնում է, ապրանքագները բարձրացնում են. եթե փողի քանակն ընկնում է այս ճիշտ հարաբերությունից ցած, ապա նրա արժեքը բարձրանում է, իսկ ապրանքագներն ընկնում են — այլ անփոփոխ հանգամանքներում։ Առաջին դեպքում այն երկիրը, որտեղ գոյացել է ոսկու այս ավելցուկը, կարտահանի իր արժեքից ցած իջած ոսկին և ապրանքներ կներմուծի. երկրորդ դեպքում ոսկին կհոսի դեպի այն երկրները, որտեղ նա իր արժեքից բարձր է գնահատվում, մինչդեռ արժեքից ցած գնահատված ապրանքներն այնտեղից հոսում են մյուս շուկաները, որտեղ նրանք կարող են նորմալ գներով վաճառվել։ Որովհետև այս նախադրյալների դեպքում «ոսկին ինքը, լինի սա որպես դրամ, թե որպես ձույլ, կարող է դառնալ իր սեփական արժեքից ավելի մեծ կամ թե ավելի փոքր մետաղարժեքի արժեքանիշ, ապա ինքնին հասկանալի է, որ շրջանառող փոխարկելի բանկնոտները միևնույն բախտին են ենթարկվում։ Թեև բանկնոտները փոխարկելի են, հետևաբար նրանց իրական արժեքը համապատասխանում է իրենց անվանական արժեքին, այնուամենայնիվ շրջանառող փողի ամբողջ մասսան,— ոսկին ու բանկնոտները,— (the aggregate currency consisting of metal and of convertible notes) կարող է ավելի բարձր կամ ավելի ցած գին ստանալ, նայած թե նրա ամբողջ քանակը, արդեն շարադրված պատճառներով, բարձրանում է այն մակարդակից վեր կամ ընկնում է ցած այն մակարդակից, որը որոշվում է շրջանառող ապրանքների փոխանակային արժեքով ու ոսկու, որպես մետաղի, արժեքով... Այս գնազրկումը վերաբերում է ոչ թե թղթին ոսկու հանդեպ, այլ ոսկուն ու թղթին միասին վերցրած, այսինքն տվյալ երկրի շրջանառության միջոցների ամբողջ մասսայի գնազրկումը Ռիկարդոյի գլխավոր գյուտերից մեկն է, որ լորդ Օվերստոնն ու ընկ.-ն իրենց նպատակների համար օգտագործեցին և 1844 ու 1845 թվականներին սըր Ռոբերտ Պիլի բանկային օրենսդրության հիմնական սկզբունքը դարձրին» (ն. տ., էջ 155)։